Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ.-ի ընթացքում իրավասու մարմիններին է ուղարկվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 17 միջնորդություն

Մարտ 09,2026 14:51 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2025 թվականի ընթացքում ուղարկվել է 309, ստացվել է 291 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն, ՀՀ իրավասու մարմինների կողմից ուղարկվել է հանձնելու մասին 81 միջնորդություն: Ներկայացված միջնորդություններից 22-ը բավարարվել են, 13-ը` մերժվել, 46-ը գտնվում են քննարկման փուլում, բավարարվել են նաև նախկինում ներկայացված միջնորդություններից ևս 6-ը, մերժվել՝ 5-ը:

Անդրադառնալով իրավական ապահովման ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, ի թիվս այլնի, կարևորել է Դատախազության կողմից նախապատրաստված և իրավասու պետական մարմիններ ուղարկված օրենսդրական 3 նախաձեռնությունները, դատախազի աշխատանքի մասին վիճակագրության էլեկտրոնային համակարգի մշակումը, քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ նախապատրաստվել և իրավասու մարմիններին է ուղարկվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 17 միջնորդություն: Ներկայացված 17 միջնորդություններից 3-ը քննարկման փուլում են, 8-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 6-ի դեպքում հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն, 5-ի դեպքում՝ հարուցված կարգապահական վարույթները կարճվել են:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2025 թվականին կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում, Եղիազար Ավագյանի տեղեկացմամբ, հայտնաբերվել է 162 խախտում: Ստուգմամբ արձանագրված օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացվել է 69 միջնորդագիր: Օրենսդրությանը հակասող 2 ակտ կասեցվել է, ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ ներկայացվել է 19 միջնորդագիր: Պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 6 ուսումնասիրություն արձանագրվել է 6 խախտում: Ստուգմամբ արձանագրված օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացված թվով 69 միջնորդագրերից 23-ը բավարարվել և վերանայվել, իսկ 46-ը՝ թողնվել է անփոփոխ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացվել է 10 կարգապահական վարույթ՝ 11 դատախազի նկատմամբ, տեղի է ունեցել հանձնաժողովի 3 նիստ՝ 3 դատախազի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով: Բոլոր նիստերի արդյունքներով կայացվել է որոշում կարգապահական խախտման փաստը և դրանում դատախազի մեղավորությունը հաստատելու մասին, որոնցից Գլխավոր դատախազի հրամաններով՝

  • 1 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
  • 1 դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»,
  • 1 դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ:

Անդրադառնալով Դատախազության՝ «Օրինականություն» գիտագործնական պարբերականի գործունեությանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2025 թվականին հրատարակվել է 2 համար՝ 28 հոդվածով, բոլոր հոդվածներին միջազգային կազմակերպության կողմից շնորհվել են կոդեր: Պարբերականը շարունակում է մնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի ընդունելի գիտական պարբերականների ցանկում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031