Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինս չէր վտանգի իր կյանքը, ընտանիքի ապագան. Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու կին

Մարտ 10,2026 13:27 Share

2022 թ. հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից չորս օր անց՝ անվտանգության դաշնային ծառայությունը (ՌԱԴԾ-ն՝ ФСБ) հաղորդել է, որ ձերբակալել է 8 անձի՝ պայթյունի հետ փոխկապակցված լինելու կասկածանքով: Ըստ ՌԱԴԾ-ի՝ պայթյունի մեղավորների թվում է նաեւ ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը: 2025 թ.-ի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության անունից կայացվել է դատավճիռ. ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը եւ եւս 7 քաղաքացի դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Ժենյա Տերչանյան

«Արթուր Տերչանյանը 2022 թվականի օգոստոսին ընդունվել է աշխատանքի՝ որպես Վրաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդ: Ամուսինս հատել է պետական, օրինական ճանապարհները՝ Վրաստան, Հայաստան, Ռուսաստան միջպետական ճանապարհներով է շարժվել, բեռը հասցրել է նշված կետ, այնտեղից հետդարձի համար բեռ է բարձել՝ նույն ձեւով Վրաստան վերադառնալու նպատակով: Վրաստան վերադառնալու ճանապարհին 3 օր հերթի մեջ սպասել է Լարսի անցակետում, ապա իմացել է դեպքի մասին ու իրեն կանչել են»,- Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց Արթուր Տերչանյանի կինը՝ Ժենյա Տերչանյանը:

Մանրամասն ՝ տեսանյութում.

«Ամուսինս անձամբ է ներկայացել ոստիկանություն՝ իմանալու համար, թե ինչու են իրեն կանչել: Մենք 21 տարի է՝ ամուսնացած ենք, 21 տարի է՝ Արթուրի կինն եմ: Իրեն լավ ճանաչելով՝ ես վստահ եմ, որ ամուսինս այդ քայլին չէր գնա: Նախ առաջինը՝ ինքը չէր վտանգի իր կյանքը, ավելի վստահ եմ՝ չէր վտանգի իր ընտանիքի կյանքը եւ ընտանիքի ապագան: Ես վստահ եմ, որ ինքն անմեղ է»,-ասաց Ժենյա Տերչանյանը:

Դատապարտված քաղաքացիներից ևս երկուսը ազգությամբ հայեր են՝ Արտյոմ եւ Գեորգի Ազատյանները։ Դատապարտյալների փաստաբանները ներկայացրել են ապացույցներ իրենց պաշտպանյալների անմեղ լինելու մասին: Անմեղությունը հաստատող այլ կարեւոր հիմք է Ուկրաինայի Ազգային անվտանգության ղեկավար Վասիլի Մալյուկի հայտարարությունը, որ իրենց «առաքելության» իրականացման համար իրենք օգտագործել են բազմաթիվ մարդկանց, որոնք ոչնչից տեղյակ չլինելով՝ պարզապես կատարել են իրենց ամենօրյա աշխատանքը։

Արթուր Տերչանյանը ՀՀ քաղաքացի է, նրան վերագրվող հոդվածները ՀՀ Քրեական օրենսգրքով նույնպես քրեորեն հետապնդելի են։ Հիմք ընդունելով ԵԽ-ի կողմից ընդունած և անդամ պետությունների, այդ թվում ՀՀ և ՌԴ կողմից վավերացրած «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ.-ի եվրոպական կոնվենցիան, ՀՀ իրավասու մարմինները, ըստ իրավապաշտպանների, ունեն բոլոր հիմքերը՝ պահանջելու ՌԴ-ից Արթուր Տերչանյանի փոխանցումը ՀՀ-ին, որպեսզի Տերչանյանն իր ընտանիքին մոտ պայմաններում կրի ազատազրկումը։

փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը՝ ձախից

«Արթուր Տերչանյանի եւ մնացած 8 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործը բաղկացած էր 118 հատորներից: Բոլոր այն հատորները, որոնք վերաբերում էին Արթուրին, մեր կողմից մանրամասն ուսումնասիրվել են, նաեւ դատավճիռն է ուսումնասիրվել: Առաջադրված հոդվածները 8 մեղադրյալներին եւ այդ թվում՝ Տերչանյանին, հետեւյալներն են՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը, որը վերաբերվում է ահաբեկչական գործողություններին, որոնք առաջացրել են մարդկանց մահ, վերաբերվում է ՌԴ Քրօրի 220 պրիմ-1 հոդվածի 4-րդ մասը, որը վերաբերվում է պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռք բերելուն, հանձնելուն, իրացնելուն, պահելուն,փոխադրելուն, առաքելուն կամ կրելուն:

Արթուր Տերչանյանի մասով մեկ այլ հոդված էլ կա՝ պայթուցիկ նյութերի մաքսանենգությունը: Բոլոր այն հատորները՝ քրեական գործի շրջանակներում, որոնք վերաբերվում են Արթուր Տերչանյանին, որեւէ ձեւ չեն ապացուցում Արթուր Տերչանյանի մեղքը՝ իրեն մեղսագրվող արարքի կատարման մեջ»,-նշեց փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, այն փաստարկներով, որ ներկայացրեց փաստաբանը՝ քրեական գործի ուսումնասիրության հիման վրա, չի հիմնավորվում, որ Արթուր Տերչանյանը տեղափոխել է պայթուցիկ նյութ, իրականացրել է այդ գործողությունները՝ աջակցելու համար:

«Բեռը տեղափոխվում է մի քանի պետությունների մաքսային, սահմանային ծառայություններով, ինչպե՞ս կարող էր որեւէ պետություն չբացահայտել այդպիսի վտանգավոր պայթուցիկ նյութը: Ես ապշում եմ, որ այդ քրեական գործում քրեական հետապնդում չկա անգամ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների դեմ: Պետք է ենթադրել չէ՞, որ հանցավոր համագործակցության մեջ է գտնվել բեռ տեղափոխողը՝ բոլոր պետությունների պետական ծառայողների հետ»:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031