Aravot.am-ը Եղեգնավանի դպրոցում տեղի ունեցած արտառոց միջադեպի վերաբերյալ զրուցել է նաեւ դպրոցի տնօրեն Հասմիկ Մայիլյանի հետ: Նա մանրամասներ հայտնեց այն կնոջ վերաբերյալ, որը սպառնացել էր դանակով ու հայհոյել դպրոցում:
«2 ամիս առաջ այդ կինը տեղափոխվել է Եղեգնավան, ինքս Արարատ քաղաքից եմ, բայց աշխատում եմ Եղեգնավանի դպրոցում, 6-րդ տարին է՝ դպրոցի տնօրենն եմ: Բացի դրանից՝ 33 տարի է՝ դպրոցում անգլերենի ուսուցչուհի եմ աշխատում: Այդ 37 տարեկան կինն ապրում է գյուղում 70-ն անց տղամարդու հետ, նրա երրորդ կինն է: Նա երեխային բերեց, որ դպրոց ընդունենք, լաց եղավ, ասաց, որ ապրելու տեղ չունի, դրա համար էլ 70-ն անց մարդու հետ է ապրում, որպեսզի երեխային կարողանա վերցնել խնամքի կենտրոնից: Քանի որ լաց էր լինում, ինձ թույլ չտվեցի այլ մանրամասներ ճշտել, ընդամենը վերցրել եմ փաստաթղթերը եւ դիմումի հիման վրա երեխային ընդունել ուսումնական հաստատություն, որովհետեւ մեր գերնպատակը երեխայի՝ պարտուսից դուրս չմնալն է:
Երեխային ընդունել եմ դպրոց, սակայն 10 օր հետո այդ կնոջ ամուսինը կամ նրա հետ ապրող տղամարդը եկավ, ասաց, որ երեխայի դասագրքերը վերադարձնում է, որովհետեւ կինն իրենից հեռացել է, ավելի շուտ՝ ինքը վռնդել է նրան, որովհետեւ հոգեմետ դեղեր է խմում, վրայից էլ՝ ալկոհոլ, տան եղած-չեղածը կոտրում: Ասացի, որ դիմում պետք է գրեն, ուզում էր ինքը գրել, թույլ չտվեցի, որովհետեւ դիմումը գրում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը: Ասաց, որ դիմումի ձեւը տամ, հետը տանի: Տվեցի դիմումի ձեւը, լրացրեց ու բերեց: Անցել է մի 20 օր, նորից այդ կինը վերադարձել է տղամարդու մոտ, նորից երեխայի գործերը բերել դպրոց: Ասացի՝ Նունե ջան, հարմար գտաք նորից վերադառնա՞լ, հուսանք՝ էս անգամ երկար կմնաք: Ի դեպ, երեխան 5-րդ դասարանի տղա է, տառերը չի ճանաչում: Ինքն էլ ասաց, որ մանկատանը վերահսկողություն չի եղել, չեն սովորեցրել, երեխան ընդամենը բառերն արտագրում է, բոլորն իրար կողքի գրելով: Փորձել ենք երեխայի հետ նուրբ աշխատել՝ հաշվի առնելով իր հոգեվիճակը, մորից հեռու մեծացած լինելը, անգամ երկարօրյա խմբում ենք ներառել, որ ուսուցիչները պարապեն, գոնե առաջին-երկրորդ դասարանի մակարդակի հասնի»,-կատարվածը ներկայացրեց Հասմիկ Մայիլյանը:
«3 օր երեխան եկավ դպրոց ու էլ չհաճախեց, բնականաբար շատ ուշադիր ենք բացակայությունների հանդեպ, փոխտնօրենն է զանգում, դասղեկը: Մայրն ասում է՝ երեխան սուրճ է թափել ոտքին, չի կարողանում շալվարը հագնել, կլավանա, շալվարը կհագնի ու կգա դպրոց: Երրորդ օրը համայնքապետարանը տեղեկացել էր կատարվածի մասին, ինձ զանգեց Վեդու համայնքապետարանի ներկայացուցիչը, ասաց՝ հոգաբարձուների խորհրդի նիստ պետք է արվի, ձեր 5–րդ դասարանցի աշակերտի (երեխայի շահերից ելնելով՝ անունը չենք նշում-Գ.