Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեղծ վարորդական վկայական է ստացել. Factor

Մարտ 09,2026 16:48 Share

Factor TV. Կեղծ վարորդական վկայականով վարչապետը ինչ հետևանք է առաջացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Երբ ես վարորդական իրավունք էի հանում, հայտնի լրագրող էի, ծնկաչոք աղաչեի էլ՝ չէին թողնի քննություն տալ: 300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,-  Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Կառավարության նիստի ժամանակ՝ իրավապահ կառույցների ղեկավարների ներկայությամբ։ Վարչապետն այսպես բարձրացնում էր այն հարցը, որ ժամանակին քաղաքացիները համատարած կեղծ վարորդական վկայական են ստացել՝ թեմային անդրադառնալով իր իսկ օրինակով։

Քաղաքացուն կեղծ վարորդական վկայական տրամադրելը հանցագործություն է։ Ենթադրվում է, որ իրավապահների ներկայությամբ արված այս հայտարարությանը պետք է հաջորդեր իրավական գործընթաց՝ առնվազն պարզելու համար, թե Փաշինյանը երբ է ստացել վարորդական վկայական, ով է նրան առանց քննություն հանձնելու 300 մետրի վրա բերել ու տվել վկայականը։

Factor TV-ն փորձել է պարզել, թե ինչ է հաջորդել իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ արված այս հայտարարությանը։

Ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեղծ վկայական է ստացել

Պարզվում է՝ իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ արված այս հայտարարությունը հետևանք չի առաջացրել։ Գլխավոր դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել․

1.Դատախազությունը ուսումնասիրե՞լ է արդյոք վարչապետի այս հայտարարությունը։

2.Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել՝ ի՞նչ որոշում է կայացվել ուսումնասիրության արդյունքում և ի՞նչ հիմնավորմամբ։

3.Բացասական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել՝ ինչո՞ւ չի ուսումնասիրվել առերևույթ հանցագործության դեպքի մասին վարչապետի արած հայտարարությունը։

Դատախազության պատասխանը հակիրճ է և վերաբերում է մեր հարցադրումներից միայն մեկին։

«Տեղեկացնում ենք, որ Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»,- հայտնել են Դատախազությունից։

Նշենք, որ Դատախազությունը չի կարող տեղյակ չլինել քրեական վարույթի առկայության մասին, քանի որ քրեական վարույթի նկատմամբ հսկողությունն իրականացնում է հենց այս կառույցը, ուստի՝ պատասխանից բխում է, որ վարույթ առկա չէ։

Դատախազությունը, մեր գրավոր հարցմանը կիսատ պատասխանելով, խախտել է նաև Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի  N 1204-Ն որոշումը։

Ըստ այս որոշման՝  հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում պետական մարմինը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:

Ինչ հետևանք կարող էր առաջացնել օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը

Հիմք ընդունելով ապօրինի վարորդական վկայական տալու/ստանալու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը՝ իրավապահները կարող են անվավեր ճանաչել անձի վարորդական վկայականը։

Այս մասին Գլխավոր դատախազությունը ևս նախկինում հայտնել է։ Այսպես՝ Դատախազության 2022-ի հաղորդագրություններից մեկի համաձայն՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար, և Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ ՆԳՆ-ն ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները։

ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2025-ի ընթացքում ընդհանուր առմամբ Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը մինչ այդ եղել է 764 դեպք։

ՆԳՆ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել․

  • Փաշինյանի կեղծ վարորդական վկայական ստանալու մասին հայտարարությունից հետո սկսվե՞լ է արդյոք Փաշինյանին վարորդական վկայականից զրկելու գործընթաց։
  • Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ինչ գործընթաց է սկսվել։
  • Բացասական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե վարչապետի նման հայտարարությունից հետո ինչ գործընթաց է սկսվել։

Ոստիկանությունից այս հարցմանը պատասխանելու համար 30 օր են պահանջել, ապա նշել են «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով վարորդական իրավունքից զրկելու հիմնական դեպքերը։ ՆԳՆ-ն չի պարզաբանել, թե այս դեպքերն ինչու չեն համապատասխանում Փաշինյանի վարորդական վկայականի հետ կապված իրավիճակին, ինչպես նաև անտեսել է մեր հարցման երրորդ կետում նշված հարցադրումը, համաձայն որի՝ խնդրել էինք հայտնել՝ եթե ոչ վարորդական վկայականից զրկելու, ապա ինչ այլ իրավական գործընթաց է հաջորդել վարչապետի կեղծ վարորդական վկայական ստանալու հայտարարությանը։

Այսպիսով՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իսկ հայտարարության համաձայն՝ կեղծ վարորդական վկայական ունի, բայց, քանի որ նախկինում քաղաքացիները համատարած կեղծ վկայականներ էին ստանում, իրավապահների ղեկավարների ներկայությամբ արված հայտարարությունը որևէ հետևանք չի առաջացրել։ Սա այն դեպքում, երբ բազմաթիվ քաղաքացիներ այսօր քրեական հետապնդման են ենթարկվում նույն արարքը կատարելու համար։

Արաքս ՄԱՄՈՒԼՅԱՆ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031