Երեւանի քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի քննությունը։ Հիշեցնենք, որ գործով անցնում են 20-ամյա Գեւորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանը:
Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ: Նրա հետ միասին սպանվել էր նաեւ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
Գրիգորյանների ներկայացուցիչը նախ ներկայացրեց մեղադրյալներին առաջադրված մեղադրանքին վերաբերող իր առարկությունները:
«Նարեկ Օհանյանին առաջադրված մեղադրանքում արարքի փաստական կողմն ամբողջական չի ներկայացվել, որի արդյունքում հանցավոր արարքին տրվել է սխալ իրավաբանական որակում:
Կարդացեք նաև
Վարույթ իրականացնող մարմինը մեղադրանքի որոշման մեջ նշել է, որ Գեւորգ Հարությունյանը մեղադրվում է Նարեկ Օհանյանի կողմից հանցագործության միջոցները, հանցագործության հետքերը նախապես խոստացված ձեւով պարտակելու, օժանդակության համար: Ըստ մեղադրանքի՝ դեռեւս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել ինքնաձիգն ու 2026 թվականի սեպտեմբերին կրակոցներ է արձակել… շեշտվում է՝ վրեժի շարժառիթով: Մինչդեռ մինչեւ այդ սպանության դեպքը Վալոդյան չի շփվել Գեւորգի հետ, որեւէ առիթ չի եղել հանդիպելու կամ այնպիսի իրավիճակ չի եղել, որ ինչ-որ հարցի հետ կապված վիրավորած լինի Գեւորգին»,- ասաց Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Ազատ Շահբազյանը:
Ըստ նրա՝ այս քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը փորձագետից տացել է տեղեկություն, որ նշված ինքնաձիգն ամրակցված է եղել «Արծիվ 1» ջոկատին ու չի պարզել՝ ում վրա է հաշվառված եղել, ինչպես ու ում կողմից է հափշտակվել ու երբ է տրամադրվել Գեւորգ Հարությունյանին:
Շահբազյանը շեշտեց, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի սպանության դեպքին Վալոդյան ո՛չ ներկա է եղել, ո՛չ առնչություն է ունեցել: Փաստաբանի խոսքով, սպանության գործի նախաքննության ժամանակ Գրիգորյանը նույնիսկ վկա չի հարցաքննվել:
«Գեւորգ Հարությունյանը ցուցմունք է տվել ու հայտնել, որ չի ճանաչել Վալոդյայի հետ սպանված Կարեն Աբրահամյանին, եթե երեք անձի սպանելու դիտավորություն է ունեցել, ապա քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ պետք է նշվեր այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն ծանրացնող հանգամանքի մասին,- ասաց Շահբազյանը:
Նա նկատեց, որ Վալոդյա Գրիգորյանը «Միասնություն» դաշինքի առաջին համարն էր, հաղթել էր համայնքապետի ընտրություններում: ՔՊ երեք թեկնածուներից մեկը եղել է գործող համայնքապետ Մհեր Ախտոյանը, որն այս քրեական գործով կասկածվում է ենթադրյալ հանցանքի կատարման կազմակերպիչ, քանի որ ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2025-ի փետրվարի 5-ի դեպքերից հետո հայտարարել էր՝ «Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ»:
Փաստաբանը հավելեց նաեւ, որ հաշվի առնելով, որ Վալոդյա Գրիգորյանը իրականացրել է քաղաքական գործունեություն, նման պայմաններում տուժող կողմը գտնում է՝ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք պետք էր առաջադրել քր օրենսգրքի 155 հոդված ի 2-րդ մասի առաջին կետով՝ քաղաքական գործունեություն իրականացնող անձի սպանություն: Ըստ փաստաբանի՝ Գեւորգ Հարությունյանը առանց նախապատրաստական աշխատանքների. միայնակ չէր կարող կատարել այս հրեշավոր հանցագործությունը, հետեւաբար, իրենք գտնում են՝ մեղադրանքը պետք է առաջադրվեր Քր օրենսգրքի 155 հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն:
Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն էլ ներկայացրեց իր դիրքորոշումը ՝ պնդելով, որ մինչեւ այս պահը Օհանյանին պարզաբանված չէ մեղադրանքի էությունը: Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալ Նարեկ Օհանյանը պնդել ու պնդում է , որ Վալոդյա Գրիգորյանը որեւէ մասնակցություն չի ունեցել եղբոր սպանությանը:
«Մեզ պետք է պարզաբանել՝ որտեղից վարույթ իրականացնող մարմնի տեսակետը, թե Նարեկ Օհանյանը վրեժի զգացում է տածում Վալոդյայի նկատմամբ: Մի պահ ընդունենք, որ իրոք վրեժ է տածել Վալոդյայի նկատմամբ ու ցանկացել սպանել նրան, բա Կարեն Աբրահամյանի ու Հարություն Գալստյանի նկատմամբ ի՞նչ վրեժ ուներ Նարեկ Օհանյանը: Մինչեւ հիմա չգիտենք՝ ինչից պաշտպանվենք: Ի՞նչ վրեժի շարժառիթի մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է չարչրկված հանգամանքին, որ Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տրամադրել է Գեւորգ Հարությունյանին մինչեւ դեպքի կատարումը ու դրանով օժանդակել նրան: Տրամադրել բառը բոլոր բառարաններով մեկնաբանվում է որպես գործություն, խնդրել ենք պարզաբանել այդ մեղադրանքի մեջ ներկայացված կիսակառույց տան տրամադրման գործողությունն ինչպես ու երբ է կատարվել, ինչ է ենթադրել վարույթ իրականացնող մարմինը «տրամադրել» ասելով:
Չպարզաբանված մեղադրանքը անորոշ մեղադրանք է, իսկ անորոշ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը իրավաչափ չէ»,- ասաց պաշտպան Հովհաննիսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































