Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ Իսրայելն ու Ամերիկան արդեն տանուլ են տվել պատերազմը»․ Արման Գրիգորյան

Մարտ 10,2026 11:05 Share

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը


Պարոն Գրիգորյան, մեր նախորդ զրույցից քիչ ժամանակ է անցել, բայց Իրանի շուրջ իրադարձությունները շատ դինամիկ են ծավալվում հետաքրքիր է Ձեր թարմացված գնահատականը։ Նախորդ զրույցում, մասնավորապես, ցածր գնահատեցիք ԱՄՆ-ի ու Իսրայելի հաղթանակի հավանականությունը, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը հիմա։

-Գուցե Ձեր ընթերցողները համարեն, որ ես իրադարձություններից առաջ եմ ընկնում, բայց ես կարծում եմ, որ Իսրայելն ու Ամերիկան արդեն տանուլ են տվել պատերազմը։ Նայենք որոշ փաստերի, որոնք որևէ վիճարկման առարկա չեն։ Իրականում իրավիճակը շատ ավելի վատ է ԱՄՆ-ի ու Իսրայելի համար, քան ստորև բերված փաստերի ստեղծած պատկերը, բայց ես միայն այն փաստերը կթվարկեմ, որոնց վերաբերյալ որևէ հիմնավոր կասկած չկա։

Նախ, Իսրայելի ու Ամերիկայի ռազմական պլանը, որի հիմնական տրամաբանությունը իրանական ռեժիմն ու ռազմական մեքենան կաթվածահար անելն էր, ակնհայտորեն ձախողվել է։ Ոչ ռեժիմը, ոչ էլ առավել ևս ռազմական մեքենան կաթվածահար չեն եղել։ Ոչ միայն կաթվածահար չեն եղել, նրանք հակահարձակման են անցել ու ծանր հարվածներ են հասցնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտներին ու Իսրայելին։

Իրանն այսօրվա դրությամբ, ի թիվս այլ օբյեկտների, ամբողջապես ավերել է 5-րդ նավատորմի բազան Բահրեյնում, որը տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության կարևորագույն հանգույց էր։ Ավերվել է նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազան, ռազմական ու հետախուզական օբյեկտներ Սաուդյան Արաբիայում, այդ թվում՝ Ռիյադում գտնվող ԿՀՎ-ի կենտրոնակայանը։ Իրանը շարքից դուրս է բերել գերժամանակակից մի քանի ռադարներ, որոնք ամերիկացիներին ու Իսրայելին զրկել են իրանական հրթիռների արձակումները դրանց հետագծի նախնական փուլում տեսնելու հնարավորությունից։ Այդ ռադարները նաև օգտագործվում էին Ռուսաստանի ու Չինաստանի օդային տարածքների մոնիտորինգի համար։ Ավելացնեմ, որ միայն այդ ռադարների վրա ԱՄՆ-ը ծախսել էր ավելի քան 2 միլիարդ դոլար։ Ռադարներից բացի, Իրանը շարքից դուրս է բերել մի քանի THAAD (Terminal High Altitude Area Defense) և Patriot հակահրթիռային համակարգեր։ Սպառման եզրին են ընդհանրապես ինչպես ամերիկյան, այնպես էլ իսրայելական հակահրթիռային հրթիռների, հարձակողական առաքելությունների համար նախատեսված թևավոր հրթիռների ու ճշգրիտ ռումբերի պաշարները։ Սրա մասին արդեն խոսել էի նախորդ հարցազրույցում։

Լուրջ հարվածներ են հասցվել Թել Ավիվին ու Հայֆային, այդ թվում Հայֆայի նավահանգստին, որը չափազանց կարևոր օբյեկտ է Իսրայելի տնտեսության համար։ Իրանը կարողացել է փակել Հորմուզի նեղուցը, ընդ որում՝ դա անել ոչ թե նավատորմի միջոցով, այլ ցամաքից` հրթիռային ու հրետանային սպառնալիքի միջոցով, ինչը չեզոքացնելն ամերիկացիների համար շատ ավելի բարդ խնդիր է։

