Ընդդիմադիր քաղաք համարվող Գյումրիում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին բավականին ջերմ․ երիտասարդ թե ծեր լուսանկարվում էին նրա հետ, նույնիսկ մանկահասակ երեխաներին գրկած կանայք կանգնեցնում էին, գրկախառնվում, շնորհակալություն հայտնում, որ Հայաստանը նման ղեկավար երբևէ չի ունեցել։ Ընդ որում` կային մարդիկ, որոնք հանդես էին գալիս ողջ Գյումրու անունից՝ իրենց երախտապարտ լինելը հայտնելով վարչապետին։ Նույնիսկ երեխաներն էին բացականչում, որ շատ են սիրում նրան։ Կային տարեց կանայք, որոնք սրտիկներ էին հանում՝ տեսնելով Նիկոլ Փաշինյանին։
Թե որքանով են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման շոուն տեսած այս քաղաքի բնակիչները համակրում վարչապետին՝ իրական պատկերը կերևա հունիսի 7-ին՝ Աժ ընտրությունների արդյունքներով։
Համենայնդեպս այսօրվա վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում սիրո, գրկախառնության, մեծարանքի, կարելի է ասել՝ երբեմն աստվածացման տեսարաններ էին։
Տարեց կանանց մի խումբ Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող սրճարանից դուրս եկող վարչապետին ձեռքով սրտիկներ ցույց տվեց՝ բացականչելով․ «Մարդիկ կույր պետք է լինեն, որ չնկատեն, թե ինչ եք անում հանուն Հայաստանի Հանրապետության»։ Մի տարեց տղամարդ էլ իր խորին շնորհակալությունը հայտնեց, թե «Էս քոռ աչքս արդեն 80 տոկոս կտեսնի»։
Կարդացեք նաև
«Առողջության ապահովագրումո՞վ եք վիրահատվել»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
«Այո, ձեր ցավը տանիմ, հեչ մի ղեկավար մեզի էսպես լավ չէր նայել, ֆեսբուքի մեջ մի լավ բան կգցեմ, անուն, ազգանունս Գևորգյան Սամվել է»,- ասաց տղամարդը։
«Էնքան բան գցող կա, դուք առողջ եղեք, մեր հաղթանակը ձեզանից է կախված, գնաք, քվեարկեք»,-պատասխանեց վարչապետը։
«Անպայման պետք է գնամ, քվեարկեմ»,-շարունակեց տղամարդը։
Այնուհետ մի այլ տարեց տղամարդ մոտեցավ ու ձեռքով բարևեց․ «Էս էլ երկրորդ անգամ, մեկ էլ առաջին քայլելուց էի բարևել քեզի»։
«2018 թվականի՞ն»,- հարցրեց վարչապետը՝ բացականչելով․ «Ուրեմն քո բարևը հաջող է»։
Եվ երբ Նիկոլ Փաշինյանը «իրական Հայաստանի» քարտեզով կրծքանշանը իր ձեռքով փակցնում էր տղամարդու շորին, նա հպարտորեն ասաց․ «Վայ մեռնիմ քեզի, թագավոր ջան»։
Մի կին էլ ցանկացավ լուսանկարվել Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց, որ Մոսկվայից է հատուկ եկել։
«Եկե՞լ ես մեզ դեմ քվեարկե՞ս», -հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։
«Չէ, ձեր համար», -պատասխանեց կինը։
Փաշինյանը շարունակեց․ «Ասում են՝ Ռուսաստանից բերելու են մարդկանց․․․ ես ասում եմ՝ թող բերեն, որովհետև ընդեղ մեր հարցումներով՝ 84 տոկոսը քվեարկելու է մեր օգտին, լուրջ եմ ասում, չմտածեք կատակ եմ անում»։
Կինը, սակայն, չգիտեր՝ ընտրությունների ժամանակ Հայաստանում է լինելու, թե ոչ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































