Հարգելի՛ փաստաբաններ,
Անդրադառնալով փաստաբան Աննա Ծառուկյանի՝ իրեն խուզարկության ենթարկելու հայտարարությանը՝ Քրեակատարողական ծառայությունն ապավինում է բարեխիղճ և փաստաբանական էթիկայի սկզբունքներին հավատարիմ փաստաբանների ըմբռնմանը և հավաստիացնում, որ իրավական ակտերով սահմանված գործընթացը (ՀՀ կառավարության՝ 13․04․2023թ․ N 543-Ն որոշման հավելվածով, ՔԿՀ մուտք գործող յուրաքանչյուր անձի զննությունը պարտադիր պահանջ է առանց բացառության) իրականացվում է բացառապես հանցավորության դեմ պայքարի և քրեակատարողական հիմնարկների ներքին անվտանգության ապահովման նպատակով։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ փաստաբան Աննա Ծառուկյանը սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 19։35-ին, այցելել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։
Հարկ է նշել, որ վերջինիս նկատմամբ իրականացվել է զննություն և ոչ թե խուզարկություն․ այն է՝ ծառայողները զննության նպատակով փաստաբանին առաջարկել են ցույց տալ իր գրպանների պարունակությունը, ինչպես նաև ձեռքին առկա իրերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ 21․11․2011թ․ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N194-Ն հրամանով հաստատված հավելվածի 49-52-րդ կետերի համաձայն՝ անձնական խուզարկությունները լինում են ամբողջական և մասնակի։ Մասնակի խուզարկության դեպքում անձը չի մերկացվում, նրա հագուստը, կոշիկները շոշափվում և զննվում են արտաքնապես, անհրաժեշտության դեպքում կոշիկները կարող են հանվել` զննման նպատակով։ Ամբողջական խուզարկության դեպքում անձին ծառայողներն առաջարկում են ամբողջությամբ հանել հագուստը և այլն։
Աննա Ծառուկյանի հագուստը և անձնական իրերը չեն շոշափվել, ինչը փաստում է, որ վերջինս ենթարկվել է ոչ թե խուզարկության, այլ զննության։
Կարդացեք նաև


















































