Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց՝ 4,5 անգամ բարձրացել է Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը, թաղապետարանների աշխատողների աշխատավարձը մինչեւ ընտրություններ չե՞ք բարձրացնելու։
Ավագանու նիստում, հիշեցնենք, քննարկվում էր նախագիծ, որով նախատեսվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։ Նախագիծն ընդունվեց։
Նույն խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ Տիգրան Ավինյանին հորդորեց կասկածել իր թիմի աշխատակիցների վրա․ «Որ ասում եք՝ կատարողականը ծիծիլիոն տոկոս է, նույն մանկապարտեզները կամ Հաղթանակի 40-ամյակի այգին՝ 8 տարի է փող են դուրս գրում դրանց համար»։ Ինքը՝ Մեսրոպ Մանուկյանը, կասկածում է, թե իրական է քաղաքային իշխանության զարգացման ծրագրում գրված 65 տոկոս դրական շարժն ասֆալտապատման աշխատանքներում․ «Սուտ, դուրս եկեք ու հարցրեք»։
«Բյուջեում ավելացել է 11,8 միլիարդ, մնացորդը կազմել է 16 միլիարդ, կենտրոնական իշխանությունը 7 միլիարդ քցել, չի տվել։ Այսինքն, ծրագրեր են եղել, որոնք պետք է իրականացներ, չի տվել այդ փողը։ Ո՞ր ծրագրերն են, որոնք 7 միլիարդ դրամի շրջանակում չի տվել ու որտե՞ղ է, որ ձեր մոտ այսքան աճ է տվել, այսինքն` ասեք, որ ծրագրերն են, որոնք սուբվենցիոն ծրագրերով պետք է իրականացվեին ու չեն իրականացվել»,- հարցրեց Մեսրոպ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը մանրամասնեց․ «Պատվիրակված լիազորության շրջանակներում որոշ ծրագրեր փաստացի չեն կատարվել, իսկ եթե փաստացի չեն կատարվում, նշված գումարը Երեւան համայնքի բյուջե չի մուտքագրվում, գումարը տրամադրվում է համայնքին միայն փաստացի կատարված աշխատանքի դեպքում։ Խոշոր թիվը ՝ 4 միլիարդի կարգի Իսակով-Արշակունյաց շինարարական աշխատանքների կատարումն էր, չենք հասցրել պայմանագիրը կնքել»։
Տիգրան Ավինյանը շարունակեց՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի կառուցումը նախատեսված էր սկսել դեռ նախորդ տարի, ձգձգումներ են եղել բանկի հետ գրագրություններում, գնահատումների գործընթացում, բայց ապրիլից շինարարական աշխատանքները կսկսվեն։
«Շնորհակալություն, որ արձանագրեցիք միայն մեկ կետով 7 միլիարդ թերակատարել եք, գործ չեք արել»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր ելույթում արդեն, Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձելով մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին ընդդիմադիրների քննադատություններին, ասաց․ «Դուք մնացել եք 2000-ականների մթնոլորտում, երբ 10.000 դրամ ընտրակաշառք բաժանելով մարդկանց ձայնն էին առնում։ Ձեզ թվում է՝ մարդիկ այդ գիտակցության մեջ են։ Կարմիր գծերից 1.7 մլրդ դրամ ենք հավաքագրել եւ տրամադրել մանկապարտեզների աշխատավարձերի բարձրացմանը։ Ասում եք՝ մարդկանց գրպանից հանել ենք, վերադարձնում ենք մարդկանց։ Ո՞ւմ գրպանից հանենք։ Կարո՞ղ է ձեր ղեկավարներից մեկի, որը մեծահարուստ է»։
Իսկ Տիգրան Ավինյանն իր ելույթում հայտարարեց․ «Սպառելով ձեզ, ձեր քաղաքական կապիտալը՝ գնալու եք եւ ձեր տեղը գալու են այլ ընդդիմադիրներ, ես ձեզ խոստանում եմ։ Որքան որ կենտրոնանաք ստի վրա եւ ստի վրա մանիպուլյացիաներ անեք, էդ խավարը փորձեք օգտագործել եւ լինեք այդ խավարի մարտիկները, ես ձեզ վստահեցնում եմ՝ դրան դիմակայելու մեթոդները մենք շատ լավ գիտենք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































