Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ օրեր առաջ Ամասիա այցելած ու իրենց տանտիրոջ պես պահած ադրբեջանցիները բարձր տրամադրությամբ կերուխում են անում Գյումրու գաստրոտներից մեկում․ վայելում հայկական երաժշտությունը, նստած պարային շարժումներ անում, հարցեր տալիս մատուցողին, հետաքրքվում են, թե երգը հի՞ն է, ի՞նչ է նշանակում պատի գորգի վրա փակցված «Բարի գալուստ» արտահայտությունը, ուսումնասիրում են գաստրոտան մի անկյունում տեղադրված հայկական գինիներն ու կավից պատրաստված սպասքը ու տեսանյութի վերջում հայերենով շնորհակալություն հայտնում։
Այս տեսանյութը, որը հրապարակել են հենց ադրբեջանցիները, զայրացրել է գյումրեցիներից շատերին․ նրանք բուռն կերպով են արձագանքել՝ գրելով, թե հարց ուղղեք գաստրոտան հիմնադրին, թե ինչպե՞ս է իր մոտ հյուրընկալել ադրբեջանցիներին։ Օգտատերերից մեկն էլ իր էջում թարգմանել է ադրբեջանցիների տեղադրած տեսանյութին կից գրառումը, որտեղ ասվում է․
«Հայրենիք, սպասիր, մենք կգանք։ Ահմենդով եղբայրները՝ Ռովշենը և Իլհամը՝ Հայաստանում սրճարանում։
Հարազատ վայրեր տեսնելը, այնտեղ շրջելը, նրա օդը շնչելը կյանքի հրաշքն է։
Մեր սիրտը կարոտից ցավում է, ՀԱՅՐԵՆԻՔ»։
Ու քանի որ գյումրեցիները նշում էին այն գաստրոտան անունը, որտեղ հյուրընկալվել են ադրբեջանցիները, մենք եղանք այնտեղ՝ հիմնադրից հետաքրքրվելով, թե ե՞րբ են նրանք այցելել, իմացե՞լ են արդյոք, որ ադրբեջանցիներ են, ինչպե՞ս են նրանք իրենց պահել, ի՞նչ են զրուցել։
Կարդացեք նաև
Մենք գաստրոտան անունը չենք հրապարակի, որպեսզի չհամարվի հակագովազդ կամ գովազդ։ Նշենք միայն, որ գաստրոտան դուռը բացելուն պես՝ դիմացը Տիգրան Մեծի մեծ պատկերն է՝ Հայաստանի ու Արցախի դրոշներով։ Գյումրվա կոլորիտն է իշխում․ փոքրիկ այդ տեղանքի ամեն անկյունում հայկական մշակույթից տարրեր կան, նույնիսկ արծաթյա զարդեր՝ հայկական զարդանախշերով, որոնք պատրաստվում են հենց հիմնադրի ձեռքով։ Հնչող երաժշտությունը ևս հայկական է, խոհանոցը բացառապես հայկական է։ Մեր ներս մտնելուն պես՝ ունկնդրեցինք Ռաֆայել Պատկանյանի խոսքերով գրված «Արի՛, իմ սոխակ» օրորոցային երգը։
Հիմնադիր Համլետ Գևորգյանը, որը երկար տարիներ բնակվել է Կանադայում, այնուհետև վերադարձել ծննդավայր, մեզ հարցազրույց տվեց՝ չցանկանալով նկարահանվել ու ձայնագրվել։
Նա ասաց, որ գյումրեցիներից բացի՝ գաստրոտուն մտնում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և իրենք երբևէ ներս մտնողից չեն հետաքրքրվել, թե ինչ ազգության ներկայացուցիչ է։
«Մենք չգիտեինք, որ ադրբեջանցիներ են, ներս մտնողի անձնագիրը հո չենք ստուգում»,- ասաց մեր զրուցակիցը։
Համլետ Գևորգյանը պատմեց, որ նրանք խոսել են ռուսերեն, գաստրոտուն եկել են երեք հոգով՝ երկու տղամարդ և մի կին, որը նրանցից մեկնումեկի տիկինն էր։ Գաստրոտան աշխատակիցները ադրբեջաներեն որևէ բառ չեն լսել նրանց բերանից, որ կասկած առաջանար։ Ու քանի որ խոսել են ռուսերեն՝ Դաղստանի անունը հաճախակի հնչեցնելով, իրենց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե նրանք Դաղստանի բնակիչներ են։ Ի դեպ, ըստ գաստրոտան հիմնադրի, Դաղստանից հյուրեր հաճախակի են ունենում։
