«Ես սիրահարվեցի հայ աղջկան, սիրահարվեցի Սուրբ Պատարագին։ 1999 թվականից արդեն սկսել եմ ավելի խորը ուսումնասիրել Սուրբ Պատարագը», – նշում է Բենեդեկ Ժիգմոնդը:
«Մարդը սիրահարվում է լեզվին՝ հեշտ է սովորելը»
Հունգարացի հայագետ, Օտվոշ Լորանդի անվան համալսարանում (ELTE) հայերենի դասախոս, Հունգարիայի հայ համայնքի ակտիվ մասնակից Բենեդեկ Ժիգմոնդին շատերն են ճանաչում։
Դեռեւս հեռավոր 2012-ի օգոստոսին, երբ Հունգարիան արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, սեպտեմբերին Բենեդեկ Ժիգմոնդը հայտարարեց. «Ողջ հունգար ժողովուրդը հայերի կողքին է», «Ադրբեջանը խաբել է Հունգարիայի կառավարությանը»։ Նա այն ժամանակ նշում էր, որ Ադրբեջանը խոստացել է ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող Հունգարիային գնել պետական պարտատոմսերը $3 մլրդ-ով։ Բենեդեկ Ժիգմոնդը համարում էր, որ հունգարական կառավարությունը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Հայաստանից եւ փորձի լուծել այդ հարցը միջազգային հարթակներում։ Այդ շրջանում Հունգարիայում անց էին կացվում բողոքի ցույցեր, իսկ Բենեդեկ Ժիգմոնդը վստահեցնում էր՝ «ողջ հունգար ժողովուրդը հայերի կողքին է»։
Կարդացեք նաև
2009թ. նոյեմբերին՝ Հունգարիա Սերժ Սարգսյանի կատարած պետական այցի ժամանակ, ինչպես նաեւ 2011թ. մայիսին Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Բենեդեկ Ժիգմոնդը պատվիրակությունների պաշտոնական հանդիպումների թարգմանիչն էր։
Օրերս «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» հրավերով եւ օժանդակությամբ կազմակերպված այցի շրջանակներում Բուդապեշտում հանդիպեցինք հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդին, որի ակնածանքը Հայաստանի ու հայկականի հանդեպ անմիջապես աչքի է զարնում։ Նա 1999 թվականից մինչեւ 2019 թվականը 24 անգամ եղել է Հայաստանում։ Վերհիշելով հիշատակված հայ-հունգարական պաշտոնական հանդիպումներում թարգմանչի իր գործունեության օրերը՝ նա ասաց, որ անգամ Սերժ Սարգսյանն է հիացած եղել նրա հայերենով ու նկատել է՝ «դուք շատ լավ եք հայերեն խոսում»։
Բենեդեկին նախ գլխավոր հարցն ուղղեցինք՝ ինչո՞ւ որոշեց սովորել հայերեն, որը շատ օտարերկրացիներ համարում են «դժվար լեզու»։
«Չեմ կարծում, թե հայերենը դժվար լեզու է։ Հեշտ է սովորելը։ Անգլերենին մի քիչ նման է, բայերի ձեւաբանությունը, հոլովումները՝ այդքան բարդ չեն։ Հայերենը շատ սիրուն այբուբեն ունի, հայ գրերը շատ հրապուրիչ են, մանավանդ հին ձեռագրերը, մագաղաթները։ Երբ մարդը սիրահարվում է լեզվին՝ հեշտ է սովորելը»։
«Նույնիսկ, եթե ես ֆիզիկապես Հայաստանում չեմ, սրտով Հայաստանում եմ»
Իր կյանքի մի քանի կարեւոր փուլեր է առանձնացնում Բենեդեկը՝ պատասխանելիս, թե ինչու որոշեց սովորել հայերեն։ Նախ՝ հետաքրքրված է եղել արեւելյան մշակույթով, սովորել է նաեւ եբրայերեն, արաբերեն։ Եվ քանի որ ծնողները հետաքրքրված են եղել Հնդկաստանով, նա եւս սկսել է ուսումնասիրել հնդեվրոպական լեզվաընտանիքը ու «հնդկաբանություն է սովորել»։