ԱՄՆ-ում 10-15 արդեն տոկոսով բարձրացել է բենզինի գինը։ Բենզինի գներն ավելի զգալի աճ են գրանցել Եվրոպայում։ Լրջագույն ճգնաժամ է առաջացել ԱՄՆ-ի ու Պարսից Ծոցի արաբական երկրների միջև, որոնք եզրակացրել են, որ ոչ միայն չեն ստանում ակնկալված աջակցությունն ամերիկացիներից, այլ նաև թիրախ են դարձել հենց ամերիկացիների հետ ունեցած իրենց հարաբերությունների պատճառով։ Ճգնաժամը խորացել է այն բանից հետո, երբ ամերիկացիները այնտեղ դեռ գոյություն ունեցող հակահրթիռային պաշտպանության միջոցները տեղափոխել են Իսրայել։ Ծոցի երկրներում խոսում են ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում սահմանափակելու և ԱՄՆ-ում խոշոր ներդրումային ծրագրերից հրաժարվելու մասին։

-Բայց Իրանի նախագահ Փեզեշքիանը ներողություն խնդրեց Պարսից Ծոցի երկրներից ու հայտարարեց, որ նրանց նկատմամբ հարվածները ապակենտրոնացված ռազմական կառավարման հետևանք են, ոչ թե քաղաքական ղեկավարության տված հրամանների։

-Դա, իհարկե, այդպես չէ, և Փեզեշքիանն էլ, Ծոցի երկրների ղեկավարներն էլ հասկանում են, որ նման հայտարարությունը լուրջ ընդունել չի կարելի։ Այդ հայտարարության իմաստն ամենայն հավանականությամբ Ծոցի երկրների ղեկավարների դեմքը փրկելն էր ու նրանց համար Իրանի հետ պայմանավորվածությունների գնալը քաղաքականապես հեշտացնելը։

-Ի՞նչ վիճակում են քրդերի հետ բանակցությունները։ Եվ արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է գործոն դառնալ այս պատերազմում։ Երկու օր առաջ, լարվածությունն Ադրբեջանի ու Իրանի միջև շատ թեժացել էր։

-Արժանահավատ տեղեկություններ կան, որ քրդերը դիմադրում են պատերազմի մեջ մտնելու գաղափարին, քանի որ հիշում են, թե քանի անգամ ամերիկացիներն իրենց օգտագործեցին ու վերջում հանձնեցին բախտի քմահաճույքին։ Սիրիայի քրդական համայնքի ղեկավարները հորդորել են Իրանի իրենց ցեղակիցներին չտրվել ԱՄՆ-ի հետ համագործակցելու գայթակղությանը։ Ինչևէ, առայժմ մեծ էնտուզիազմ քրդերի մոտ չի նշմարվում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այո, նրանք մի երկու օր չափազանց ագրեսիվ տրամադրություն ունեին ի պատասխան Նախիջևանի օդանավակայանի մատույցներին հասցված ԱԹՍ-ի հարվածի։ Բայց երեկ արդեն այդ կրքերը զգալիորեն հանդարտվել էին։ Ենթադրում եմ` Իրանից Ալիևին հիշեցրել են, որ ադրբեջանական արտահանման եկամուտների մեջ նավթի ու գազի միասնական չափաբաժինը գերազանցում է ընդհանուրի 80%-ը։ Թերևս հիշեցրել են նաև, որ Ադրբեջանի ամբողջ տարածքը, հետևաբար նաև նավթային ու գազային ամբողջ ենթակառուցվածքը իրանական հրթիռների հեռահարության շառավիղից ներս են ընկած։

Ես կարծում եմ նաև, որ զսպող դերակատարություն է ունեցել Թուրքիան, որին ձեռնտու չէ Իրանի պարտությունն ու մասնատումը։ Նախ, Իրանի փլուզման դեպքում այնտեղ կարող է ստեղծվել քրդական պետություն կամ միավոր, ինչը թուրքերը համարում են գոյաբանական վտանգ իրենց շահերի նկատմամբ։

Երկրորդ, Իսրայելի վերնախավում կան տրամադրություններ, որ Իրանի հարցերը լուծելուց հետո պետք է նշանառության տակ վերցնել Թուրքիային, քանի որ վերջինս նույնպես կարող է խոչընդոտ լինել տարածաշրջանում Իսրայելի հեգեմոնիայի հավակնություններին։ Մասնավորապես, այդ մասին վերջերս բացահայտ հայտարարություն էր արել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենետը։

