Ինչպես տեղականում ենք պաշտոնական լրահոսից` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ Մեսրոպ Բզնունին նշանակվել է նախագահի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ։
Մեսրոպ Բզնունին, նախքան Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը, առանցքային պաշտոններ էր զբաղեցնում Շիրակի մարզպետարանում․ ներքին աուդիտի բաժնի պետն էր, իսկ երբ Շիրակի մարզպետ նշանակվեց դաշնակցական Արթուր Խաչատրյանը, Բզնունուն վստահվեց առողջապահության և սոցիալական վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ Մեսրոպ Բզնունին սերտ կապերի մեջ է դաշնակցականների հետ․ նա ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, բնապահապանության նախարարի նախկին տեղակալ Հակոբ Մաթիլյանի աներորդին է։
2018 թվականին ՔՊ-ականների իշխանության գալով՝ կադրային փոփոխություններ տեղի ունեցան նաև Շիրակի մարզպետարանում․ տեղի ՔՊ-ականները ևս որդեգրեցին, այսպես ասած, հներից ազատվելու ու նորերին նշանակելու քաղաքականությունը, որն ավարտվեց Շիրակի մարզպետարանի մի քանի առանցքային պաշտոնյաների՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնաթող լինելով։
Մասնավորապես, Շիրակի առաջին ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ պետական այդ կառույց ոտք դնելուց կարճ ժամանակ անց մարզպետարանը լքեցին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Խաչատուր Պողոսյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը, այնուհետ նաև՝ Մեսրոպ Բզնունին։ Այս պաշտոնյան շատ կարճ ժամանակահատված՝ մոտ 3 ամիս աշխատեց Կարեն Սարուխանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում․ 2018 թվականին հուլիսի 16-ին հեռացավ սեփական դիմումի համաձայն։
Այս դեպքում թերևս պատճառաբանությունն այն էր, որ Մեսրոպ Բզնունին առողջապահական համակարգի հետ բացարձակապես կապ չունի և չի կարող շարունակել պաշտոնավարումը։
Մեսրոպ Բզնունին մարզպետարանից հեռանալուց հետո 2021 թվականին նշանակվեց «Զվարթնոց» օդանավակայանի բժշկա-սանտիարական հսկիչ կետի պետ, այնուհետ՝ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն։
Ուշագրավ է այն, որ նրանք, մարզպետարանը լքելով, ժամանակի ընթացքում ավելի բարձր պաշտոնների անցան․ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Խաչատուր Պողոսյանը 2019 թվականին նախագահ Արմեն Սարգսյանի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվեց, իսկ այսօր՝ Վահագն Խաչատուրյանի օրոք նա կատարում է նաև աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
Փաստն այն է, որ այս անձինք պետական կառավարման համակարգին քաջածանոթ մարդիկ են, և անկախ հների ու նորերի սահմանազատումից՝ իրենց ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մեսրոպ Բզնունու լուսանկարը՝ նրա ՖԲ էջից


















































