Կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը՝ իր ստեղծագործական ծրագրերի եւ երեւանյան համերգի մասին
Կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը նախապատրաստվում է ամռանը Երեւանում կայանալիք համերգին: Aravot.am-ի հետ զրույցում ջութակահարը նշեց, որ վերջին շրջանում ավարտել է 407 փոխադրում՝ ջութակի եւ դաշնամուրի համար, դրանք այնպիսի գործեր են, որ մինչ օրս փոխադրված չեն եղել. «Դրանց մի մասն արդեն ձայնագրվել է, մյուս մասը՝ հրատարակվել։ Ընդգրկված են տարբեր ժանրեր՝ բարոք եւ դասական դարաշրջանների, ռոմանտիկ, օպերային արիաներ, իմպրեսիոնիզմ, ջազային եւ կամերային անսամբլի գործեր, ինչպես նաեւ ֆոլք եւ պոպուլյար։ Սանկտ Պետերբուրգում վերջապես հրատարակվեց եւ մեզ հասավ նոտաների ժողովածուն, որը ներառում է Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից վեց կտոր՝ ջութակի եւ դաշնամուրի համար իմ փոխադրումները։ Դաշնամուրային պարտիայի խմբագիրը դաշնակահարուհի Նատալյա Մնացականյանն է, որի հետ սկսել ենք համագործակցել դեռեւս Կանադայում»։
Ռուբեն Կոսեմյանը հավելեց, որ շարունակում է փոխադրումները. «Կրեյսլերն, ի դեպ, մոտավորապես 130 փոխադրում է, իսկ Հեյֆեցը՝ 150։ Ընթացքի մեջ են նաեւ ձայնագրություններս»։ Դառնալով Երեւանում կայանալիք համերգին՝ երաժիշտը նշեց. «Երեւանյան համերգի համար նախապատրաստում եմ Բախ եւ Իզայի, մասեր սոնատներից՝ գրված սոլո ջութակի համար։ Սակայն ձայնագրության համար նախապատրաստում եմ ամբողջական գործերը։ Համերգներ կլինեն նաեւ Եվրոպայում»։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ձայնագրել է երկու ձայնասկավառակ. «Դրանք են Չայկովսկու պիեսները, Մուսորգսկու՝ հայտնի «Պատկերներ ցուցահանդեսից»՝ իմ փոխադրումը ջութակի եւ դաշնամուրի համար։ Նոր ձայնասկավառակի համար պատրաստել եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Սարյան, Բաբաջանյան, Բաղդասարյան, Կոմիտաս, Միրզոյան, Հարությունյան, Հովունց»։ Ի թիվս այլնի, Կոսեմյանից տեղեկացանք, որ եվրոպացի մի քանի ջութակի վարպետների հետ աշխատում է նոր ձեւի ջութակ ստեղծելու վրա։
Նատալյա Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից ջութակի եւ դաշնամուրի համար կտորների փոխադրումն ավարտելուց եւ պատրաստի նյութը հրատարակչություն ուղարկելուց հետո աշխատանքի հետ ծանոթացել էր Պրոկոֆեւի թոռը՝ Գաբրիել Պրոկոֆեւը։ «Իր նամակում նա շատ գովել էր Ռուբենին՝ որպես փոխադրման հեղինակ, այն բանի համար, որ փոխադրումը համապատասխանում է Սերգեյ Պրոկոֆեւի երաժշտական գաղափարներին եւ մնում է խիստ շրջանակների մեջ: Ասել էր, որ հաճույքով է տալիս «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի փոխադրումը հրատարակելու թույլտվությունը։ Դրանից բացի, նա հետաքրքրվում էր, թե ինչ պատճառով էին ընտրվել այդ որոշակի հատվածները բալետից եւ որն էր հերթականության հիմքում ընկած գաղափարը»,-մանրամասնեց Նատալյա Մնացականյանը։
Ռուբեն Կոսեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ռախմանինովի Պրելյուդներից մեկի փոխադրումը նվիրել է հորը՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ալտահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կոսեմյանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2026


















































