Իսրայելա-ամերիկյան ուժերն արդեն մեկ շաբաթ է՝ սաստիկ ռմբակոծում են Իրանի պետական, ռազմական և անվտանգային ինստիտուտներն ու ենթակառուցվածքները. նպատակը Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ-ի) ծնկի բերելն է։ Նրանք հարձակման հենց առաջին օրը սպանեցին նաև ԻԻՀ-ի առաջնորդ Խամենեիին և մի շարք բարձրաստիճան զինվորականների։ ԱՄՆ-ն ու Իսրայելն ամիսներ էր, որ պատրաստվում էին այս հարձակման համար։ Մինչ Իսրայելը հայտարարում է, որ շարունակում է հունիս 2025-ի իր կիսատ թողած գործը, Վաշինգտոնն այն կարծիքին է, որ Թեհրանը կորցրեց բանակցությունների վերջին առիթը, չընդունեց ԱՄՆ-ի առաջարկները և դարձյալ փորձեց ժամանակ շահել։
ԱՄՆ-ի Հանրապետական նախագահ Թրամփը տարիներ է, որ քննադատում է դեմոկրատ նախագահ Օբամային այն բանի համար, որ նա 2015 թ. «վատ» համաձայնագիր է կնքել Իրանի հետ։ Թրամփի կարծիքով Օբաման քիչ ժամկետ էր նշանակել Իրանի միջուկային ծրագրերի վերսկսման համար և չէր ներառել հրթիռաշինության սահմանափակումները։ Թրամփը ևս չկարողացավ հասնել իր այդ նպատակին և դիմեց ուժի գործադրման լեզվին։
Նա փորձեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) դրական կարծիքը շահել և իր նախաձեռնած պատժիչ գործողությունների համար միջազգային տանիք ապահովել, բայց հաջողություն չունեցավ. դրանից հետո Իսրայելի հետ միասին սկսեց ռազմական ինքնուրույն գործողությունները։ Իսրայելը և ԱՄՆ-ն առերևույթ հայտարարում են, որ Իրանում իշխանափոխությունն իրենց գործը չէ և պայմաններ են ստեղծում, որ ժողովուրդն ինքը իշխանությունը վերցնի։ Այդ նպատակին հասնելու համար նրանք ԻԻՀ-ի ռազմական հնարավորությունները նվազագույնի հասցնելուն զուգահեռ, հարվածում են երկրի իրավապահ համակարգը` ոստիկանության բաժինները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնները, զենք֊զինամթերքի պահեստները, քննչական ու դատական մարմինների շենքերը, որպեսզի չեզոքացնեն հավանական նոր ցույցերի ճնշման լծակները։ Նախահարձակ տանդեմը հայտարարել է, որ ցամաքային զորք իջեցնելու նպատակ չունի և օդային հարվածներով ոչնչացնում է ԻԻՀ-ի հակաօդային պաշտպանության համակարգը, միջուկային օբյեկտները, հրթիռարձակման կայանքները, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) պահեստները, օդուժի, ծովուժի և ցամաքային ուժերի բազաները, կապի միջոցները։
ԱՄՆ նախագահ Թրամփն այս ընթացքում քանի անգամ արտահայտվել է Իրանի հաջորդ ղեկավարության մասին. նա, ակնարկելով Վենեսուելայի օրինակը, նախընտրել է գործող վարչակարգի միջից մեկին տեսնել որպես երկրի ապագա ղեկավար։ Փորձագետները հաճախ հիշատակում են «բարեփոխական» անունը կրող գործիչների, որոնք կարող են Արևմուտքի համար ընդունելի լինել. դրանք են երբեմնի նախագահներ Ռոհանին և Խաթամին, Լարիջանի եղբայրները, տնային կալանքի տակ գտնվող երբեմնի վարչապետ Մուսավին և գործող նախագահ Փեզեշքյանը։ Անհայտ է մնում երկրի երրորդ առաջնորդի ընտրության հարցը (Խոմեյնիից և Խամենեիից հետո)։ Արդյո՞ք Իրանը կգնա դեպի առաջնորդական խորհրդի այլընտրանքային տարբերակին, թե որպես առաջնորդ դարձյալ մեկ անձի կընտրի. հիշեցնեմ, որ առաջնորդը ճանաչված և բարձրաստիճան հոգևորական պետք է լինի։ Այստեղ քննարկվում են սպանված առաջնորդի որդի` Մոջթաբայի, երկիրը կառավարող ժամանակավոր խորհրդի անդամ Էռաֆիի, երբեմնի նախագահ Ռոհանիի, դատական ատյանի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի եղբայր` Սադեղ Լարիջանիի, Դատական ատյանի ներկայիս նախագահ և առաջնորդության ժամանակավոր խորհրդի անդամ Էժեիի և Նուրի Համադանիի անունները։
Կարդացեք նաև
Իսլամական Հանրապետության համակարգից մինչ այժմ միայն երբեմնի վարչապետ Մուսավին է խոսել հիմնարար փոփոխությունների, Սահմանադիր ժողով ընտրելու, երկրի ապագա վարչակարգի համար հանրաքվե անելու և նոր Սահմանադրություն մշակելու անհրաժեշտության մասին. մյուսները բոլորն էլ իրենց հավատարմությունն են հայտնում ԻԻՀ-ի ներկա դրվածքին և հիմնադիր առաջնորդ Խոմեյնիի գծած ուղուն։ Սահմանադիր ժողովի և նոր Սահմանադրության մասին շեշտում են նաև ընդդիմադիր արքայազն Ռեզա Փահլավին և էթնիկ խմբավորումներին ներկայացնող քուրդ, ազերի, արաբ և բալուչ գործիչները։
Վերլուծաբանների կարծիքով իրանցիների մեծամասնությունն այլևս հոգնել է կրոնապետությունից և նախընտրում է աշխարհիկ պետություն։ Նրանց այլևս չի հետաքրքրում իսլամ հոգևորականների «ծայրահեղական»-ի ու «բարեփոխական»-ի պատմուճանի տակ թաքնվածների խաղերը. ժողովրդի մեծամասնությունը իշխանափոխություն է ցանկանում։ Իրանցիների մի հսկա զանգվածների երկարամյա պայքարը միշտ էլ դաժան կերպով ճնշվել է իշխանությունների կողմից. նրանք հույս ունեն՝ այս անգամ կհաջողեն ոտքի կանգնել և հեղափոխության ճամփով հասնել իշխանափոխության։
Իսրայելի և ԱՄՆ-ի մշակած ծրագրի համաձայն առաջիկա շաբաթների ընթացքում պետք է ամբողջապես ծունկի գա ԻԻՀ-ի իրավապահ համակարգը, որպեսզի իշխանություններին ընդդիմացող զանգվածները այլևս առանց սպանվելու վախի փողոց դուրս գան և, գրավելով պետական շենքերը, իշխանափոխություն կատարեն։ Իմ կարծիքով դիմակայությունը շատ կատաղի և արյունալի կլինի և կրոնական գաղափարախոսության վրա հիմնված պետության համակիրները մինչև վերջին փամփուշտ և ատամներով կփորձեն պահել իշխանությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը այս ահռելի ճնշումը դիմակայելու բավարար հնարավորություն չունի և ուշ կամ շուտ հանձնվելու է։ Նոր Իրանը պետք է լինի աշխարհիկ պետություն և երաշխավորի մարդու հիմնարար իրավունքները, սեռային հավասարությունը, ազգային և կրոնական ազատությունները։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ


















