Հ.) վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հոգաբարձուների խորհուրդը նիստ էր արել, ասացին, որ որպես դպրոցի տնօրեն պետք է ներկա լինեմ, որովհետեւ երեխային մորից վերցնելու են, քանի որ ոչ դպրոց է հաճախում, ոչ էլ բուժհիմնարկ են տանում: Միասին գնացել ենք նրանց տուն՝ համարյա 15 մարդ՝ համայնքապետարանի աշխատակիցները, կրթության բաժնի աշխատակիցները, համայնքապետը, ոստիկանները, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, հոգաբարձուների խորհուրդն իր ամբողջ կազմով: Բոլորս մտել ենք իրենց տուն. ընդամենը մի հյուրասենյակ էր, մի բացված բազմոց, կողքին վառարան էր փայտի, չորանոցն էր շորերի, մի մեծ սեղան եւ թախտ: Թախտի վրա պառկած էր երեխան, ոտքի այրվածքը շատ խորն էր, կարծում եմ՝ սուրճի այրվածք չէր: Հարցրի՝ տղա ջան, ոտքդ վառվե՞լ է, մոր ամուսինն ասաց, որ վառարանին է ոտքը կպել, իսկ մայրն ասաց, որ սուրճ է թափվել: Ոչ մեկի խոսքը մյուսի հետ չբռնեց: Վերքը շատ խորն էր:
Հոգաբարձուների խորհուրդը հետաքրքրվեց, թե ինչու հիվանդանոց չեն տարել: Ասացին՝ դեղատնից փրփուր են գնել ու ոտքը փորձել են տնային պայմաններում բուժել: Մենք շտապօգնություն էինք կանչել, որ երեխային բուժօգնություն ցույց տրվի: Մայրն անջատված, դեղերի ազդեցության ներքո՝ բազմոցին կիսամերկ նստած էր, սկսեց վիճել, որ չտանենք երեխային, ասաց, որ ինքն էլ է վախենում այդ տանը մնալուց, տուն չունի, գնալու տեղ չունի: Երեխան ասաց՝ մամա, քեզ էլ են եկել օգնելու:
Հարցրի՝ տղա ջան, քեզ նեղացնո՞ւմ են, վախեցած գլխով արեց, ես չհասկացա՝ նեղացնում են, թե ոչ: Շտապ օգնությունը պետք է գար, սակայն չեղարկվեց, որովհետեւ այդ կինը դանակը հանեց եւ ասաց, որ երակները կկտրի, եթե երեխային տանեն: Իրավաբանն ասաց, որ շոր հագնի, ասաց, որ երեխային բժշկի են տանում: Հետո շորերը հագել ու եկել էր Վեդիի հիվանդանոց, որտեղ առաջին օգնություն էին ցուցաբել երեխային, այնուհետեւ տեղափոխել էին Երեւան: Պարզվեց՝ երկրորդ կարգի այրվածք է ստացել, անզեն աչքով էլ երեւում էր, թե ինչքան խորն է վերքը: Մեկ շաբաթից ավելի երեխան այդպես մնացել էր՝ այն էլ՝ նման հակահիգիենիկ պայմաններում: Ընդ որում, այդ փոքր սենյակում ապրում են այդ կինը, նրա ամուսինը, երեխայի հայրը եւ երեխան:
Հետագայում կապի մեջ եմ եղել, թե ինչ եղավ երեխայի ճակատագիրը, իսկ որպես տնօրեն պարտավոր էի դնել նրա բացակաները: Տեղեկացա, որ կինը համյանքապետարանում կրկին սպառնացել է երակները կտրել, հայհոյել է ոստիկաններին: Փետրվարի 27-ին դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգից, որտեղ երեւում է երեխաների շարժը, գրություն եմ ստանում, որ երեխան հաշվառվել է Երեւան քաղաքի 136 հիմնական դպրոցում, ու խնդրում են շուտ ազատել երեխային մեր դպրոցից: Բայց ես չէի կարող ազատել, որովհետեւ ըստ կարգի՝ դպրոց ընդունում եւ ազատում են երեխայի ծնողի դիմումի հիման վրա:
