Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ. 10 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Մարտ 09,2026 18:31 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հյուրերի ընդունման, նրանց հանգստի կազմակերպման, վերջիններից ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները  տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:

Վերը նշված պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարներ տնօրինելու, հիմնադրամի կողմից ստեղծված  ՍՊ ընկերությունը ապօրինի ղեկավարելու և դրա գործունեության արդյունքում ստացված գումարները տնօրինելու, համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ այլ պաշտոնի նշանակելու և մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:

Հիշյալ գործողությունների արդյունքում՝ համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ընդհանուր ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու հետևանքով շուրջ 12 միլիոն ՀՀ դրամի գումարի հափշտակության դեպքեր: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:

Համալսարանի ռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ),  435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով:

Պրոռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով և 2 դրվագ 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Համալսարանի ևս 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031