Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 182 օր Հայաստանում գտնվողներն ունեն հայտարարագիր լրացնելու պարտավորություն. ՊԵԿ նախագահի տեղակալ

Մարտ 10,2026 16:57 Share

«Ռեֆորմը մեկնարկել է դեռեւս 2 տարի առաջ, երբ առաջին խումբը հայտարարագիր ներկայացրեց, անցյալ տարի դրան միացան այլ խմբեր, այդ թվում ՝ վարձու աշխատողների խումբը: Այս տարի, ըստ էության, միանում են բոլոր մնացածը: Այսինքն, բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը՝ խոսելով եկամուտների հայտարարագրման գործընթացի մասին:

Նրա ձեւակերպմամբ, համակարգը արդիականացվում եւ ավելի է պարզեցվում. «Նույնիսկ անցյալ տարի հայտարարագրերի բավականին մեծ հատված ինքնաշխատ կերպով հանձնվել է ՊԵԿ-ին, այսինքն՝ մենք ենթադրեցինք, որ այն եկամուտներից բացի, որոնք ՊԵԿ-ին հայտնի են, քաղաքացիները ավել հայտնելու բան չունեն: Այդքանով այդ տեղեկատվությունը համարեցինք ամբողջական:

Այս տարի այդ գործընթացը շարունակվելու է նույն տրամաբանության մեջ, կգործի նույն վերջնաժամկետը: Եթե մինչեւ նոյեմբեր մեր քաղաքացիները կունենան հավելյալ հայտարարագրման ենթակա եկամուտներ, պարտավորություն ունեն բացել համակարգը եւ նշել դրանց մասին, իսկ եթե մինչեւ նոյեմբերի 1-ը որեւէ գործողություն չանեն, մենք հաշվի կառնենք, որ այն տեղեկատվությունը, որին ՊԵԿ-ը տիրապետում է, ըստ էության հարկ վճարողի կարծիքով՝ ամբողջական է, ավելացնելու ոչինչ չկա: Եվ հայտարարագիրը այդ տեսքով կազմված կհամարենք հանձնված ՊԵԿ-ին»:

Նա ընդգծեց, որ ցանկացած քաղաքացի, ով նաեւ ՀՀ ռեզիդենտ է, իր կենսական շահերի կենտրոնը կամ գտնվում է Հայաստանում, կամ նա տարվա մեջ 182 օրից ավել գտնվել է Հայաստանում, ունի հայտարարագիր լրացնելու պարտավորություն:

Թոշակառուների մասին խոսելիս՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Պետությունը տիրապետում է թոշակառուների թոշակների մասին տեղեկատվությանը, եւ նրանց հայտարարագրերը ինքնաշխատ կերպով լրացվում են համակարգում: Մենք շաբաթներ առաջ գործարկեցինք տվյալների փոխգործելիության նոր մասը, որը թոշակների, սոցիալական վճարների, Զինապահ հիմնադրամին կատարված վճարումների մասով տեղեկատվության փոխգործելիությունն էր, եւ այդ քայլով ամբողջացրինք հայտարարագրման ենթակա այն եկամուտների ցանկը, որը պետությանը հայտնի է»: ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ թոշակառուն կարող է հեռախոսով համապատասխան հավելվածը ներբեռնել եւ տեսնել հայտարարագիրը, ավելի շուտ՝ նախալրացված տարբերակը:

Միջանձնային փոխանցումների մասին խոսելիս էլ Ռաֆայել Գեւորգյանը հետեւյալը պարզաբանեց. «Եթե խոսքը նվիրատվությունների, փոխառությունների, վարկերի կամ նման այլ գործարքների մասին է, որը նախկինում հայտարարագրման ենթակա էր, նոր փոփոխություններով (օրինակ, վարկերի մասով, բազմաթիվ քաղաքացիներ այդ հարցը բարձրացնում են, թե ինչու են վարկերը հայտարարագրվում) ֆինանսների նախարարությունը վերացրել է այդ պահանջը, այսուհետեւ կարիք չկա հայտարարագրելու վարկերը: Վերանայվել է նաեւ միջանձնային փոխանցումների շեմը՝ հասցվելով մինչեւ մեկ միլիոն դրամի: Օրինակ, եթե մի ընկեր մյուսին փոխանցում է կատարել, ասենք միասին սրճարան են գնացել, հետո ընկերը փոխանցել է այդ գումարը, հիմա գործարքի առումով շեմի առկայությունը հնարավորություն է տալիս, որ քաղաքացիներն այլեւս չանհանգստանան միմյանց նման գումարներ փոխանցելիս»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031