Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ շենքում անձամբ եմ մտել բազմաթիվ գնդապետների աշխատասենյակներ եւ հայտնաբերել, որ նրանք մատնված են կատարյալ անգործության». ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներքին նամակագրությունը. «Հրապարակ»

Մարտ 10,2026 11:35 Share

Գաղտնիք չէ, որ իշխանության ներսում դժգոհություն է կուտակվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ նրա անձնակազմի՝ տեղակալների, բանակի գեներալների հանդեպ: Օրերս «Հրապարակին» հասանելի դարձավ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներքին նամակագրությունը, որը դրա վկայությունն է: Նամակագրությունը նրանք վարել են անցյալ տարեվերջին, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով: Աշխատակազմի ղեկավարը ՊՆ-ում տիրող թերությունների վերաբերյալ գրությունը ստացել է Հայկ Սարգսյանից, ուղարկել է նախարարին, որից էլ ստացել է նրա արձագանքը: Հայկ Սարգսյանը մատնանշել է ավելորդ ու ժամանակատար թղթաբանությունը, ՊՆ շենքում բազմաթիվ գնդապետների կատարյալ անգործությունը, այն, որ զինվորական համազգեստը, որը դեռ 2022 թվականից խոստացել էին փոխել, բայց այդպես էլ չեն փոխել, մրցույթների ընթացակարգի թերությունները, գաղտնիության սկզբունքի չարաշահումը, որի արդյունքում անգամ ատամի մածուկի կամ վաքսի անհրաժեշտ քանակը կարող է պետական գաղտնիք համարվել:

«Մենք ունենք կառավարման արագության անկում՝ մեծամասամբ պայմանավորված գաղտնիության ռեժիմի գերարժեւորման հետ։ Նոր համազգեստի, սննդի մատակարարման եւ այլ մրցույթների կազմակերպումը մեզնից պահանջում է տարիներ։ Գաղտնիության հետ կապված հիմնական խնդիրներն են․
1. Սահմանափակ թվով կազմակերպություններ են տեղյակ լինում եւ մասնակցում մրցույթներին: Մասնակիցների փոքր թվով պայմանավորված, մրցույթները լինում են պակաս մրցակցային` ունենում ենք ֆինանսական միջոցների կորստի ռիսկեր:
2. Թղթաբանությունը եւ բուն մրցույթի ընթացքը դանդաղում են՝ ցանկալի նպատակին հասնում ենք շատ ավելի ուշ, քան մեզ անհրաժեշտ է, եւ ժամանակն սկսում է մեր դեմ աշխատել։
3. Դանդաղելով ունենում ենք ֆինանսական միջոցների կորուստ եւ որակապես ավելի ցածր գնումներ, քանի որ մեկ անձից գնումներ կատարելիս գինը լինում է ավելի բարձր՝ մրցույթի արդյունքներով ձեւավորվող գնից, իսկ որակը՝ ավելի ցածր»,- գրում է Հայկ Սարգսյանը, եւ նրա հետ դժվար է չհամաձայնելը:

Ըստ նրա, գաղտնիության ռեժիմը բերում է նրան, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է դառնում օրերի ընթացքում՝ այն դեպքում, երբ այն կարող է հասանելի լինել նույն պահին, բայց ՊՆ աշխատակիցներին արգելվում է օգտագործել համակարգիչներ եւ օգտվել համացանցից։ Եվ սա՝ այն դեպքում, երբ «հակառակորդը հեշտությամբ կարողանում է դիտարկել եւ տեղորոշել մեր զորամասերը, զինտեխնիկան, մարտական դիրքերն ու դրանց սնուցման ճանապարհները»: Ո՞ւմ է պետք նման գաղտնիությունը, որը միայն խնդիրների է հանգեցնում:

«ՊՆ շենքում անձամբ եմ մտել բազմաթիվ գնդապետների աշխատասենյակներ եւ հայտնաբերել, որ նրանք մատնված են կատարյալ անգործության։ Չի կարող վարչական շենքում աշխատող բարձրաստիճան զինվորականը կամ որեւէ այլ պաշտոնյա արդյունավետ աշխատել առանց համակարգչի։ Պետք է անհապաղ քննարկել վարչական շենքում աշխատող զինվորականների մեծ մասին այլ ծառայության վայրեր տեղափոխելու հարցը՝ հաշվի առնելով հատկապես սահմանային զորամասերում սպայական անձնակազմի թերի եւ ոչ պատշաճ որակավորում ունեցող կադրերով համալրվածությունը»,- գրում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը մեծ մասամբ ընդունում է պատգամավորի նշած խնդիրները, որոնք, ըստ նրա, «խրոնիկ բնույթ ունեն», դրանք արդեն ներկայացված են «Բանակի կերպափոխման հայեցակարգում»: Բայց անձնակազմի անգործության մասին պնդումը չի ընդունում: «ՊՆ-ում համակարգիչներից եւ համացանցից օգտվելու արգելքի, ինչպես նաեւ ՊՆ շենքում բազմաթիվ գնդապետների կատարյալ անգործության մասին պնդումներն առնվազն չափազանցված են»,- պատասխանում է Արայիկ Հարությունյանին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031