Հետո Բենեդեկը հանդիպել է մի հայ աղջկա, որը Հունգարիայում էր ապրում, սակայն հայերեն չգիտեր։ Նրանք միասին սկսել են արեւելահայերեն սովորել Հունգարիայի մայր բուհում՝ ELTE համալսարանում։ Այս համալսարանում հայերենը դասավանդվում է 1900 թվականից՝ ե՛ւ արեւելահայերեն, ե՛ւ արեւմտահայերեն։ Հայագիտությունը ELTE-ում մի քանի փուլ է անցել, պատմում է Բենեդեկը. «Որոշ շրջան շեշտը դրվում էր գրաբարի վրա, հայերենագիտության վրա՝ հայերենի եւ հնդեվրոպական լեզուների համեմատության վրա։ Մյուս փուլերն արդեն արեւելահայերենն ու արեւմտահայերենն էին»։
Ահա, հայ ընկերուհին, նրանց ընդհանուր հետաքրքրությունները հայերենի ու հայկականի նկատմամբ, նաեւ առաջին այցը Հայաստան հայ ընկերուհու հետ՝ առաջին երկու դրդապատճառներն էին Բենեդեկի համար։
Հայերենը սովորելու որոշման հարցում երրորդ փուլը նույնպես ուշագրավ է։ Հունգարիայում կա հայկական եկեղեցի, 1997 թվականին առաջին անգամ Բենեդեկ Ժիգմոնդն այցելում է հայ կաթոլիկ եկեղեցին։ «Հայկական Պատարագն այնքան հուզիչ էր՝ ես սիրահարվեցի։
Այսինքն, ես սիրահարվեցի հայ աղջկան, սիրահարվեցի Սուրբ Պատարագին։ 1999 թվականից արդեն սկսել եմ ավելի խորը ուսումնասիրել Սուրբ Պատարագը։ Սուրբ Պատարագի շնորհիվ եմ դարձել հայագետ, Սուրբ Պատարագն է դարձել իմ բուն թեման»,- պատմեց Բենեդեկը։
Իսկ չորրորդ գործոնը, որը մղել է նրան հայագետության՝ 1999 թվականին առաջին անգամ նրա այցն էր Հայաստան, որտեղ էլ սիրահարվում է մեր երկրին։ «Երկիրն ինձ համար շատ հոգեհարազատ էր», նկատեց մեր զրուցակիցը։ Բենեդեկը հետեւում է հայաստանյան իրադարձություններին, իհարկե, նկատում է, որ 1999 թվականի Հայաստանն արդեն տարբերվում է 2000-ականների եւ այսօրվա Հայաստանից։ Բայցեւ հավելում է. «Նույնիսկ, եթե ֆիզիկապես Հայաստանում չեմ, ես սրտով Հայաստանում եմ։ Իմ ընկերների մեծ մասը Հայաստանում է ապրում»։
Հայ համայնքի ամենագլխավոր խմբի նախնիները Հունգարիա են հասել մոտավորապես 400 տարի առաջ
Հունգարիայի հայ համայնքի հետ Բենեդեկ Ժիգմոնդը սերտ կապեր ունի։ Նա նշում է, որ Հունգարիայի հայ համայնքն էլ իր պատմությունն ունի. «Տարբեր համայնքների միջեւ ներքին պատերազմներ էին, մեկը մյուսին չէր ճանաչում որպես իսկական հայ։ Տեղի հայերն ասում էին, թե եկած հայերը սովետահայեր են, նոր եկածները տեղի հայերի մասին ասում էին՝ «եթե դուք հայերեն չեք խոսում՝ ի՞նչ հայ եք…»։ Այս տարի լրանում է 30 տարին, որ ես մտել եմ հայկական համայնք, մաս եմ կազմել հայ համայնքին»։
