2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով պետական պարտքի բեռը հասել է մոտ 4,7 հազար դոլարի՝ նախորդ տարվա 4,2 հազար դոլարի համեմատ։
Փաստացի ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով պարտքային պարտավորությունների մակարդակը շարունակաբար աճում է, ինչը նշանակում է, որ պետական ֆինանսների կայունության հարցը աստիճանաբար դառնում է հասարակության լայն շերտերի վրա ազդեցություն ունեցող խնդիր։
Պետական պարտքի ընդհանուր ծավալը նույնպես շարունակում է աճել։
Հայաստանի պետական պարտքը բաղկացած է արտաքին և ներքին պարտքից, և այս երկու բաղադրիչների հարաբերակցությունը վերջին տարիներին զգալի փոփոխությունների է ենթարկվում։ Արտաքին պարտքի ծավալն արդեն գերազանցել է 7 միլիարդ դոլարը, իսկ ներքին պարտքը մոտեցել է 7,5 միլիարդ դոլարին։
Կարդացեք նաև
Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար պետական պարտքի չափից մեծ կախվածությունը ներքին ֆինանսական շուկայից կարող է հանգեցնել այն իրավիճակին, երբ մասնավոր հատվածի համար հասանելի վարկային ռեսուրսները սահմանափակվում են։
Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ պետական պարտքի աճը կարող է մեծացնել երկրի ֆինանսական կախվածությունը արտաքին աղբյուրներից։ Փոքր և բաց տնտեսություններ ունեցող երկրների դեպքում արտաքին ֆինանսավորման վրա մեծ կախվածությունը հաճախ հանգեցնում է այն իրավիճակին, երբ տնտեսական քաղաքականությունը որոշ չափով պայմանավորվում է արտաքին ֆինանսական կենտրոնների պահանջներով։ Իսկ սա կարող է սահմանափակել տնտեսական ինքնուրույնությունը և քաղաքական որոշումների ազատությունը։
Երրորդ խնդիրը կապված է պարտքի և տնտեսական աճի հարաբերակցության հետ։ Եթե տնտեսությունը աճում է ավելի արագ, քան պետական պարտքը, ապա պարտքի բեռը հարաբերականորեն նվազում է։ Սակայն, եթե պարտքը աճում է ավելի արագ, ապա դա նշանակում է, որ տնտեսությունը աստիճանաբար ծանրաբեռնվում է պարտքային պարտավորություններով։ Հայաստանի դեպքում վերջին տարիներին տնտեսական աճի տեմպերը որոշ ժամանակահատվածներում բարձր են եղել, սակայն դա մեծապես պայմանավորված է որոշակի արտաքին գործոններով, և այս տեսանկյունից գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք այդ աճը կայուն և երկարաժամկետ բնույթ ունի։
Պետական պարտքի խնդիրը նաև սոցիալական և ժողովրդագրական նշանակություն ունի։ Երբ մեկ շնչի հաշվով պարտքը աճում է, դա նշանակում է, որ ապագա սերունդները ստիպված են լինելու մասնակցել այդ պարտքի մարմանը՝ հարկերի միջոցով կամ պետական ծախսերի կրճատման պայմաններում։ Սա հատկապես կարևոր է այնպիսի երկրների համար, որտեղ բնակչության թվաքանակը չի աճում կամ նույնիսկ նվազում է։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