Ինչևէ, Ադրբեջանում շատ արագ վերադարձան ադեկվատության դաշտ մի երկու օր տևած ոգևորությունից հետո ու թուրքերն ամենայն հավանականությամբ այդտեղ մեծ դեր խաղացին։

-Եթե այս տարբերակով էլ Իրանի վրա ճնշումը նույնպես չի ստացվում, ի՞նչ է մնում ԱՄՆ-ին ու Իսրայելինդադարեցնե՞լ ռազմական գործողությունները։

 –Պատերազմական պլանի ձախողումը ԱՄՆ-ին ու Իսրայելին դժվարին ընտրության առջև է դրել։ Նրանք ստիպված են կամ իսկապես ընդունել պարտությունն ու զինադադար խնդրել Իրանից կամ նրանց էսկալացիայի միակ տարբերակը մնացել է բարբարոսությունը։ Նրանք կարող են Իրանին սպառնալ քաղաքների մասսայական ռմբակոծությամբ, կամ նույնիսկ միջուկային հարվածով։ Ես կարծում եմ, որ հատկապես Իսրայելը ընդունակ է նման քայլի, քանի որ Իսրայելի ներկայիս վերնախավը միաժամանակ ամեն ինչ համարում է երկրորդ հոլոքոստի նախերգանք և վստահ է, որ իրենց ներվում է ամեն ինչ։ Դա շատ վտանգավոր համադրություն է։

Հույս ունեմ, Իրանը խոհեմություն կունենա դադարեցնելու պատերազմը և նույնիսկ պատրաստ կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարների դեմքերը փրկելու որոշ քայլերի, եթե նման առաջարկ արվի։ Հույս ունեմ, Իրանը չի տրվի Իսրայելին շատ ավելի ցավոտ հարվածներ հասցնելու գայթակղությանը, որքան էլ որ ուժեղ ու արդարացված լինի այդ գայթակղությունը։

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի ու Իսրայելի պարտությունը Հայաստանի համար։

-ԱՄՆ-ի ու Իսրայելի պարտությունը բնականաբար թուլացնելու է նրանց դիրքերը տարածաշրջանում և ուժեղացնելու է Իրանինն ու Ռուսաստանինը։ Ես չեմ պատկերացնում Թրամփի ուղու նախագծի հաջող իրագործում իրադարձությունների նման ընթացքի դեպքում։ Ես կարծում եմ նաև, որ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը մեզ հիշեցնելու բաներ կունենան այդ պարագայում։ Մասնավորապես, Իրանի ղեկավարները մեզ հիշեցնելու են, որ մենք Ադրբեջանին մեր ձեռքն էինք մեկնում մի երկու օր առաջ ԱԳ նախարարի մակարդակով, երբ Իրանի հետ լարվածությունը գագաթնակետին էր։ Ասեմ նաև, որ Հայաստանի դիրքերը կարող են նաև ուժեղանալ ԱՄՆ-ի ու Իսրայելի պարտության պարագայում, բայց միայն եթե Հայաստանը ձերբազատվի ՔՊ-ական իշխանությունից։

-Հայաստանն էլ Իրանին հիշեցնելու բան ունի՝ ՔՊ-ի կողմից Արցախի հանձնումը Ադրբեջանին ողջունելը, Շուշիում Ալիեւի հետ թեյ խմելը։

 –Երբ ՔՊ-ն հանձնեց Արցախը, Իրանից ուրիշ բան ակնկալել չէր կարելի։ Որևէ այլ երկիր մեզանից ավելի նախանձախնդիր չէր կարող լինել Արցախը պահելու հարցում։ Եթե նույնիսկ ավելի նախանձախնդիր լիներ, սկզբունքորեն շատ բան չէր կարողանալու անել։ Բացի այդ, Իրանը կարող է ինչ-որ բաներ թույլ տալ իրեն, որ մեր քիմքին չեն, քանի որ Իրանից հաշիվ պահանջելու մեր կարողությունները խիստ սահմանափակ են։ Մեզնից հաշիվ պահանջելու Իրանի կարողությունները նույնքան սահմանափակ չեն լինելու, հատկապես երբ ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում թուլանա։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031