Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ որեւէ քաղաքացի չի հանդուրժելու սուտը, որը 2020-ից սկսած (նախորդ ժամանակներին դեռ չանդրադառնամ) ամենօրյա ռեժիմով տարածվում է մեր հանրային օրակարգում»

Մարտ 12,2026 13:16 Share

«Մենք այսօր այստեղ ենք, քանի որ ունենք մեր պետության թիվ 1 օրակարգային խնդիրը՝ անվտանգություն: Անվտանգություն, որը սահմանային լարվածություններով եւ սահմանային ներխուժումներով ուղղակի սպառնալիք է մեր ամենօրյա գործունեությանը: Դրան համապատասխան սպառնալիք է նաեւ այն, որ իշխող ուժն ամենօրյա ռեժիմով փորձում է ստել եւ հերքել»,- նշեց կառավարության շենքի առաջ «Միասնության թեւերի» նախաձեռնած ցույցի մասնակից «ԱՌԱՋ» արժանապատվության շարժման համակարգող, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության գործընկեր Լեւոն Չուկակլյանը:

Նրա խոսքով. «Անվտանգությունից է ձեւավորվում տնտեսությունը, սոցիալական հարցերը եւ մեր պետության կառավարման մնացած բոլոր ոլորտները, այն պայմանավորում է ամեն բան… Մենք չենք կարող հանգիստ նստել եւ մտածել լոլիկի գնի իջեցման կամ բարձրացման մասին, երբ ունենք սպառնալիքներ: Հանրային օրակարգը պետք է ձեւավորվի այս թեմայի շուրջ: Այս թեմայի շուրջ կա հստակ պահանջ՝ պարզաբանել , թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ոչ թե հանդես գալ այնպիսի հերքումներով, որոնք մանիպուլյատիվ են ու ծիծաղելի, երբ իրենք էլ իրենց քարտեզից էլ երեւում է, որ իրոք եղել են ներխուժումներ, բայց չեն էլ անդրադառնում անգամ Ջերմուկի հատվածում տեղի ունեցած գործընթացներին»:

«ԱՌԱՋ» արժանապատվության շարժման համակարգողն ընդգծում է. «Սա արժանապատվության պայքար է, որովհետեւ ՀՀ որեւէ քաղաքացի չի հանդուրժելու սուտը, որը 2020-ից սկսած (նախորդ ժամանակներին դեռ չանդրադառնամ) ամենօրյա ռեժիմով տարածվում է մեր հանրային օրակարգում:

2020թ., երբ Շուշին փաստացի անկում էր ապրել, իրենք ստում էին, ասում էին՝ Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են: Երբ ադրբեջանական զորքերը Սեւ լճի հատվածում մեր սուվերեն տարածքում ներխուժում էին իրականացրել, Տիգրան Ավինյանը գնում, սելֆի էր անում, իրենք ասում էին՝ մենք այստեղ ենք, ոչինչ տեղի չի ունեցել, այնուհետեւ իրենք էլ ընդունեցին, որ ներխուժում եղել է:

Երբ Ջերմուկի հատվածում եղան ներխուժումներ, ամենասկզբի օրերին եւս ասում էին՝ ոչինչ չկա, ստում էին, հետո նորից ընդունեցին, որ ներխուժումներ են եղել: Վարդենիսի հատվածում, Ջերմուկի հատվածի ներխուժումների հետ կապված ամենասկզբում ստում էին, հետո պարզվեց, որ հանրային դաշտը, հետաքննող լրագրողները, տարբեր հանրային ակտիվիստներ ճիշտ էին ասում…Ստի դեմ պայքարը նորից շարունակվում է, եւ երբ պարոն Թաթոյանը հանդես եկավ արդեն 2025թ ներխուժումների մասին տեղեկատվությամբ, հայտնի դարձավ, որ այս ներխուժումները ուղղակիորեն սողացող անեքսիա են, պատերազմի մեկ այլ ձեւ են, որը իշխող ուժը մանիպուլյատիվ ներկայացնում է խաղաղության անվան տակ: Սա խաղաղություն է՝ սողացող անեքսիայի տեսքով»:

Պատմաբան Արեգ Սավգուլյանի խոսքով. «Փաստացի ստացվում է՝ ունենք 2 իրականություն. 2021թ նոյեմբերի 26-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջեւ սահմանազատման հանձնաժողով, որի նպատակը բոլորս գիտենք: Բայց ստացվում է, որ այս սահմանազատման հանձնաժողովին զուգահեռ՝ կա մի այլ ստվերային, ներքին՝ հասարակությանը ոչ հայտնի հանձնաժողով, որը ինչ-ինչ պատճառներով եւ հիմնավորումներով կարողանում է Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ հատվածներում ամրապնդել իր դիրքերը, որի մասին ՀՀ կառավարությունը ի սկզբանե նախընտրում է լռել: Հիմա էլ, երբ պարոն Թաթոյանի կողմից այս բացահայտումներն արվեցին, իրենք հերքում են…Եթե ՀՀ կառավարությունը չի բարձրաձայնում ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից առաջխաղացումները, ինժեներական կահավորումները, բնականաբար, մեզ մոտ ստեղծվում է տպավորություն եւ ենթադրություն, որ կա ինչ-ինչ պայմանավորվածություն, որի շրջանակներում էլ տեղի է ունենում այդ առաջխաղացումը»:

Ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել