Քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի ՖԲ գրառումը.
Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հաջողվել է անել անհնարինը։ Նրանք արդեն 8 տարի կարողացել են մեծագույն պաթոսով ու ագրեսիվությամբ ասել մի բան, հետո նույն պաթոսով ու ագրեսիվությամբ ասել ճիշտ դրա հակառակը։ Ու չնայած դրան, նրանք դեռ բավականին ուժեղ դիրքեր ու շոշափելի աջակցություն ունենև երբեք չեն հայտնվել պաշտպանվողի ու արդարացողի դիրքերում։
Նրանք պարտվել են պատերազմում սեփական ապիկարության պատճառով ու կարողացել են մեղքը բարդել ուրիշների վրա։ Ապիկարության գնահատականն իմը չէ։ Իրենց իսկ գնահատականն է։ Նրանք բազմիցս խոստովանել են, որ իրենց ապիկարության պատճառով են տանուլ տվել պատերազմը, բայց միաժամանակ, ծանր հարված հասցնելով հավանականության տեսության օրենքներին, կարողացել են համոզել ժողովրդի մի զգալի հատվածի, որ ոչ, այնուամենայնիվ իրենք չէին պատասխանատու դրա համար, այլ ռուսները, նախկինները, արցախցիները, բանակը և Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 1994 թ.-ին կապիտուլյացիա չպարտադրեց Ադրբեջանին։
Նրանք անարգանքի սյունին են գամում Հայաստանի կրավորական արտաքին քաղաքականությունը քննադատողներին զայրույթի ու թույնի նույն դոզայով, ինչ 2017 թ.-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ` խաղաղության օրակարգի կողմնակիցներին ու փոխզիջում բառը մեր բառապաշարից դուրս դնել հրաժարվողներին։ Նրանց ստացած ծափերի դեցիբելներն այն ժամանակ ու հիմա իրարից չեն տարբերվում։
Նրանք պնդում են, որ ռուսներն են լքել Արցախը, ու որ, հետևաբար, իրենք մեղավոր չեն Արցախի վերջնական կործանման համար ու միաժամանակ հպարտորեն հայտարարում, որ Արցախից ձերբազատվելն իրենց ձեռքի գործն էր, ինչն իրենք արեցին Հայաստանն ինքնիշխան երկիր դարձնելու համար։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ակնարկեց, որ ինքը միտումնավոր գնաց 2020 թ.-ի պատերազմին, որպեսզի կարողանա այդ նվիրական իղձն իրականություն դարձնել։ Հոգ չէ։ Հայաստանյան լյումպենը շարունակում է ՔՊ-ականներին պարուրել սիրով ու գորովանքով։
Նրանք տարիներ շարունակ պնդում էին, որ ոչ մի կարգավորման պլան չի եղել։ Որևէ մեկը, որ համարձակվում էր հակառակը պնդել, հռչակվում էր ռուսական ագենտ ու դառնում էր ամենավերջին լուտանքների թիրախ։ Մի երկար ընթացք մեջտեղ էին բերել նախկին նախագահների հետ բանավեճի տխմար գաղափարը, ինչը դարպասի տեղը փոխելու փորձված տակտիկայի շատ թափանցիկ կիրառում էր։ Ինչ-որ պահի Փաշինյանը որոշում է պլանը գաղտնազերծել։ Նույն ամբոխը չի ասում` սա ի՞նչ խայտառակություն էր, ո՞նց էիր դու մեզ էդ վիճակի մեջ դրել։ Նրանք նորից փոխում են դարպասի տեղը ու սկսում փրփուրը բերաններին պնդել, որ միևնույն է Ադրբեջանը ոչ մի պլանի չէր համաձայնելու ու ընդհանրապես որևէ կարգավորման պլան կայուն չէր լինելու։
Կարդացեք նաև
Ասում ես` ձեր իսկ տրամաբանությամբ այսօր էլ խաղաղություն չի կարող լինել, դադարեք էդ նախաստորագրված թղթի կտորն աչքներս մտցնել։ Ասում են` դե պետք է աշխատել, Հռոմն էլ մի օրում չի կառուցվել, ոչ ոք չի պնդում, որ սա հարթ գործընթաց է լինելու։ Դա լավագույն դեպքում։ Երբ մի քիչ տաքանում են, նաև սկսում են քեզ մեղադրել հայդատականության մեջ ու անպայման հարցնում` էդ ու՞մ երեխեքի հաշվին ես պատերազմ ուզում։ Դեռ երեկ հող հանձնողին հողին հանձնող ու այսօր խաղաղության բերկրանքը հայտնաբերած լյումպենը հիանում է, թե ինչպես Նիկոլը հայդատականների պորտը տեղը դրեց։