Առհասարակ, որքա՞ն է հայ համայնքը մեծ, հարցրեցինք Բենեդեկին։ «Դժվար է պատասխանել, որովհետեւ նախ պետք է նշենք, թե ո՞ւմ ենք համարում հայ համայնքի մաս։ Կան հայեր, որոնք հաճախում են միջոցառումների։ Կան հայեր, որոնք չեն հաճախում միջոցառումների, սակայն հայտնի հայեր են։ Կան հայեր, որոնք ակտիվ չեն, չեն հաճախում միջոցառումների, բայց գիտակից են, որ իրենք ծագումով հայ են։ Եվ վերջապես կան հայեր՝ տրանսիլվանահայերը, որոնց ազգանունները շատ են տարբերվում Հայաստանում հայտնի վերջածանցներ ունեցող ազգանուններից։ Տրանսիլվանահայերի ազգանունները հատուկ վերջածանց չունեն, բայց շատ յուրահատուկ են, օրինակ՝ Գոյզագու, որը նշանակում է «կաղ Սաքո»։ Մի խոսքով, Հունգարիայի հայ համայնքը միասնական չէ, տարբեր խմբեր կան», – պատմեց մեր զրուցակիցը։
Բենեդեկ Ժիգմոնդի խոսքով՝ ամենագլխավոր խմբի նախնիները Հունգարիա են հասել մոտավորապես 400 տարի առաջ՝ 18-րդ դարից, հաստատվել են Տրանսիլվանիայում եւ կոչվում են տրանսիլվանահայեր, խոսում են հունգարերեն, հայ կաթոլիկներ են։ «Իրենք Տրանսիլվանիայում կառուցել են իրենց քաղաքները՝ իրենց եկեղեցիներով, գրադարաններով, դպրոցներով, որբանոցներով եւ այլ հաստատություններով։ Դրանք շատ շքեղ քաղաքներ են եղել, մինչեւ հիմա էլ կան, պարզապես այնտեղի հայերի մեծ մասն արդեն արտագաղթել է այսօրվա Հունգարիայի տարածք։ Տրանսիլվանիան պատմական Հունգարիայի արեւելյան հատվածն է, որը 1920 թվականին անջատվել է, անցել է Ռումինիային։ Այսինքն, Տրանսիլվանիան հունգարացիների համար նույնն է, ինչ Ղարաբաղը՝ հայերի համար։ 1920 թվականին, երբ անջատվել է Հունգարիայից, տրանսիլվանահայերի մի մասը մնաց այնտեղ, իսկ մյուս մասը արտագաղթեց Բուդապեշտ։ Նաեւ մեկ-երկու դար առաջ արդեն հայերը սկսել են սփռվել պատմական Հունգարիայով»։
Հունգարիայում նոր հաստատված հայերը նույնպես մի քանի խումբ են կազմում։ «Ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ եւ հետո հայեր են հասել Հունգարիա, նաեւ՝ Խորհրդային տարիներից։ Հայ փախստականներ են եկել նաեւ 2023 թվականից հետո։ Հունգարիան ընդունել է շատ հայերի, կացարան է տվել այն արցախահայերի ընտանիքներին, որոնք այստեղ ունեին կրթություն ստացող ուսանողներ, նրանց հարազատները նույնպես եկան, հաստատվեցին այստեղ։ Այսինքն, Հունգարիայում կան 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո եկած հայ փախստականներ, արցախահայեր, այստեղ հայեր են հաստատվել նաեւ Մերձավոր Արեւելքից։ Երբ Հունգարիայում կոմունիզմ է հաստատվել, հայերի մի մասը արտագաղթել է Արեւմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն մինչեւ տեղափոխվելը հայությունը Հունգարիայում ունեցել է լրագրեր, ակումբ, այսինքն, մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը արեւմտահայերի կյանքն այստեղ բավական ակտիվ է եղել», պատմեց Բենեդեկ Ժիգմոնդը։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2026




















































