Հայ անվանի դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Նշանակումը ոգեւորությամբ է ընդունվել նվագախմբում: Վահագն Պապյանը հասցրել է ղեկավարել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին նվիրված համերգին, եւ ունկնդիրը վայելել է Միրզոյանի Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ գոսերի համար, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներից մեկը։

Press conference on the appointment of renowned Armenian conductor and pianist Vahagn Papyan as Artistic Director and Chief Conductor of the Armenian State Chamber Orchestra, held at the Komitas Chamber Music House. Yerevan, Armenia
«Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում կարեւոր իրադարձություն է այսօր տեղի ունենում, մեր լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարիների դադարից հետո ունենալու է մշտական դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար: Շատ կարեւոր է ունենալ երկար տարիների տեսլական՝ նվագախումբը զարգացնելու, որակական բարձրացում իրականացնելու համար, եւ այստեղ մեծ շանս ունենք, որովհետեւ մեր լավագույն մաեստրոներից մեկը, որը երկար տարիներ ապրում էր արտասահմանում, համաձայնել է ստանձնել այդ բարձր պատասխանատվությունը»,-ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով Վահագն Պապյանի նշանակմանը:

Press conference on the appointment of renowned Armenian conductor and pianist Vahagn Papyan as Artistic Director and Chief Conductor of the Armenian State Chamber Orchestra, held at the Komitas Chamber Music House. Yerevan, Armenia
«Ես Կամերային նվագախմբի հետ կապ ունեմ 1984 թվականից՝ առաջին ելույթս եղել է 1984-ին: Ռուբեն Ահարոնյանն ինձ հրավիրեց համերգ ղեկավարել: Ես այդ ժամանակ աշխատում էի Ֆիլհարմոնիկ նվագախմբում, որն այն ժամանակ կոչվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ: Մենք որպես հին կոլեգաներ համագործակցում էինք: Կամերային նվագախումբը միշտ ունեցել է ուժեղ կազմ…
Այժմ, երբ ինձ առաջարկ եղավ ղեկավարել կամերային նվագախումբը, 2 հանգամանք որոշիչ եղավ. առաջինը, որ ես կարող եմ հայերեն խոսել երաժիշտների հետ, ոչ մեկդ դրա գինը չգիտեք, իսկ ես լավ գիտեմ, եւ երկրորդը, որ նվագախումբը շատ լավն է, համալրված՝ որակյալ, բարձր մակարդակի պրոֆեսիոնալներով, որոնք լայն կատարողական ունակություններ ունեն: Արդեն որերրորդ ծրագիրն է, նվագախմբի հետ հանդիպում եմ եւ հաճույք եմ ստանում: Ինչ վերաբերում է ծրագրերին, նախ նվագախումբը պետք է իրականացնի՝ ինչ ծրագրված էր մինչեւ իմ նշանակումը, բայց նաեւ ծրագրերը կընդլայնվեն»,-ասաց մաեստրոն:
Կարդացեք նաև
«Հայաստանի պետական կամերային նվագախումբը ավանդաբար եղել է լարային նվագախումբ, այն անկասկած պետք է ընդլայնվի եւ համալրվի կամերային նվագախմբին բնորոշ փողային կազմով: Եվ ըստ դրա՝ նաեւ երկացանկը կհամալրվի: Մենք կունենանք եւ հատուկ պրոյեկտներ, եւ ավանդույթներով ծրագրեր, որոնք պետք է պրոպագանդվեն նվագախմբի կողմից, նաեւ անկասկած հայ կոմպոզիտորների գործեր՝ եւ դասական եւ ժամանակակից: Ճիշտ է՝ բավականին բծախնդիր ընտրությամբ: Ես ուզում եմ ոչ թե էքսպերիմենտալ ձեւով, այլ հաստատակամ կերպով այդ ստեղծագործությունները կյանք ունենան»,-ասաց Վահագն Պապյանը:
Ինչ վերաբերվում է դաշնակահարի իր կարիերայի վերաբերյալ լրագրողի հարցին, Վահագն Պապյանը ժպիտով ասաց, որ ավելի քան 60 տարի դրանով է զբաղված, միայն 8 տարի է ընդհատում եղել, երբ չի եղել դաշնակահար, բայց սկսած 1989 թվից վերականգնվել է որպես դաշնակահար. «Բավականին ակտիվ եմ, դեռ ուժերս հերիքում են, չեմ պատրաստվում ընդհատել: Կամերային երաժշտությունն էլ կնվագենք դաշնամուրով, եւ երաժիշտներին հետաքրքիր կլինի, եւ ինձ, նաեւ իրենց կիմանամ ավելի մոտիկից»:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանն ասաց, որ նվագախումբն աշխատել է այլ դիրիժորների հետո, ու հիմա մեծ ուրախությամբ են նշում, որ մաեստրո Պապյանը միացել է իրենց, պատրաստ են ներկայացնել լավագույն ստեղծագործությունները ՝ շարունակելով հայ կոմպոզիտորներին հանրահռչակելու իրենց առաքելությունը: Հավելեց, որ կկատարեն նաեւ այնպիսի գործեր, որոնք երբեւէ չեն հնչել Հայաստանում կամ երկար ժամանակ չեն հնչել:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը եւս շնորհավորեց թե կամերային նվագախմբին, թե Կամերային երաժշտության ազգային կենտրոնի անձնակազմին ու երաժիշտներին՝ մաեստրոյի նշանակման առիթով: Ասաց, որ Վահագն Պապյանի հետ աշխատելը մեծ պատիվ է, եւ վստահաբար ունենալու են բավականին հետաքրքիր ծրագրեր՝ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































