Փաստաբան Արա Զոհրաբյանը պնդում է՝ կարգալույծ հռչակված հոգեւորականներ Ստեփան Ասատրյանի, Արման Սարոյանի, Արամայիս Թոխմազյանի հայցերը համարյա նույնն են: Ըստ փաստաբանի՝ նույն մարդն է կազմել տեքստերը:
«Երբ իմացանք հայց է ներկայացվել, դիմումով ներկայացրինք ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները՝ ասելով, որ չեք կարող քննել այս գործը, ներկայացրինք ապացույցներ, որ աշխատանքային փոխհարաբերություններ չկան կարգալույծ եղածների ու Մայր Աթոռի միջեւ: Դատավորները վերադարձրել էին հայցադիմումը, մեզ թվաց՝ նրանք գիտակցեցին ու ճիշտ դիրքորոշում ընդունեցին: Հետագայում կրկին վերադարձել էր հայցը, ըստ էության, լուրջ փոփոխություններ չէին էլ արվել: Նրանք հերիք չէ ընդունել էին վարույթ, դեռ հայցի ապահովման միջոց էլ էին ձեռնարկել: Ես կարծում եմ՝ այս դատավորները որոշակի ճնշման ներքո են գործում, հակառակ դեպքում նման ապօրինի որոշում չէին կայացնի: Ի՞նչ է նշանակում պարտադրել աշխարհիկ անձին, որ նա քահանայի գործառույթ անի: Ես նման բան չեմ լսել: Դատարանն իրավունք չունի մտնել հոգեւոր տիրույթ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ կարգալույծ հռչակվածները պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները եւ իրենց վերականգնել հոգեւոր պաշտոնում:
Արա Զոհրաբյանն ասաց, որ այժմ հավաքում է նյութեր՝ ԲԴԽ ֆիլտրը հաղթահարելու համար, որ հոգեւորականների հայցերը քննող երեք դատավորների նկատմամբ նախաձեռնվի քրեական վարույթ ու նրանք պատասխանատվության ենթարկվեն. «Երեք դատավորներ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ շատ ծանր ու սխալ գործողություն են անում, հատել են կարմիր գիծը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքին՝ Արա Զոհրաբյանը հավելեց. «Էդգար Հովհաննիսյանի որոշման հիման վրա է այդ գործը, այսպես ասած, ստեղծվել: Էդգար Հովհաննիսյան դատավորի անունը արձանագրվել է որպես ամենայն հայոց կաթողիկոսի համար քրեական պատասխանատվության հիմք ստեղծած դատավոր: Իր անունը հավերժ արձանագրվելու է այդ իմաստով. նա մի դուռ է բացել, որի իրավունքը չուներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