Նրանք իշխանության եկան կեղեքված ժողովրդին կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ մոբիլիզացնելով, թալանը հետ բերելու խոստումներով, բայց մի քանի տարվա ընթացքում ստեղծեցին սեփական օլիգարխիա։ Դրա հետ միասին չքավոր ու անապահով հայաստանցիներին տեղեկացրին, որ աղքատությունը վերջիններիս գլխի մեջ է, հետո հայտարարեցին, որ թոշակառուները չեն կարող ճիշտ տնօրինել իրենց ավելացած եկամուտները, եթե թոշակները բարձրացվեն 10,000 դրամով։ Այ իշխանական վերնախավը գիտի ինչպես ճիշտ տնօրինել 6-7 միլիոն պարգևավճարները, իսկ թոշակառուներն էդ 10,000-ով ենթադրաբար կամ օղի էին առնելու կամ խաղադրույքներ են կատարելու Վիվարոյի կայքում։ Մարի Անտուանետից մինչև Նիկոլ Փաշինյան ընկած ժամանակահատվածում ոչ մի իշխանավոր ավելի այլանդակ բան չէր ասել սեփական ժողովրդին, կամ գոնե հրապարակավ չէր ասել։ Պետք է նաև ի պաշտպանություն Մարի Անտուանետի նշել, որ նա իշխանության չէր եկել Բուրբոնների թալանածը ժողովրդին վերադարձնելու խոստումներով։ Մեր ժողովուրդը դա էլ կուլ տվեց ու մեր ժողովրդի մի հատված շարունակեց այս այլանդակությունը մատնացույց անողներին հիշեցնել, թե ինչպես ՀՀՇ-ն վաճառեց Հոնդայի ու Վոլվոյի հետ հաջողությամբ մրցակցող Երազ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն։
Նրանք ոչ միայն դարպասի տեղը փոխելու մեծ վարպետներ են, այլև դարպասը բասկետբոլի շիթով փոխարինելու վարպետներ։ Ասում ես` ռուսների հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելն ու ռուսներին չգրգռելը մեր անվտանգության շահերից է բխում։ Հարձակվում են վրադ` թե չի կարելի միայն այդ պրիզմայով նայել քաղաքականությանը, թե գործընկերների ընտրությունը նաև արժեքների ընտրություն է, թե մենք ուզում ենք լինել մի ճամբարում որտեղ հարգում են ժողովրդավարական ազատությունները, միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, խոսքի ու մտքի ազատությունը, որտեղ լրագրողներին ու քաղաքական հակառակորդներին չեն հալածում, և այլն։
Փաստեր ես բերում, որ Անգլիայում կարող են ձերբակալել աբորտի կլինիկայի դիմաց կանգնած լուռ աղոթող կնոջ, որ Գերմանիայում ոստիկանությունը կարող է դաժանորեն ծեծել քեֆիյե հագած ցուցարարներին, որ Իսրայելում երկու տարվա մեջ ավելի շատ լրագրող է սպանվել, քան Ռուսաստանի պատմության ամբողջ ընթացքում, որ Արևմուտքի օգնությամբ ու ֆինանսավորմամբ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում… Նույն զանգվածը հայտարարում է, թե մենք փոքր երկիր ենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ նման բաների հիման վրա քաղաքականություն կառուցելու շքեղությունը և որ մենք պետք է ուժեղի հետ լինենք։ Ասում ես` ախր ուժն էլ այլևս այնտեղ չի, միանգամից վերադառնում են արժեքների մասին խոսակցությանը ու թե ինչ զազրելի մարդ է Սոլովյովը, միաժամանակ հպարտորեն հայտարարելով, որ իրենք պատրաստ են համբուրելու Անն Ափլբաումի, Լինդսի Գրահամի ու Բերնարդ Անրի-Լեվիի կոշիկները…
Նոր բաներ չեմ ասում իհարկե, ոչ էլ ասում եմ բաներ, որոնք տեսանելի են միայն հատուկ խորաթափանցություն ունեցող մարդկանց։ Չեմ հիշեցնում ձեզ էս բաների մասին, որովհետև ձեր ուշադրությունը հերթական անգամ ուզում եմ հրավիրել նիկոլական աղանդի երեսպաշտության, լկտիության ու բթամտության վրա։ Սա անում եմ այս նախընտրական շրջանում փոխկապակցված երկու առեղծվածի վրա ձեր ուշադրությունը հրավիրելու համար։ Առաջին, չնայած վերը շարադրվածի մահու չափ պարզ լինելուն, ՔՊ-ն շարունակում է ունենալ անկեղծ աջակիցների մի շոշափելի, շատ նվիրված ու շատ ագրեսիվ զանգված։ Երկրորդ, չնայած իրենց խայտառակ ձախողումներին, իրենց ասելիքի կայուն անպետքությանն ու կեղծիքի, ստի մեջ թաթախվածությանը, նրանց դեմ չի ձևավորվում որևէ ընդդիմադիր բևեռ կամ շարժում, որը կկարողանար առանց մեծ ջանքերի օգտվել այս իրավիճակից։ Ես կարծում եմ այս առեղծվածների բուռն քննարկումն օդի ու ջրի պես անհրաժեշտ է, եթե մարդիկ իսկապես հունիս ամսին ուզում են պատմության աղբանոց ուղարկել ՔՊ-ին։ Եթե այդ առեղծվածների պատասխանը չգտնենք, ոչ միայն ՔՊ-ն չի կորցնելու իշխանությունը, այլև հունիսի 7-ից հետո հանրային հեռուստատեսությամբ ամեն երեկո հիմնը նվագելուց հետո ցուցադրելու են թմբուկի 10 րոպեանոց սոլո Վարչաբենդի թմբկահարի կատարմամբ։


















































