Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ոգևորվի, հանգստացի, նաև պարանոցդ մի ծռի ու չդարձնենք էստեղ Ազգային ժողով․․․Ոգևորվելը ո՞րն է»․ ավագանու թեժ նիստ՝ Գյումրիում

Մարտ 11,2026 22:15 Share

Գյումրու ավագանու այսօրվա նիստն ընթացավ բավական լարված մթնոլորտում՝ լեզվակռվով, խայթոցներով, իսկ որ ամենատարօրինակն է՝ օրակարգից շեղվելով։ Օրակարգի 23 հարցը քննարկելու փոխարեն նիստը սկսվեց գյումրեցիներին հետաքրքրող երկու կարևոր հարցերի բարձրաձայնմամբ․ մեկը քարուքանդ եղած փողոցներն են, որոնցով ոչ անցորդներ են կարողանում քայլել, ոչ մեքենաներն անցնել, մյուսը թափառող շների թեման է, նրանց համար դեռ չկառուցվող ապաստանի հարցը։

Այսօր առավել, քան երբևէ, սուր հնչերանգ ունեցավ ՔՊ-ականների ու նիստը վարող Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար՝ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանի միջև հարցուպատասխանը։

Նիստը սկսվելուն պես ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը՝ Նարեկ Բեգզադյանը, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ օրակարգ չի մտցվել թափառող կենդանիների համար ապաստան կառուցելու հարցը։ Սա էլ դարձավ բավական թեժ վիճաբանության թեմա։ Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտարարեց, թե չի հասկանում՝ ինչու շինարարները ցանկություն չունեն մասնակցելու թափառող կենդանիների համար ապաստան կառուցելու մրցույթին, երբ քաղաքապետարանը արդեն 5-րդ անգամ է մրցույթ հայտարարում։

Ավետիս Առաքելյանն ասաց, որ խնդիրը կապված չէ իրենց հետ, իրենք նույնիսկ հանդիպել, զրուցել են շինարարների հետ, հորդորել նրանց մասնակցել մրցույթին։ Ըստ նրա, քանի որ այս ծրագրի գումարի առյուծի բաժինը տալու է կառավարությունը, գուցե վստահություն չունեն կառավարության հանդեպ։ Ավետիս Առաքելյանի կարծիքով՝ առհասարակ ցածր է վստահությունը ՀՀ կառավարության հանդեպ։

80 միլիոն պիտի հատկացնի կառավարությունը, 24 միլիոնը՝ քաղաքապետարանը։

«Թող քաղաքացիները եզրահանգման գան՝ մե՞զ չեն վստահում, թե՞ կառավարությանը չի վստահում շինարարը»,-ասաց Ավետիս Առաքելյանը։

Նրա այս խոսքերը բնականաբար դուր չեկան ՔՊ-ականներին, որոնք իրենց հերթին թեժացրեցին զրույցը։ Ավագանու ՔՊ-ական անդամ Վահագն Մկրտչյաննը հակադարձեց, թե 5 անգամ մրցույթի չմասնակցելու պատճառը պիտի փնտրել քաղաքապետարանի շենքի պատերի ներսում․ միգուցե վստահություն չկա՞ հենց իրենց նկատմամբ։ Իսկ կառավարության ծրագրերին, ըստ Մկրտչյանի, գրեթե չմասնակցած մրցույթներ չեն լինում, դրանք շահագրգիռ են շինարարների համար։

ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ լինելով ավագանու 5 տարվա անդամ՝ չի հիշում մի դեպք, երբ կառավարությունը որոշի Գյումրիում ներդրում անել և շինարար չհայտնվի։ Նա ասաց, որ սա միակ դեպքն է, երբ մրցույթի չեն մասնակցում, մեղադրեց քաղաքապետարանին, որ այս կառույցի հանդեպ վստահություն չունենալու պատճառով է այս ամենը։

Նա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարին հիշեցրեց, որ նա պատասխանատու է յուրաքանչյուր գյումրեցու կյանքի ու առողջության համար, մինչդեռ շները հարձակվում են մարդկանց վրա, և ծնողներն ամեն առավոտ վախով են իրենց երեխաներին տանում դպրոց և մանկապարտեզ։ Նա ասաց, որ մի ծնող իր երեխայի լուսանկարն էր ուղարկել, որտեղ երևում է, որ շունը վնասել է նրա ոտքը, ու այդպիսի դեպքերը բազմաթիվ են։

Ավետիս Առաքելյանը իր հերթին նորից հայտարարեց, որ վստահությունը շատ ցածր է կառավարության հանդեպ։

Եվ երբ Քնարիկ Հարությունյանը փորձեց միջամտել, Ավետիս Առաքելյանը բորբոքվեց․ «Շարունակեմ էլի, երբ դուք խոսում էիք, ես ձեզ չէի ընդհատում, էթիկան պահպանեք, դուք էթիկան չեք պահպանում, տիկին Հարությունյան, երբ-որ ինձ մեղադրում էիք, ես ձայն չէի հանում, դե լռեք, սպասեք, ես խոսեմ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունով կառավարության հանդեպ վստահությունը ցածր է․ ինչ գործողություններ որ կատարում է կառավարությունը, միայն գեղեցիկ շոուներ է մատուցում ժողովրդին։ Կոնկրետ ո՞ր թվականից է ընդունել շների մասին օրենքը, ամբողջ զարգացած երկրներում սկզբից կատարում են քայլերը, նոր օրենքներն են ընդունում, մեր մոտ լրիվ հակառակն է։

