Արթիկ կատարած շրջայցի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը «իրական Հայաստանի» քարտեզ-կրծքանշաններ էր բաժանում քաղաքացիներին, մոտեցավ մի երիտասարդ ու դժգոհեց էկոնոմիկայի նախարարությունից։ Նա ասաց, որ ինքն Ազատանից է, իր գրություններին կամ չեն պատասխանում, կամ թերի են պատասխանում։
Ըստ նրա` էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես չի աշխատում։ «Էկոնոմիկայի նախարարն ո՞ւր է, էստեղ արի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` Գևորգ Պապոյանին կանչելով իր մոտ։ Քաղաքացին պարզաբանեց, որ իր բողոքը կապված է 2025 թվականին Շիրակի մարզում անասունների շրջանում տարածված համաճարակի հետ։ Նիկոլ Փաշինյանը նեղսրտեց, թե խնդիրը շատ բարդ է բացատրում, ուզում է հասկանալ, բայց չի հասկանում։ Ազատան գյուղի բնակիչը շարունակեց, որ թույլ չի տվել իր անասուններին պատվաստելու, կեղծ գրանցում են կատարել իր անունից, և որ ինքը 4-5 միլիոն դրամի վնաս է կրել։ Նա նորից կրկնեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անգործության է մատնված։ «Դե թույլ չեք տվել պատվաստելու, կենդանիները սատկել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հեռացավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