Մեր կազմակերպչին խնդրեցի, որ զանգի այդ կնոջ ամուսնուն, որ գա դիմում գրի: Անգամ տպել էի դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգից ստացված գրությունը, ուղարկել պահակի հետ իրենց տուն: Այդ կինն ասել է՝ գնացեք, ես ոչ մի բան չեմ գրի, ես մուռ ունեմ իրենց վրա:
Հաջորդ օրը դասի էի, 10:30-ի կողմերն էր, գործավարը տեղեկացրեց, որ ինձ ծնող է հարցնում: Ասացի՝ թող մի 15 րոպե սպասի, մինչեւ դասն ավարտվի: Ասաց ՝ Նունեն է… Մի պահ ուրախացա, որ վերջապես եկել է դիմումը գրելու: Մինչ այդ ինքը բոլոր դռները բացել ու ինձ էր փնտրել, դուրս եկա բարեւեցի: Ասաց՝ դու իմ բարեւին արժանի չես, այ… ու ամենաանշնորհք խոսքերն ասաց դպրոցում: Ես իջել եմ երկրորդ հարկից, ինքը բարձր ձայնով հայհոյելով իջնում էր: Հասել ենք գործավարի մոտ, ասում եմ՝ ինչու ես բղավում, սա դպրոց է, ես ինչ կապ ունեմ քո երեխայի հետ, որ քեզ հետ չի այս պահին: Ասաց, հիմա կթաղեմ քեզ, կիմանաս՝ ինչ կապ ունես: Հասանք ընդունարան, դուռը շրխկացրեց մյուսների երեսին, ասաց՝ հիմա մորթոցի է լինելու: Ես ուզում էի բացել առանձնասենյակիս դուռը, ասաց՝ հիմա դիակդ կփռեմ, նոր կիմանաս՝ որը որից հետո է, մեկ էլ աչքս ընկավ, որ պայուսակից հանում է կանաչ պոչով խոհանոցային դանակը: Ես արագ կողմնորոշվեցի, թիկունքի կողմից արագ դուրս եկա, ասացի՝ քեզ հետ ոչինչ չունեմ խոսելու, գնա, երբ ադեկվատ վիճակում կլինես, կգաս, դիմում կգրես, երեխայիդ կազատեմ: Զգացի, որ հարբած է, վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Նորից ամենավատ հայհոյանքները հնչեցնելով՝ դուրս եկավ, ոտքով հարվածեց մեքենայիս ու խազեց:
Ամենահետաքրքիրն այն է, որ ինքն է զանգել ոստիկանություն: Քննիչի մոտ էլ վատացել էր, ասել էր՝ տվեք դեղերս խմեմ, դեղերը դանակի հետ առգրավված են եղել, տվել են, որ վերցնի, մեկի փոխարեն մի քանիսն է կուլ տվել, ասել է՝ հիմա կմեռնեմ, իմ մահը կմնա ձեր խղճին: Երկու օր պահել են կալանքի տակ, ուրբաթ օրը ազատ են արձակել:
Ինձ նորից զանգեցին համայնքապետարանից, ասացի՝ թող գա դպրոց եւ դիմում գրի: Միջանցքում աթոռ սեղան ենք դրել, օպերատորը ձեւը թելադրել է, ես էլ կանգնել եմ գլխին՝ իր ամուսնու հետ, գրել է դիմումը: Համայնքապետարանում էլ ներողություն էր խնդրել, ասել էր՝ ինձ մի տարեք հոգեբուժարան, դեղերս կխմեմ, ինձ լավ կպահեմ, ուզում եմ երեխայիս վերադարձնեն ինձ: Սա է ամբողջ եղելությունը»,-հայտնեց Եղեգնավանի միջնակարդ դպրոցի տնօրենը:
Նրանից տեղեկացանք, որ երեխան այժմ ՀՕՖ-ի կենտրոնի հոգածության ներքո է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Պատրաստ ենք լսել ներկայացնել նաեւ երկրորդ կողմի տեսակետը:


















































