Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ մեծ փողերը որտե՞ղ են ծախսվում։ Տարբեր բաների համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»

Մարտ 12,2026 11:19 Share

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն առանձնացնում են իրենց համար կարևորագույն ուղղություններ։ «Հայկական քվեն» անվտանգության, բանակաշինության, տնտեսության ոլորտներին զուգահեռ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ոլորտը։ Ոլորտին պետք են իրական բարեփոխումներ։ Բայց, ինչպես շատ դեպքերում, այս պարագայում ևս առաջ է գալիս ֆինանսի բացակայության՝ «փող չկա»-ի հարցը։ «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանն արձագանքում է՝ փող չկա, պարտք վերցրեք։ «Պետական պարտքը կրկնապատկվել է, ո՞ւր են գնում այդ գումարները։ Ուղղում են մարդկանց համար տեսանելի ոլորտների, որ իշխանությունն ասի՝ աշխատում ենք, և քվե շահի։ Ֆինանսների ծախսերը այս իշխանությունների համար այդ տրամաբանությամբ են տեղի ունենում։ Մինչդեռ, եթե կրթությունը դիտարկում ենք ոչ թե որպես բեռ, ծախս, այլ որպես ներդրման ոլորտ, ապա տարիներ հետո յուրաքանչյուր ներդրված 1 դրամը 4 դրամի, այն է՝ քառակի օգուտ է բերում։ Յուրաքանչյուր ներդրումը քառապատիկ օգուտ է բերում, եթե նայում ենք այս տեսանկյունից։ Հետևապես, եթե անգամ բյուջեում փող չկա, հարկերի հավաքագրած գումարներն իրենց կարծիքով շատ ավելի կարևոր ոլորտների վրա պետք է ծախսել, չնայած դրա հետ համաձայն չեմ, ապա կրթության և գիտության ոլորտի համար կարելի է նույնիսկ պարտք վերցնել։ Փող կա, օրինակ՝ պետական պահպանության ծառայությունը ընդլայնելու համար, ամեն շաբաթ, երբ դուրս ենք գալիս Երևանից և ինչ-որ մի ուղղությամբ գնում, ամբողջ ճանապարհի երկայնքով մեկ տասնյակ կիլոմետրերով տեսնում ենք կանգնած ոստիկանների, փող կա տարբեր տիպի միջոցառումներ իրականացնելու համար՝ վարչապետի պահուստային ֆոնդի հաշվին, խոսքը միլիարդավոր դրամների մասին է, փող կա պարգևավճարներ տալու համար, փող կա անիմաստ գործուղումներ կազմակերպելու համար, որոնց մասին հասարակությունն այդպես էլ հաշվետվություններ չի ստանում, չի հասկանում՝ այդ մեծ փողերը ո՞ւր են գնում, որտե՞ղ են ծախսվում։ Այսպիսով՝ տարբեր բաների համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա։ Դա ընդունելի մոտեցում չէ։ Կրթության ոլորտում արմատական փոփոխությունները պետք է հիմնականում վերաբերեն ֆինանսավորմանը։

Կարծում ենք՝ այս պահի դրությամբ այլ շատ ռադիկալ փոփոխություններ իրականացնելը ճիշտ չէ, որովհետև անընդհատ ցնցում ենք կրթության և գիտության համակարգը։ Գործող իշխանություններն անում են ռադիկալ փոփոխություններ, մենք ասում ենք՝ չի կարելի նման բան անել, այդ ռադիկալ փոփոխությունները պետք է կանգնեցնել։ Դրանցից մեկն այդ կլաստերիզացիա կոչվածն է, երբ 100-ից պակաս աշակերտական համակարգ ունեցող դպրոցները տանում են միավորման, իսկ իրականում դա բերում է մոտ 230 դպրոցի փակմանը 215 գյուղական բնակավայրերում, որոնցից 55-ը սահմանամերձ գյուղական բնակավայրեր են, և սա կարող է դեմոգրաֆիական աղետի հանգեցնել։ Մյուսն «Ակադեմիական քաղաք» կոչվածն է, որը մեծ վնաս է հասցնելու մարզերի համաչափ զարգացմանը, և մարզային բոլոր բուհերը, ի վերջո, փակվելու են։ Դա ևս մեծ խնդիրներ է առաջացնելու, բևեռացնելու է առանց այն էլ սոցիալապես բևեռացված հասարակությանը, և էլի դեմոգրաֆիական աղետի է հանգեցնելու։ Նույն օրենքով, որով «Ակադեմիական քաղաքն» են ստեղծում, վերացնում են Գիտությունների ազգային ակադեմիան։ Դա բացասաբար է ազդելու գիտական արդյունքի վրա։ Մենք ասում ենք՝ բարեփոխումների միջոցով կլավացնենք ակադեմիայի կառավարումը։ Մեր տարիքով գիտաշխատողները, գիտնականները գիտությամբ զբաղվելու առումով գիտակ են, իսկ կառավարելու հարցում՝ ոչ այդքան, որովհետև կառավարումն առանձին մասնագիտություն է։ Ուստի, կառավարման ոլորտը կհամալրենք ավելի ճկուն, մոբիլ, կառավարման մասնագիտությանը լավ տիրապետող, փորձառություն ունեցող մարդկանցով և այդպիսով կառավարումը կբարելավենք։ Այս երեք օրինակի պարագայում կողմ ենք կայացված որոշումների չեղարկմանը։ Մեր առաջարկած փոփոխությունը, որն առաջին հայացքից կարող է արմատական թվալ, 12-ամյա կրթության փոխարեն 11-ամյա կրթության ներդրումն է։ 12-րդ տարին իրեն չի արդարացնում, և այն արդեն մեկուկես տասնամյակ է՝ վերածվել է պարապուրդի և կրկնուսուցման տարվա։ Առաջարկում ենք՝ ավագ դպրոցի երկամյա որակյալ կրթական ծրագիր, որից հետո աշակերտները կարող են առանց կրկնուսուցման ընդունվել տեղական և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններ», – նկատում է մեր զրուցակիցը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031