Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ջղայնացի, Փաշինյան ջան, հանգիստ»․․․ «Մի քիչ ամոթ պետք է ունենալ, գնացե՛ք Դուբայի իմ տները քննարկեք»․ վարչապետը վեճի բռնվեց ձորակապցիների հետ

Մարտ 07,2026 16:51 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի ներկայացուցիչների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, բոլոր նախարարների, մի քանի պատգամավորների հետ շարունակում է իր շրջայցը Հայաստանի տարբեր տեղանքներ։ Նա, այսպես ասած, «իրական Հայաստանի» քարտեզով կրծքանշաններ է բաժանում քաղաքացիներին։ Մարալիկ ոտք դնելուն պես՝  նման մի կրծքանշան փակցրեց դպրոցահասակ մի տղայի հագուստին։
Այստեղ նրան մոտեցան ձորակապցիները՝ հորդորելով գյուղում մանկապարտեզ կառուցել։

«Փաշինյան ջան, ցավդ տանիմ, ինչքան եկար ստեղ, ես քեզ էդ հարցով պտի մոտենամ»,-ասաց տարեց մի տղամարդ։

«Ասա, եղբայր, բա դրա համար ենք գալիս, ինչի՞ համար ենք գալիս, ո՞ր հարցով է»,-հետաքրքրվեց վարչապետը։

«Մանկապարտեզի հարցով, Փաշինյան ջան, վարչապետ ջան»,-շարունակեց տղամարդը։

«Բա չենք սարքո՞ւմ»,-հարցրեց Փաշինյանը։

«Չէ, ամենաշատ  Ձորակապ գյուղն է տանջվել», -հիշեցրեց ձորակապցին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 500 մանկապարտեզի ծրագիրը որ իրագործում են, նրա համար է, որ ոչ մի երեխա դուրս չմնա, սակայն չեն կարող միանգամից կառուցել։

Մեկ այլ ձորակապցի հիշեցրեց, որ իրենց գյուղը «հերոս» գյուղ է եղել, Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրն է։

«Շատ լավ եմ հիշում, ամենայն հարգանքով, բայց ես տարբերակում չեմ դնում»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

«Մարտի մեկին ծեծվանք, մարտի 1-ի գործը ուրա՞, հլը տեսնիմ,  ոչ մեկի ականջը բռնած չէ, չկա, անցավ»,- ասաց ձորակապցի տղամարդը։

«Ո՞ւր անցավ, ի՞նչ ես ասում», -վրդովվեց Նիկոլ Փաշինյանը։

«Բա ո՞ւր է, մեկին զարկում են, տանում, նստեցնում են, լիքը մարդկանց սպանեցին, նստող չկա», -հակադարձեց ձորակապցին։

«Եղբայր, ով որ մարդասպան է, կդատվի»,- շարունակեց վարչապետը։

«Ե՞րբ»-հացրեց տղամարդը։

«Դատավարությունները գնում են, չեք տեսնո՞ւմ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ 150 տեղանոց մանկապարտեզ կառուցվում է Մարալիկում, շինարարությունը կավարտվի այս տարի՝ 2026 թվականին։

Սա լսելով՝ Նիկոլ Փաշինյանը կանչեց ձորակապցիներին, թե մանկապարտեզը սարքում են, որին ի պատասխան տղամարդկանցից մեկը հարցրեց․ «Մի րոպե, մի հարց տամ էլի, էրեխին գրկած, ինչղ բերեմ, հասցնեմ Մարալիկ»։

Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Էդ երեք կիլոմետրը որ չեք ասում, Երևանում էդ  կիլոմետրը չենք գնո՞ւմ, ավտո չունե՞ք»»

«Չի աշխատում»,-արձագանքեց ձորակապցին։

Նրանք նեղվեցին, թե լիքը երեխաներ են հերթագրված Ձորակապում, իսկ իրենց համայնքում նախատեսված չէ մանկապարտեզ կառուցել։

«Հլը մի րոպե, եղբայր, մի րոպե, մանկապարտեզը որտեղ էլ սարքենք, ինչ-որ մեկից 3 կիլոմետր  հեռու է լինելու, մենք չենք կարա ընենց սարքենք, որ բոլորի հայաթում լինի։ Բոլորդ ուզում եք ձեր հայաթում լինի»,-զայրացավ Փաշինյանը։

Ձորակապցիները ընդհատում էին նրան։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում էր, որ շատ մանկապարտեզներ են կառուցել, ասում էին՝ նախանձից մեռնում ենք։

«Ես ձեզ պատասխանատու ձևով ասում եմ, որտեղ մանկապարտեզ չկա, կլինի մանկապարտեզ, որտեղ ավտո չկա, կլինի տրանսպորտ»,-հավաստիացրեց վարչապետը։

Նա նաև ասաց, որ իր 4 երեխաներին 6 կիլոմետր հեռավորության վրա է դպրոց տարել ու բերել։

Ձորակապցիները հիշեցրեցին, որ 1300 բնակիչ ունեցող համայնք է Ձորակապը, փոքր չէ։

Նիկոլ Փաշինյանը զրույցի վերջում դարձավ նույնքան բռնկուն, որքան բողոքող ձորակապցիները։

Եվ երբ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից ճշտեց, որ կառավարությունը  600 միլիոն է հատկացրել Մարալիկի մանկապարտեզի կառուցման համար, հունից դուրս եկավ՝ ասելով․ «600 միլիոն դրամ հատկացրել ենք, վատ ենք արել, ուրախ չեք, չի զգացվում, որ ուրախ եք։ Ճիշտը գիտեք որն է, 30 տարի ոչ սարքել են, ոչ մի բան էլ չեն արել։ Ճիշտ են արել, մեր էշը խելքը, որ բերել ենք․․․ Գաք, ասեք՝մանկապարտեզ չկա, համայնքի  ղեկավարը գալիս, ասում է՝ 600 միլիոն սարքում ենք»։

«Մի ջղայնացի, Փաշինյան ջան, հանգիստ»-նրան հորդորեց ձորակապցիներից մեկը։

«Չեմ ջղայնանում, թող, հլը մի րոպե, առավոտից իրիկուն բամբասանք է, գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, Փարիզում տուն ունեմ, Իտալիայում տուն տունեմ, միլիարդներ ունեմ, դուք էդ ամեն ինչը գիտեք, չգիտե՞ք, որ ձեր բակում մրցույթ է արված, շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտեզ է սարքվում, էդ ոնց ա, որ գիտեք ես Դուբայում տուն ունեմ։ Լավ ամոթ ա, մի քիչ ամոթ ա պետք ունենալ»,- նախատեց Փաշինյանը ու հեռացավ։

«Մենք ամոթով մարդիկ ենք, Փաշինյան ջան»,- արձագանքեցին ձորակապցիները։

«Ամոթով մարդիկ եք․․․»,-զայրացած արձագանքեց Փաշինյանը՝ շարունակելով ․ «Էղավ, գնացեք Դուբայում իմ տները քննարկեք»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031