Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա ապրում եմ իմ զավակի առաջին բացիկով, առաջին շարադրությունով, որտեղ ինքը մամայի մասին է գրել, իր փոքրիկ, մեծ նվերներով, այդ հիշողություններով, որը չգիտեմ՝ ավելի շատ տանջո՞ւմ է, թե՞ օգնում ». անհետ կորած զինվորի ծնող

Մարտ 09,2026 00:18 Share

Արցախյան պատերազմներում անհետ կորած զինծառայողների, 2023 թվականին Արցախի օկուպացիայի ժամանակ գերեվարվածների մայրերը, քույրերը, կանայք եւ հարազատներն այսօր՝ կանանց իրավունքների պաշտպանության օրը, բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի առջեւ։ Նրանք իրենց որդիներից, ամուսիններից ու եղբայրներից տարիներ ի վեր ոչ մի տեղեկություն չունեն։

«Սպասումը բառերով նկարագրել հնարավոր չէ։ Դա մի անորոշություն, ցավ է, որը սպանում է մարդուն։ Մենք գիշեր-ցերեկ ապրում ենք այդ սպասման ցավով։ Բոլոր պատկան մարմինները, ինչպես տեսնում ենք, ոչինչ չեն անում մեր երեխաների ճակատագրերի բացահայտման համար։ Փոխարենը՝ ուզում են կոծկել, ուզում են փակել քննիչ հանձնաժողովը։ Գաղտնիություն են պահում։ Ումի՞ց են գաղտնիությունը պահում։ Սպասող ծնողի՞ց, մորի՞ց, քրոջի՞ց, կնոջի՞ց։ Եթե կա գաղտնիություն երկրի պաշտպանության համար, դա ոչինչ։ Բայց երբ որ կա անհատական վերաբերմունք՝ իմ, մյուսի երեխայի, դրա իրավունքը չունեն։ Եթե պետությունը երեխաներին տարել է ընդամենը ծառայության, բայց պատերազմում կորցրել է, պարտավոր է պատասխան տալ այդ կորցրած երեխաների համար։ Թող բացահայտի մեր երեխաների ճակատագիրը։ Մենք վստահ ենք, որ մեր երեխաները ողջ են, կան ու ապրում են ադրբեջանական բանտերում։ Թող պայքարեն, դիվանագիտորեն ճիշտ բանակցություններ վարեն, բացահայտեն մեր երեխաների ճակատագրերը, հաստատեն նրանց գերությունը ու վերադարձնեն տուն։ Բոլոր մայրերը սպասում են իրենց զավակներին, մայրական զգացմունքը չի խաբում։

Այսօր կանանց տոնն Է։ Մինչեւ պատերազմը մեր տանն էլ է եղել ուրախություն։ Մենք էլ ենք ստացել նվերներ, ծաղիկներ, ժպիտներ, տոնական սեղաններ։ Բայց արդեն վեց տարի մենք չենք ապրում։ Մեզ ցավեցնում են այս տոները, լինի մարտի 8, Ամանոր, թե ծննդյան օր։ Թե ուրիշների համար դա ուրախություն է, մեզ համար ցավ ու տառապանք է»,-ասում են մայրերը։

«Իմ որդին ինձ վերջին նվեր տվել է այս շղթան՝ մայրը գրկել է իր տղային, հետն էլ բանալի։ Ու ասաց. «Մամ ջան, սա իմ ու քո սրտի բանալին է»։ Սա ուրիշի համար կարող է ուղղակի զարդ լինել՝ ինձ համար ինքն անգին է։ Մենք հիմա ապրում ենք հիշողություններով։ Ես հիմա ապրում եմ իմ զավակի առաջին բացիկով, առաջին շարադրությունով, որտեղ ինքը մամայի մասին է գրել, իր փոքրիկ, մեծ նվերներով, այդ հիշողություններով, որը չգիտեմ՝ ավելի շատ տանջո՞ւմ է, թե՞ օգնում։

Պահանջում ենք պատկան մարմիններից՝ թող իրենց փափուկ աթոռներից վեր կենան, այս ամեն ինչին խղճով մոտենան, պարտավորվածություն վերցնեն իրենց վրա ու բացահայտեն արդարությունը, բացահայտեն ճշմարտությունը։ Անընդհատ խոսվում է դավաճանությունից։ Եթե քննիչ հանձնաժողովը առանց դավաճաններին բացահայտելու, առանց դավաճաններին պատժելու փակում են, ի՞նչ է դա նշանակում։ Սատարում են դավաճանների՞ն, թե դավաճանները սնվել են իրենց բյուջեներից ու իրենց մարդիկ են։ Թող այդ հարցերին պատասխանեն։ Իսկ եթե կասեն նախկին, ներկա, մենք թքած ունենք նախկինի վրա էլ, ներկայի վրա էլ, այն ապագան, որ պիտի գա ու չբացահայտի մեր երեխաներին, դրա վրա էլ։

Մեզ պետք են մեր զավակները։ Իրենք իրենց արշավներն են անում ինչ են անում, իրենց մուրն՝ իրենց գլուխը։ Մենք մեր երեխեքին ենք ուզում։ Էն, որ իրենք ամեն ինչի համար ժամանակ ունեն, թող մեր երեխեքի ճակատագրերի բացահայտման համար էլ ժամանակ տրամադրեն։ Վեց տարի հնարավո՞ր է սպասել տառապել։ Դա հնարավոր չէ բառերով ասել։ Մեր ցավն ու տառապանքը հայտնի է միայն բարձին, մեկ էլ Աստծուն։ Բոլորը պառկում են քնելու։ Հե՞շտ է, որ դու չոքում ես քո երեխու մահճակալի կողքը ու խնդրում Աստծուն, որ նորից էդ անկողինը բացվի ու քո երեխեն նորից մեջը քնի։ Մենք չենք ապրում, մեզ էլ հաճելի չի այստեղ կանգնել այս ցրտին՝ մեկը լավ է նայում, մեկը վատ է նայում։ Մենք էլ ենք ուզում ապրել։ Գողացել եք մեր երջանկությունը, գողացել եք մեր տոները։ Վերադարձրեք մեր զավակներին։ Պահանջում ենք»,- ասաց ծնողներից մեկը։

Մի ուրիշ ծնող էլ լրացրեց. «Բոլոր ծաղիկները, բոլոր նվերները՝ ձեզ։ Մեզ մեր երեխաներին, ամուսիններին ու եղբայրներին վերադարձրեք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031