«Իմ անձնական համոզմամբ՝ 2024-ի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք ՀՀ պետականության եզրին։ Եթե 2024-ի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց մեկնարկելու որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»,- Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ սահմանազատման որոշումը 2024-ի ապրիլին կայացնելը դժվար էր․ «Մեր եկեղեցու՝ փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը ՀՀ-ում շարժում էր սկսել՝ պահանջելով, որ ոչ միայն չիրականանա սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել ղարաբաղյան շարժումը՝ ասել է, թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, որոնք պնդում էին, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ, և հիմա Տավուշի Կիրանց գյուղը, որը եկեղեցական շարժման առաջնորդներն իրենց խորհրդանիշն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է, սահմանազատումից հետո այնտեղ տների մոտ հիսուն տոկոսի աճ է տեղի ունեցել։ Այսօր այն խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է»։
Նաև անդրադառնալով հոգևորականների դեմ իրենց կողմից տարվող արշավին՝ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարեց․ «Խաղաղության դեմ տարվող այս գործընթացում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդանում և միջազգային հեղինակավոր կառույցներում փորձում տարածել, թե ՀՀ կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, թե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, նրանցից ոմանց՝ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, նրանք ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով ՀՀ նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են ՀՀ անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Մենք նոր հակամարտություն ու նոր պատերազմ թույլ չենք տալու»։
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Օրեր առաջ Բագրատ Սրբազանն ասել էր. «Սահմանազատում-զահմանագծում ես միշտ ընդունում եմ, չեմ ընդունում այն միակողմանի, ծնկած, ողորմություն խնդրող վիճակում գտնվող Հայոց պետության ղեկավարը, որ սպառնալիք է դարձել իր ժողովրդի համար»։

















































