Ինչպես է նման սերը սնվում ատելությամբ ու վախերով
Հերման Հեսսեն ունի մի հեքիաթ (առակ)՝ «Աուգուստուս»: Դա մարդու անուն է. գլխավոր հերոսի մայրը «բարի կախարդից», որը գլխավոր հերոսի կնքահայրն է, թույլտվություն է ստանում որդու վերաբերյալ հայտնել իր միակ ու ամենամեծ ցանկությունը, որը, ինչպես խոստանում է «հրաշագործը», անպայման կկատարվի: Մայրը երկար է տատանվում հարստության, իշխանության եւ փառքի միջեւ, բայց, ի վերջո, օրորոցում պառկած իր երեխայի ականջին շշնջում է՝ «ուզում եմ, որ քեզ բոլորը սիրեն»:
Թվում է, թե հրաշալի ցանկություն է՝ որքա՜ն երջանիկ պետք է լինի այն մարդը, որին բոլորը սիրում են: Բայց իրականում դա մեծ դժբախտություն էր Աուգուստուսի համար. նա մեծանում է համընդհանուր պաշտամունքի միջավայրում, իրեն աշխարհի կենտրոն է պատկերացնում եւ, քանի որ նրան ամեն ինչ ներվում է, դառնում է անգութ, եսասեր մի խաբեբա: Նրան, այո, բոլորը սիրում են, եւ հենց այդ պատճառով էլ նա բոլորին արհամարհում է, բոլորին ցավ է պատճառում: Աուգուստուսի նկատմամբ սերը իշխանության աղբյուր է դառնում, որովհետեւ նա գիտի, որ ինչ էլ անի, իրեն ներելու եւ արդարացնելու են:
Հեքիաթը գրվել է 1913 թվականին՝ Հեսսեի հայրենիքին պատուհասած աղետները դեռ առջեւում էին: Բայց նրբազգաց արվեստագետը, հավանաբար, ինչ-որ բան կանխազգում էր:
Կարդացեք նաև
Հեսսեն ընկալում էր «սիրո» վտանգները որպես արվեստագետ, բայց հետագայում քաղաքական փիլիսոփաները, առաջին հերթին՝ Էրիխ Ֆրոմը եւ Հաննա Արենդտը, ցույց տվեցին այն որոգայթը, որի մեջ ընկնում է «սիրող ժողովուրդը»: («Որոգայթ փառաց»՝ ինչպես դեռեւս 18-րդ դարում իրենց աշխատությունն էին անվանել մեր հայրենակիցները): Սիրո ձգտումն այդ դեպքում անցնում է հետեւյալ ճանապարհը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ անկումը: «Քանի որ ես միակն եմ, ով սիրում է ժողովրդին կամ, հայկական եզրաբանությամբ՝ էս ժողովրդի մասին է մտածում, նրա մատից փուշ է հանում, ուրեմն ժողովուրդը պետք է սիրի ինձ»:
Դրա հաջորդ քայլն է. «Քանի որ ես իշխանություն եմ ստացել ժողովրդի սիրո շնորհիվ, հետեւաբար, նա, ով ինձ հետ այս կամ այն հարցում համաձայն չէ, ոչ թե իմ ընդդիմախոսն է, այլ ժողովրդի թշնամին է, փաստացի՝ հանցագործ եւ դավաճան»: Ստացվում է, որ «ժողովրդի» եւ «ժողովրդի թշնամիների» բաժանումը միանգամայն արդարացված է: Ինչպես արդարացված են նաեւ դատարանի, խորհրդարանի, ընդդիմադիրների, լրատվամիջոցների հանդեպ ճնշումները:
Ինչպես եւ Հեսսեի հեքիաթում՝ «սիրող ժողովուրդն» իր առաջնորդին ներում է ամեն ինչ՝ երկրպագում է նրան, արդարացնում է նրա, մեղմ ասած, տգեղ արարքները եւ փաստացի արհամարհանքը իր՝ ժողովրդի հանդեպ: Ինչպես նաեւ՝ ինչ-որ տեղ վախենում է նրանից՝ ձգտելով իրեն դրսեւորել որպես «ժողովուրդ», ոչ թե որպես «ժողովրդի թշնամի»:
Մի խոսքով՝ «քաղաքական սիրո» մեջ որոշիչ դեր է խաղում «թշնամու կերպարը», որովհետեւ այդ սերը մշտապես պետք է սնել ատելությամբ: Ընդ որում, թիրախները կարող են փոխվել: Այդպես է, մասնավորապես, Հայաստանում. առաջ թշնամիները «նախկիններն» էին ու «թալանչիները», որոնք ուզում էին վերադառնալ ու նորից թալանել, հիմա՝ Կրեմլը եւ նրա գործակալները, որոնք ցանկանում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի գուբերնիա, ինչպես նաեւ ներքաշել Հայաստանը նոր պատերազմի մեջ: Այդպիսով, «թշնամին» ոչ թե կոնկրետ մարդ է կամ խումբ՝ դա, ավելի շուտ, գործառույթ է, ֆունկցիա:
«Սերը»՝ այն «սերը», որի մասին մենք հիմա խոսում ենք, եւ վախը մշտապես քայլում են ձեռք ձեռքի տված: Անցնում է այդ «սիրո» կախարդանքը, անցնում է եւ վախը:
…«Աուգուստուս» հեքիաթն ավարտվում է նրանով, որ գլխավոր հերոսը խնդրում է կնքահորից վերացնել կախարդանքը ու սովորեցնել իրեն՝ սիրել մարդկանց: Դրանից հետո նա հանդիպում է ատելությանը, զրկանքներին, նվաստացումներին: Բայց, մյուս կողմից, հենց այդ ժամանակ է սկսում իրապես ապրել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2026


















































