«Հրապարակի» զրուցակիցն է իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին:
– ՀՀ իշխանություններն Ադրբեջանին ճանապարհ են առաջարկում, ԹՐԻՓ-ից բացի, Նախիջեւանի հետ կապ հաստատելու համար, այս քայլին Իրանն ինչպե՞ս կվերաբերվի:
– Ամեն դեպքում, Հայաստանն ու Իրանը տարածաշրջանում մի անվտանգային միջավայրի մեջ են, եւ պետք է նրանց քաղաքականությունը լրացնի մեկը մյուսին, որ կարողանանք այս տարածաշրջանում ունենալ իրական անվտանգություն եւ չեզոքացնել մեզ սպառնացող վտանգները: Եթե Իրանը ճանապարհը փակում է Ադրբեջանի համար եւ դրանով փորձում է զսպել նրանց քաղաքականությունը, այդ ռազմատենչ քաղաքականությունը, նրանց նկրտումները, որոնք հետագայում կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, շատ ագրեսիվ պահվածքը, եւ երբ Իրանը փորձում է լծակներ գործադրել Ադրբեջանի ուղղությամբ, Հայաստանը չպետք է Ադրբեջանին փրկության պատուհան բացի: Մեր երկու երկրների պաշտոնյաները պիտի ամեն ինչ համաձայնեցնեն, որովհետեւ մենք մի անվտանգային միջավայրում ենք եւ պետք է միասին պահպանենք կայունությունը տարածաշրջանում: Իրանն Ադրբեջանի վրա լծակներ ունի, պետք է այդ լծակները պահպանենք, որպեսզի կարողանանք զսպել Ադրբեջանին:
– Այսինքն, ՀՀ իշխանությունների առաջարկը զրկո՞ւմ է Իրանին՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած լծակներից, ճի՞շտ եմ հասկանում:
Կարդացեք նաև
– Թուլացնում է Իրանի դիրքերը, պետք է այնպես լինի, որ հաշվարկներն ավելի ուշադիր անեն, քայլերն ավելի զգույշ անեն, որ Իրանին չզրկեն կամ Իրանի դիրքերը չթուլացնեն տարածաշրջանում․ վերջիվերջո, Իրանը շատ կարեւոր դեր ունի այս տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի անվտանգային համակարգի մեջ:
– Արդյոք ՀՀ իշխանությունները կանխատեսելի՞ են Իրանի համար:
– Հայաստանը փորձում է չեզոքություն պահպանել, բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք տեսնում ենք ոչ ճիշտ հաշվարկներ, քայլեր։ Օրինակ, Ադրբեջանը հայտարարել էր, որ Նախիջեւանի վրա իբրեւ թե Իրանի հարձակումից հետո մի շարք երկրներ զանգահարել կամ մեսիջներ են հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին, իրենց զորակցությունն են հայտնել, որ Ադրբեջանի կողքին են կանգնում: Դա անտեղի էր, որովհետեւ Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ չի հարվածել Նախիջեւանին։ Երբ Իրանը հայտարարում է դա, ապա այդ բոլոր զորակցությունները զրոյանում են: Պետք է ավելի խոհեմ լինել, ավելի համբերատար, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններին չվնասենք, բայց, ամեն դեպքում, հիմա Իրանը փորձում է բոլոր հարեւանների հետ պահպանել նորմալ հարաբերություններ: Նման բաներ լինում են, բայց հետագայում պիտի խուսափենք այդպիսի իրավիճակներից, որոնք կարող են ռիսկի ենթարկել մեր հարաբերությունները:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