Համլետ Գևորգյանը երեկ համացանցում է տեսել տեսանյութը։ Նա ասաց, որ իրենց մոտ երբևէ ոչ մի հաճախորդի չեն արգելում նկարահանում իրականացնել, լուսանկարվել, բայց և այնպես չեն նկատել, որ ադրբեջանցիները տեսանկարահանում են։
Նրանք գյումրվա քյալլա են համտեսել, 40-50 րոպե նստել, իրենց հետ կենցաղային որոշ հարցերի շուրջ փորձել զրույցի բռնվել և հեռացել են։
Գաստրոտուն եկել են շքեղ մեքենաներով՝ ռուսական պետհամարանիշներով։ Ըստ մեր զրուցակցի, նրանք այցելել են մոտ մեկ ամիս առաջ։
«Մեզ մոտ գյումրվա քյալլա եկել են ուտելու նաև բեռնատար մեքենաների թուրք վարորդներ, հնդիկներ, որոնք եկել էին Դուբայից՝ հատուկ համտեսելու գյումրվա քյալլան»,- ասում է մեր զրուցակիցը։
Ըստ Համլետ Գևորգյանի, թեև չի իմացել, որ նրանք ազգությամբ ադրբեջանցիներ են, բայց և այնպես մտածում է՝ եթե հենց սկզբից իմանար կամ կռահեր, ինչպե՞ս էր վարվելու, եկել են ՌԴ-ից, ՌԴ քաղաքացիներ են, դուրս պիտի անե՞ր գաստրոտուն այցելողին։
Նկատենք, որ ի վերջո ադրբեջանցիների՝ Հայաստան մուտք ու ելքի համար պատասխանատուն գաստրոտան սեփականատերը չէ։
Հիշեցնենք, որ այս նույն ադրբեջանցիները մոտ մեկ ամիս առաջ շրջում էին նաև Ամասիայում, նկարահանում բոլոր կառույցները, մեկնաբանում, թե ինչ կառույցներ են դրանք։
Քանի որ այդ ժամանակ ևս մեծ աղմուկ բարձրացավ, լրատվամիջոցները դիմել էին ԱԱԾ, որը պարզաբանել էր, թե տղամարդիկ ազգությամբ ադրբեջանցի են, սակայն Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք Հայաստան են մտել ու երկրից դուրս եկել Բագրատաշենի անցակետով, այցը կրել է մասնավոր բնույթ։ Ընդ որում, ըստ ԱԱԾ-ի, նրանցից մեկը Հայաստան է անցել նաև 2013 թվականին, մյուսը՝ 2014-ին։
Ի դեպ, ԱԱԾ-ի այս պատասխանը ևս զարմացրել էր Ամասիայի բնակիչներից շատերին․ նրանք հարցնում էին, թե այդ ո՞ր օրվանից է թույլատրվում օտարերկրյա քաղաքացիներին, հատկապես Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ ունեցող և մեր երկրի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» համարող ադրբեջանցիներին մանրազնին նկարահանել բոլոր տեղանքները, երբ այնտեղ կան ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներ։ Ի վերջո, ո՞վ պետք է ապահովի Հայաստանի քաղաքացու անվտանգությունը և ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նկարահանումներին զուգահեռ՝ հնչեն մեկնաբանություններ իրենց իբրև թե պատմական հայրենիքի մասին։
Ի դեպ, շշուկներ են տարածվում, թե ադրբեջանցի այս երկու եղբայրները ցանկություն ունեն Ամասիայում ներդրումներ անելու։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի հետ։
Նրա հետ հարցազրույցն՝ ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































