Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորաբար շատ են կարդում այն գրքերը, որոնք պարզունակ են, մակերեսային, չեն ստիպում խորհել կարդացածի շուրջ». Կարեն Մանուչարյան

Մարտ 09,2026 13:01 Share

Aravot.am-ի հարցազրույցը բանասիրական գիտությունների թեկնածու, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս, Լոռու մարզային գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Կարեն Մանուչարյանի հետ

– Հաճախ է քննարկվում այն հարցը, թե արդյոք մեր օրերում ընթերցանությունը շարունակո՞ւմ է պահպանել իր դերը: Դուք՝ իբրև գրադարանի աշխատակից, ի՞նչ կասեք այդ մասին: Տեխնիկական առաջընթացն արդյոք չի՞ սահմանափակել ընթերցանության դերը:

Անշուշտ, ժամանակակից հասարակությունը որոշ փոփոխություններ է պարտադրում երիտասարդների հետաքրքրությունների ոլորտում: Թվում է՝ այս «էկրանային» հասարակության մեջ գիրքը պետք է նվազեցնի իր դերը, բայց վստահեցնում եմ, որ այդպես չէ: Գրադարանները հագեցած են ընթերցողներով: Երիտասարդությունը շատ է կարդում նաև մեր օրերում: Բայց կա հարցի երկրորդ կողմը. ի՞նչ է կարդում երիտասարդությունը: Եթե փորձենք խորությամբ վերլուծել այս հարցը, ընդհանուր պատկերը կարող է հիասթափեցնող լինել:

– Դա քննարկվող երևույթի առանցքային կետն է: Այսպես՝ վերջին տարիներին հաճախ է աղմուկ բարձրանում այս կամ այն գրքի շուրջ: Երիտասարդությունը սկսում է ձեռքից ձեռք խլել այդ գիրքը: Այն գրեթե չի մնում գրադարաններում: Բայց արդյոք լայն ընթերցողին ժամանակ առ ժամանակ ցնցող գրքերն իրապես գեղարվեստական բարձր արժե՞ք են ներկայացնում:

Կարող է տարօրինակ թվալ, բայց, ըստ իս, գրքի՝շատ ընթերցված լինելու հանգամանքը բնավ չի խոսում գեղարվեստական բարձր արժեքի մասին: Սովորաբար շատ են կարդում այն գրքերը, որոնք պարզունակ են, մակերեսային, չեն ստիպում խորհել կարդացածի շուրջ: Ավելի շատ ձևային-մակերեսային «գունազարդումներ», քան լուրջ գաղափարական ուղերձներ: Դրանք ոչ թե գրականություն են բառիս իսկական իմաստով, այլ «ընթերցելիքներ», որոնք լավագույն դեպքում ապահովում են ժամանց: Այդպիսի գրքերը սովորաբար հրատարակվում են շքեղ կազմերով, օրուգիշեր գովազդվում են սոցցանցային տիրույթում, գերհագեցած դահլիճներով շնորհանդեսներ են կազմակերպվում: Եվ այդ գրքերի հեղինակներին մխիթարում է այն հանգամանքը, որ իրենք շատ են ընթերցվում: Երբ փորձում ես լուրջ մասնագիտական քննադատության ենթարկել, պատճառաբանում են, թե պահանջարկն է ստիպում «արտադրել» այդպիսի «գրականություն»: Սա չափազանց գռեհիկ ձևակերպում է: «Պահանջարկ-առաջարկի» սկզբունքը կարելի է կիրառել կեցության բոլոր ոլորտներում՝ բացի արվեստից: Արվեստի ստեղծագործությունը, այդ թվում՝ գեղարվեստական գրականությունն ապրանք չէ, և դրա արժևորումը բնավ չպիտի կապել մեծաքանակ ընթերցողների կամ բազմամարդ շնորհանդեսների հետ: Գեղարվեստական գրականությունն արժևորվում է ա՛յլ չափանիշներով:

– Ձեր խոսքերից կարո՞ղ ենք ենթադրել, որ ժամանակակից ընթերցողի ճաշակն անկում է ապրել, և նա անընդունակ է արժևորելու իրապես բարձր գրականությունը:

