Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուղղակի շանտաժ են, եւ քանի որ ներքին աջակցություն չունեն, Ադրբեջանին ու Թուրքիային են բերում իրենց օգնության»

Մարտ 12,2026 13:30 Share

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, իշխանությունները հատկապես վերջին ամիսներին հանրությանն ասում են՝ «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի»։ Ինչպե՞ս եք գնահատում սա, փաստացի շանտա՞ժ են անում հասարակությանը։

-Ես հիշեցնեմ, որ իշխանությունը սա ոչ թե վերջերս է ասում, այլ 2023 թվականի սեպտեմբերի վերջից, երբ իրենց քար անտարբերության ու սառը հայացքի ներքո արցախահայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ բռնի տեղահանվեց իր հայրենիքից։ Հիշեցնեմ, որ 1988 թվականից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման պայմաններում Հայաստանի իշխանությունները հայտարարություն տարածեցին, թե մեր սահմանները հանգիստ են, եւ մենք այս ամենի միջով անցնում ենք հանուն Հայաստանի։ Այսինքն՝ մի բան էլ կանաչ լույս են վառում Ադրբեջանի առաջ եւ խրախուսում նրանց ցեղասպան գործողությունները։ Իրենք Արցախի դեպքերն ինչպե՞ս են ներկայացնում, ասում են՝ Արցախում տեղի է ունեցել հեղաշրջում, եւ մենք Արցախը կորցրեցինք։ Անկախ նրանից, որ Ալեն Սիմոնյանը զանգել ու շնորհավորել էր Դավիթ Իշխանյանին։

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Եվ 2023 թվականից մենք ասում ենք, որ այս մարդկանց դարդն ու ցավն Արցախը չէ, իրենք զարգացնում են նարատիվ, որի մասին դուք հարց եք տալիս։ Այն է՝ եթե հանկարծ Հայաստանում իշխանություն փոխվի, Հայաստանում կռիվ կսկսվի։ Սրանով իրենք պարզ հայտարարում են, որ իրենք են Ալիեւի սրտի իշխանությունները, եւ եթե իրենք գնան, Ալիեւը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ։ Մարդիկ խոստովանում են, որ իրենք Ադրբեջանի սրտի իշխանություններն են, Ադրբեջանն ինքն է որոշում, թե Հայաստանում ով է լինելու իշխանություն։ Նաեւ հիշեցնեմ, որ ամենածանր պատերազմը հենց Նիկոլ Փաշինյանի օրոք բռնկվեց։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն ուղղակի շանտաժ է, սեփական ժողովրդին խաբում են, վախեցնում են մարդկանց։ Եվ քանի որ ներքին աջակցություն չունեն, Ադրբեջանին ու Թուրքիային են բերում իրենց օգնության, սա է իրականությունը։

-Իսկ ինչպե՞ս պետք է այս պայմաններում կողմնորոշվեն մարդիկ, ովքեր հոգնել են պատերազմից, իրոք խաղաղություն են ուզում։ Իշխանությունն էլ փաստացի այդ հարցն է մանիպուլացնելով մատուցում հանրությանը։ Ինչպե՞ս պետք է մարդիկ զոհ չգնան այս քարոզչությանը։

-Աշխարհի բոլոր մարդիկ խաղաղություն են ուզում, բայց խաղաղությանը պետք է հասնել։ Հարյուրամյա պատերազմը տեւել է 116 տարի, բայց հենց 116 տարի կռիվ չի եղել, երկար տարիներ ընդմիջումներ են եղել։ Հիմա մենք այդ ընդմիջման փուլում ենք, եւ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, քանի դեռ ինքը հլու-հնազանդ կատարում է Ադրբեջանի պահանջները, մենք խաղաղության չենք գնա։ Մենք ունենք կոնսերվացված պատերազմ, եւ որպեսզի ունենանք իրական, հարատեւ խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Որեւէ երկիր չի կարող խաղաղ ապրել, եթե ինքը չունի հզոր բանակ, չունի դիվանագիտություն եւ կայուն տնտեսություն։ Մենք այս երեքից որեւէ մեկն այսօր չունենք։ Այսպես խաղաղություն չեն կերտում, այստեղ կերտում են ստրուկ խամաճիկային պետություն։

-Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան երկրներ, որոնք ուզում են երկաթուղային ճանապարհով շրջանցել Հայաստանը։ Սա ի՞նչ է ցույց տալիս՝ իրականում ԹՐԻՓՓ-ը Հայաստանի ապաշրջափակման մասի՞ն չէ։

-Որպեսզի ԹՐԻՓՓ-ը լինի ոչ թե կռվախնձոր, այլ միավորող գործոն, պետք է հաշվի առնի տարածաշրջանային եւ համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։ Հիմա իրենք ասում են, օրինակ, պիտի միանանք Միջին միջանցքի հետ։ Միջին միջանցքը չինական պրոյեկտ է, եթե իրենք խոսում են Չաբահարի նավահանգստի մասին, այսինքն՝ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին, դրա համար Իրանն ու Հնդկաստանը պետք է ներառված լինեն։ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային ու տրանսպորտային գործընկերն է, վերջապես «Հարավկովկասյան երկաթուղիները» ռուսական կառավարման ներքո են գտնվում։ Այսինքն՝ պետք է ստեղծել մի միջազգային հարթակ, որը կմիավորվեր ԹՐԻՓՓ-ի շուրջը։ Բայց ԹՐԻՓՓ-ն այս տեսքով Հայաստանի համար բացարձակապես որեւէ հարց չի լուծում։ Դա խոստովանեց նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց՝ մենք առաջարկել էինք, որ գնացքը Նախիջեւանից մտնի Երասխ, Երասխից գնա հասնի Գյումրի ու միանա Կարսին։

-Հիմա ասում է՝ խնդիրը Ռուսաստանն է։ Քանի դեռ երկաթուղին ռուսական կառավարման ներքո է, որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը շրջանցել, եւ ասում է՝ պետք է երկաթուղին կառավարման հանձնել երրորդ երկրի, որպեսզի խնդիրը լուծվի։

-Ալիեւն այդ գաղափարը ծաղրեց Մյունխենի կոնֆերանսի ժամանակ, ասաց՝ Թրամփը եկավ, ունենք ԹՐԻՓՓ, այ երբ Բայդենը վերադառնա, կունենաք ձեր «խաղաղության խաչմերուկը»։ Այսինքն՝ այս հարցը պետք էր օգոստոսի 8-ին լուծել փաթեթային։ Եթե մենք Ադրբեջանին տալիս ենք միջանցք, իսկ դա միջանցք է, որովհետեւ այդտեղ գործելու է իրավական ռեժիմ, Ադրբեջանն էլ մեզ պետք է տար միջանցք՝ Արարատի մարզից մինչեւ Սյունիքի մարզ կապի համար։ Թուրքիան պետք է բացեր ճանապարհը, Ադրբեջանը պետք է բացեր Ղազախ-Իջեւան ճանապարհը։ Բայց Ադրբեջանը եւ Թուրքիան, ընդհանրապես պանթուրքիստները ստացան այն, ինչ ուզում էին՝ միջանցք, մենք ստացանք մեկ բուռ չորրորդ կարգի ցորեն, մի քիչ ավելի էժան բենզին, որն արդեն թանկ է։ Այսինքն՝ պրոբլեմը Փաշինյանն է, ոչ թե երրորդ երկրները։

-Այսինքն՝ Փաշինյանն իր սխալները փորձում է բարդել այլոց վրա՞։

-2022 թվականին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեր միջազգային գործընկերները մեզ հորդորում են մի քիչ իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում մեր նշաձողը։ Ովքե՞ր էին այդ միջազգային գործընկերները, ինչքա՞ն իջեցնել, դե թող ինքը հիմա ասի՝ որոնք են այդ երկրները, որոնք նման պահանջ էին ներկայացրել։ Թե չէ՝ այսպես օդ կրակելով չէ։ Եթե իրականում նման բան կա, թող պարզ հայտարարի, այլապես ժողովրդին վախեցնելով ու խաբելով չէ։ Կարելի էր այդ հարցը ռուսների հետ լուծել, հետո միջանցք տալ Ադրբեջանին եւ ստանալ Ադրբեջանի միջանցքի խոստումը, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք իրենց միջանցքի խոստում տվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031