Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննության առնելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 24-ին ներկայացված միջնորդությունը, որոշեց դադարեցնել Հարությունյանի լիազորությունները:
Դատավոր Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2023թ․ հուլիսի 3-ին։ Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր հարցազրույցի համար։
Կարդացեք նաև
Մասնավորապես, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի առնչությամբ: Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ-ի՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը: Հարությունյանը նշել էր՝ անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրեմն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