Չէի ուզի շատ կոպիտ ձևակերպումներ կիրառել, բայց ժամանակակից հասարակության մեծամասնությունը փնտրում է ոչ թե արժեքներ, այլ ժամանց: Առաջնորդվում է մոդայով, իսկ արվեստը մոդա չէ: Այս պայմաններում կարող եմ պնդել, որ իրապես բարձր գրականությունը հասու է քչերին:

– Կարծում եմ՝ փոքր-ինչ սնոբիստական մոտեցում է: Իսկ ի՞նչ անել, որ հասարակության ճաշակը կրթվի: Որտե՞ղ պետք է կրթել այդ ճաշակը. դպրոցու՞մ, բուհերու՞մ, գրադարաններու՞մ…

Գեղարվեստական ճաշակի կրթումը ժամանակակից մտավորականների առաջնային առաքելություններից մեկը պիտի դառնա: «Ընթերցելիքներ» արտադրող հեղինակների մասին խոսելիս ես դիտավորյալ անուններ չհիշատակեցի: Խնդիրը ոչ թե անհատներն են, այլ երևույթը: Իսկ «երևույթի» դեմ պայքարը պիտի ծավալել բոլոր ուղղություններով: Ճաշակի կրթումը պետք է սկսել ընտանիքից և դպրոցից: Ե՛վ ծնողները, և՛ մանկավարժները պետք է աշակերտներին հետևողականորեն ծանոթացնեն բարձրարժեք գրականությանը: Պետք է հանգամանորեն ներկայացնեն յուրաքանչյուր ուսումնասիրվող ստեղծագործության գաղափարական ուղերձները: Եթե այս գործընթացը կիրառվի մինչև դպրոցական կյանքի ավարտը, բուհեր կմտնեն որոշակի ճաշակի տեր ուսանողներ, և նրանց դժվար կլինի «ընթերցելիքներով» մոլորեցնելը:

Դասախոսներն առավել հետևողականորեն պետք է շարունակեն ուսուցիչների և ծնողների գործը: Բարձր գրականության շարունակական ընթերցումները և վերլուծություններն անպայման ընթերցողի ներսում կհաստատեն չափանիշներ, կսովորեցնեն արվեստը տարբերակել մոդայից: Այս բովով անցած ընթերցողն արդեն կարող է ինքնուրույն արժևորել գրքերը:

Այս գործում ակտիվ դերակատարում պետք է ունենա նաև գրաքննադատությունը: Քննադատները պետք է հանդես գան վերլուծական-քննադատական հոդվածներով, կազմակերպեն գրական միջոցառումներ և ամեն կերպ արժևորեն բարձրարժեքը: Ընթերցողների՝ մոդայիկ «ընթերցելիքներով» տարվելու հիմնական պատճառներից մեկն անհաղորդությունն է իրական արժեքներին:

– Ժամանակակից հայ գրականությունն ի՞նչ է առաջարկում ձեր նշած «ընթերցելիքների» փոխարեն:

Բազմաթիվ առիթներով նշել եմ, որ այսօր ստեղծվում է իրապես բարձրարժեք գրականություն: Այսօրվա գրականությունը բավականին ազատ է, բազմաբնույթ. այն կարող է բավարարել ամենատարբեր ճաշակի տեր ընթերցողներին: Պարզապես այդ գրականությունը ճիշտ ներկայացվելու և մատուցվելու կարիք ունի: Ողջունելի է այն հանգամանքը, որ վերջին տասնամյակում ժամանակակից հեղինակների երկերը հաճախ են դառնում գրականագիտական հոդվածների, ատենախոսությունների, մենագրությունների նյութեր: Արդի հայ գրականագիտությունը նկատելիորեն կենտրոնացել է ժամանակակից հեղինակների երկերի շուրջ: Սա, անշուշտ, դրական ազդեցություն կթողնի արդի բարձրարժեք գրականության հանրահռչակման գործում:

Ինչ-որ առումով բնական եմ համարում այն, որ այսօր բարձրարժեք երկերի կողքին ստեղծվում են նաև մոդայիկ «ընթերցելիքները»: Դրանք ստեղծվել են նաև նախկինում, բայց ժամանակը սրբագրել է գրական ընթացքը՝ պահպանելով միայն այն, ինչ իրապես արժեքավոր է:

 

Հարցազրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լուսանկարը՝ Կարեն Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031