Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում մասնավորապես ասել է
«Մի քանի օր առաջ, վստահ եմ, նկատել էիք, տարածվեց մի հայտարարություն գործադիր իշխանության ղեկավարի կողմից, թե իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձներով հանդես գալու կամ նման ձևաչափով հայտարարություններ տարածելու սահմանափակում ընդհանրապես առկա չէ, և իբրև դրա աղբյուրը հանդիսանում է պրոբացիայի ծառայության հայտարարությունը: Ավելին, վերջինիս կողմից նույնիսկ պատրաստակամություն ներկայացվեց հեռախոս փոխանցելու Սամվել Կարապետյանին նշվածը իրագործելու նպատակով:
Շատ կարճ արձագանքը հետևյալն է. պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում, պետք է պարզապես, որ չլինեն քաղաքական հետապնդումներ Հայաստանում: Բայց եթե նշվածը իսկապես բարդ հարցադրումներ են, միգուցե, քանի որ ի վերջո մի շարք քաղաքական հետապնդումներ հենց նախաձեռնվել են գործադիր իշխանության ղեկավարի ցուցման պայմաններում, դրա փոխարեն կարելի է ուղղակի փոխանցել քննչական և դատախազության ներկայացուցիչների գրությունը, թղթերը, որ նշված սահմանափակումները առկա չեն: Կարծում եմ, շատ ավելի պարզ հարցադրում, խնդիր դրանով լուծած կլինենք և հարցադրման պատասխանն էլ տրված կլինի:
Ինչի համար եմ այս ամենը նշում: Այս կարճ ժամանակահատվածում իմ կողմից գրություններ հասցեագրվել են քննչական մարմնին՝ պարզելու ի վերջո տեսաուղերձ տարածելը խնդի՞ր է, թե՞ ոչ: Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է: Դատախազությանը հարցում եմ ներկայացրել, մինչ օրս պատասխան չեմ ստացել: Իսկ պրոբացիայի ծառայությանը, հենց նույն այդ պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցմանն ի պատասխան՝ շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կամ դատարանին, կամ վարույթ իրականացնող մարմնին:
Կարդացեք նաև
Հիմա հարց է առաջանում՝ այդ որն է աղբյուրը գործադիր իշխանության ղեկավարի կամ այլ քաղաքական գործիչների նման պնդումներ կատարելու համար, բայց փաստացի նման հստակ դիրքորոշում այդ նույն պետական մարմինները չեն տրամադրում: Քանի որ այս ամենի նպատակը լրիվ այլ է, այս ամենը իրավաբանության մասին չէ, որովհետև եթե իրավաբանության մասին լիներ, լուծումները շատ պարզ են: Այստեղ պետք չի խոսել սոցիալական ցանցերում տեսաուղերձների տարածման, սահմանափակումների առկայության կամ վերացման մասին, այլ պետք է պարզապես վախերին վերջ տալ և քաղաքական պրիմիտիվ հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ դադարեցնել, կամ առնվազն խափանման միջոց տնային կալանքը վերացնել: Բայց ունենք մի իրավիճակ, որ դրանք բոլորը պահպանվում են, բայց միաժամանակ վստահեցնում եմ, որ դրանք ի վերջո վերացվելու են:
Քանի որ նման անարդարությունը, նման իրավունքի նսեմացումը չի կարող լինել երկարատև:
Հայաստանում այսօր կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք: Պետք է պարզապես ունենալ խիզախություն, վերջ տալ վախերին, դադարեցնել այդ հետապնդումները, քանի որ մենք չունենք նման շռայլության հնարավորություն:
Մեր հասարակությանը համախմբում է անհրաժեշտ, այլ ոչ թե պառակտում: Մեր հասարակությանը վիրավորանքների դադարեցում է անհրաժեշտ, այլ ոչ թե դրա խորացումը: Մեր հասարակությանը ոչ թե ատելություն է պետք, այլ իրական համերաշխություն:
Իսկ դա հնարավոր է միայն այնպիսի հասարակությունում, միայն այնպիսի իշխանության պայմաններում, որը չի տրվում այդ գայթակղությանը՝ քաղաքական հետապնդումներ ապահովելու»:


















































