-Զարմանալի է, թե կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով այդ անձինք ինչու են դատակոչվում, այդ մարդկանց տված ցուցմունքները ինչ պետք է ապացուցեին այս դատաքննության ընթացքում։ Մեղադրողն առանձնահատուկ նշանակություն տվեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքներին… հանրային մեղադրողը նշում է, որ առերեսումից հետո տված ցուցմունքով Վազգեն Պողոսյանը նշել է՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, նրա հետ առերեսվելը հեշտ չի եղել, իր կողմից նշված որոշ բառերում կարող են լինել շեղումներ։
Եկեք մի պահ հասկանանք, Վազգեն Պողոսյանի հետ տեղի ունեցած առերեսման ժամանակ ներկա է եղել Վազգեն Պողոսյանի փաստաբանը, Գագիկ Ծառուկյանի փաստաբանները։ Համոզված կարող եմ պնդել՝ եթե այդ հարցաքննության ընթացքում մթնոլորտը մի փոքր շիկանար, քննիչը այդ հանգամանքը կարձանագրեր ու կառաջանային որոշակի հետևանքներ։
Պնդում եմ՝ առերեսումն անցել է պատշաճ, իրավական ընթացակարգերով,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող ընտրակաշառք բաժանելու գործով հայտարարեց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ վարույթ իրականացնող մարմինը այդ առերեսումից հետո հասկացել է, որ ի սկզբանե ապօրինի ու անհիմն քրեական գործը առերեսումից հետո փլվել է և իրավիճակային լուծում է գտել՝ հարցաքննությունն է կազմակերպել․ «Որ, փոխաբերական իմաստով ասած, արհեստական շնչառությամբ այդ գործը փրկի։
Կարդացեք նաև
Չնայած որ, երբ ծանոթանում ենք լրացուցիչ հարցաքննության հետ, մենակ այն, որ Վազգեն Պողոսյանն ասում է՝ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը հաշվի առնելով՝ նրա հետ հեշտ չէր առերեսվելը… էլի որևէ հանգամանք մեղադրանքին վերաբերող չի հայտնում Վազգեն Պողոսյանը»։
Փաստաբանը ընդգծեց, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով չեն հաստատվում ենթադրությունները, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի առաջադրված մեղադրանքին, և խոսք չի կարող լինել հիմնավոր կասկածի մասին․ «Ձեռք բերված փաստական հանգամանքներով հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն առաջացնել առ այն, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծել ու ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ԱԺ 2017 թվականի ընտրություններին իր կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին տվել է կաշառք»։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դիտավորությամբ, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում անհրաժեշտ նյութական, այդ թվում՝ դրամական միջոցներ տալով, իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների անդամներին և համակիրներին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