Սա վերաբերում է նաև կենդանիների մորթին, սպանդանոցներ չունենք, բայց մարդկանց արգելում են, որ հանկարծ առանց սպանդանոցների մորթ չիրականացնեն, նույնը թափառող կենդանիների պահով։ Ես կենդանասեր մարդ եմ, երկու հովվաշուն եմ պահում, սիրում եմ էդ շներին, բայց դեռ կացարաններ չեղած, չսարքած, օրենքն են ընդունում՝ հանկարծ չսատկացնել, դա է սխալ, սխալն էդտեղից է գալիս»։

Քաղաքապետի պաշտոնակատարը դժգոհեց, թե իրենց կրակն են գցել, շան իրավունքներն այսօր ավելի պաշտպանված են, քան մարդու, և որ կառավարությունը չի ուզում Գյումրու քաղաքապետարանը իր բնականոն աշխատանքը շարունակի։

Տեղից բորբոքված տոնով միջամտեց ավագանու ՔՊ-ական անդամ Լևոն Անանյանը։ Կրքերն ավելի լարվեցին․ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը հորդորեց Լևոն Անանյանին չոգևորվել։

«Ոգևորվելը ո՞րն»-, հարցրեց նա։

«Դուք հենց հիմա ոգևորած եք, հանգստացեք»,-շարունակեց Կարեն Մալխասյանը։

«Կոմունիստական կուսակցության» անդամներից Լուսինե Անանյանն էլ տեղից բացականչեց․ «Նաև պարանոցդ մի ծռի ու չդարձնեք էստեղ Ազգային ժողով»։

Օրակարգի հարցերից մյուսն էլ բյուջեի կատարման մասին հաշվետվությունն էր. Սեփական եկամուտները կատարվել են 95,2 տոկոսով։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հիշեցրեց, որ նման ցուցանիշ արձանագրել են այն դեպքում, երբ իրենք իշխանության 7-8 ամիս են, իսկ քաղաքապետը կալանավորված է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչու չեն ծախսվել շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարները, ինչու են տեղափոխել 2026 թվական, երբ Գյումրիում փոսանորոգման աշխատանքներն են հրատապ, նաև շների ապաստարանի հարցը։

«Ինչո՞ւ չենք կարողացել այդ գումարները ծախսել ու գյումրեցիների հոգսը թեթևացնել։ Ինչքան էլ նշում եք ձեր կառավարման ժամանահատվածը, այնքան էլ քիչ ժամանակահատված չէ այսօրվա դրությամբ․ համարյա մեկ տարին կլրանա, և այդ ընթացքում էական որևէ փոփոխություն Գյումրիում տեղի չի ունեցել, եթե ունեցել է, խնդրեմ, դուք օրինակ երեք գլոբալ ծրագիր նշեք, գոնե երեքը, որոնք ձեր կառավարման օրոք, այսինքն մեկ տարվա ընթացքում կյանքի եք կոչել։

Ասեմ, որ մենք 2 միլիարդ ազատ միջոց ենք ունեցել, այսինքն՝ այդ գումարով կարող էիք իմ նշած խնդիրները լուծելու ուղղությամբ ծախսել, բայց չեն ծախսվել, և ես միշտ խոսում եմ կառավարման բացերի կամ կառավարման թերությունների մասին, դուք միշտ հակադարձում եք, բայց արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ կառավարման առումով դուք ձախողել եք, մեծ բաց կա, որովհետև ունենք ազատ միջոցներ, գումարները ոչ մի ձև չեն ծախսվել և չեն ուղղվել գյումրեցիների բարեկեցության ապահովմանը»-ասաց Քնարիկ Հարությունյանը։

Ավետիս Առաքելյանը չհամաձայնեց, նշեց, որ աշխատանքներ շատ են կատարվել, թվարկեց մի քանիսը ու սկսեց խոսել կառավարության ստեղծած խոչընդոտներից, իրենց հետևից ընկնելուց, քաղաքապետին կալանավորելուց։

«Ասեմ ձեզ ժամանակային առումով, քաղաքապետարանը 24 ու 7 ռեժիմով աշխատում է, դրանից հետո հայտնի դեպքեր եղան, որ ուզեցին մեզ ծնկի բերել, չթողնել, որ աշխատենք։ Մինչև այսօր էլ մեզ խոչընդոտում են, շատ ու շատ ծրագրեր չեն ընդունվում նախարարության կողմից, շատ ու շատ ծրագրեր գնում-պտտվում են 13-14 նախարարություններ, գերատեսչություններ, ինչը անընդունելի է ներդրումների համար։

Եթե ներդրողը գալիս է ու ուզում է Գյումրիում ինչ-որ գործ, աշխատանք կատարել, 3-4 տարի իր նախագիծը դեռ չի հաստատվել, տարբեր գերատեսչություններ պտտվում են, ասում են՝ «էս փոխի, էն փոխի», նորից գալիս է մեր մոտ, փոփոխություններ, նորից գալիս է մեր մոտ, զզվում են, ներդրողը հիասթափություն է ապրում»,-ասաց Ավետիս Առաքելյանը։

Նա ասաց՝ ով որ ուզում է տեսնել Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը, կտեսնի։ Ավետիս Առաքելյանը գովաբանեց ՔՊ-ին՝ որպես ընդդիմություն, բայց և խնդրեց՝ լավին լավ ասել, վատին՝ վատ։

«Ինձանց լավ գիտեք, շոուն, չգիտեմ ինչ անվանեմ, երևի «կանսերվաշոու-2»․ եկան 600 հոգի, զորք ու զրահ լցրեցին, Գյումրու քաղաքապետը ոչ մի անգամ չի խուսափել ոչ մի կառույց գնալ-ներկայանալուց»,-շարունակեց Ավետիս Առաքելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031