2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը, որը վերաբերում է Ազգային ժողովի ընտրություններին, ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարի 7-ից։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ի՞նչ են ասում այդ փոփոխությունները․ մասնավորապես, կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 տոկոս, դաշինքների շեմը 7 տոկոսից բարձրացել է 8 տոկոս եւ 10 տոկոս։ Մինչեւ երեք կուսակցություններից բաղկացած դաշինքները 8 տոկոսի շեմի ներքո են, երեք եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 տոկոս շեմ պիտի հաղթահարեն։ Մյուս փոփոխությունը՝ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7,5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 մլն։ Սրա նպատակն այն է, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, այսինքն՝ գաղափարակից քաղաքական ուժերն ավելի հակված լինեն միավորվելու։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի մեզանում ձեւավորվեն խոշոր քաղաքական ուժեր, դա շատ կարեւոր արդյունք կտա, առավել կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ինքը կնպաստի նաեւ ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Մյուս փոփոխությունը, որը փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել, վերաբերում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Նախկին օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձեւավորում։ Այս արգելքը հանվել է, նոր կարգավորումներով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած ուժին։ Եթե այդ ժամկետում այդ ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա ձեւավորելու։
«Դրա վառ օրինակ էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին եւ ձեւավորեցին կոալիցիա։ Արդյունքում՝ առավել ձայներ ստացած ուժն այդ կոալիցիայից դուրս մնաց։ ԱԺ ընտրությունների պարագայում այս կարգը եւս առկա է։ Մյուս փոփոխությունը այսպես կոչված լրացուցիչ մանդատների՝ բոնուսների ինստիտուտին է վերաբերում։ Նախկինում դա 54 տոկոս էր, իջեցվել է 52 տոկոսի։ Ինչի՞ մասին է խոսքը՝ այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն՝ եթե որեւէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող։ Բայց եթե որեւէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52 տոկոսից, ԸՕ-ն սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ մինչեւ 52 տոկոսը լրացնելու չափով»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մանդատների բաշխման նոր կարգին։ Այն դեպքում, եթե քաղաքական ուժի ձայները 2/3-ից պակաս կլինեն, բայց մանդատները 2/3-ից ավելի կլինեն, այդ ավել մանդատները կբաշխվեն շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի մեջ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































