Նախկինում Վայոց ձորի մարզպետի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած Էդգար Ղազարյանն այսօր հանդես է եկել տեսաուղերձով
«2020 թվականի աղետալի պատերազմի և առաջին կապիտուլյացիայի ստորագրումից հետո ես դուրս եմ եկել այս թշնամական խմբակի դեմ անզիջում պայքարի։ Այդ ժամանակաշրջանից ի վեր չի եղել գեթ մի հանրահավաք, մի շարժում, մի գործընթաց, որին ես ամբողջությամբ նվիրված և մասնակից եղած չլինեմ։ Անգամ ինքս եմ երբեմն նախաձեռնել շարժումներ, գործընթացներ, հանրահավաքներ, փորձելով սեփական ջանքերով հասնել որոշակի հաջողությունների։
Առայժմ մեզ դա չի հաջողվել։ Առայժմ չի հաջողվել այս թշնամական խմբակին հեռացնել իշխանությունից և խափանել նրանց մահաբեր, կործանարար ընթացքը։
Մինչև հիմա չի հաջողվել, բայց կարծես թե կա մի հույս, կա մի հնարավորություն, կա մի շանս, որը մենք բաց թողնել չենք կարող։ Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողություններով մասնակցել ուժեղ առաջնորդի, ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան։
Կարդացեք նաև
Ես որևէ պայմանավորվածություն, որևէ նախապայման և որևէ այլ խնդիր իմ առջև չեմ դրել, քան օգտակար լինել ուժեղ Հայաստան ստեղծելու գաղափարին։ Սամվել Կարապետյանը կարիք չունի և անհրաժեշտություն չունի ինձ հիմնավորել, որ ինքը կարող է իր ողջ կարողություններով, իր ողջ նվիրումով և մտածողությամբ ծառայել մեր պետությանը և ժողովրդին։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է ոչնչից ստեղծել մեծ բարիքներ։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է իր ստեղծած բարիքները անշահախնդրորեն կիսել իր ժողովրդի հետ, մասնակից դարձնել հազարավոր մարդկանց բարիքների ստեղծման գործընթացին, ուժեղանալ և ուժեղացնել ուրիշներին։
Եվ ես արդեն հավատում եմ այդ գաղափարին և վստահ եմ, որ եթե մենք ամենքս մեր համեստ կարողություններով մասնակցենք այդ գործին, մենք կարող ենք ուժեղ առաջնորդով ստեղծել ուժեղ պետություն։ Ես կայացրել եմ այդ որոշումը ինձ համար։ Եվ դա համարում եմ ոչ միայն իմ որոշումը, այլև կոչ եմ անում յուրաքանչյուր հայ մարդու, անկախ նրանից, թե իրենք ինչ քաղաքական կուսակցությունների են պատկանում, ինչ հոսանքներում են, ինչ հայացքներ են ունեցել։ Մենք մի հնարավորություն ենք մեկտեղելու մեր ջանքերը, այս, ըստ էության, ապակուսակցական գաղափարի իրագործմանը՝ փրկել մեր պետությունը, փրկել մեր ժողովրդին այս փոքրիկ խմբակի կեղտոտ, արյունոտ, մահաբեր ճիրաններից։
Ինչպես ամեն մի մարդու, այնպես էլ ամեն մի ժողովրդի կյանքում լինում են նաև դժբախտություններ, ողբերգություններ, որոնց հետևանքով մարդիկ կորցնում են գրեթե ամեն ինչ։ Այդպիսի վիճակում ենք հայտնվել նաև մենք, բայց մենք պետք է հույս ունենանք, որ կարող ենք միասնաբար վերստին կանգնել ոտքի, բարձրացնել մեր մեջքը, վերականգնել մեր արժանապատվությունը և կերտել ուժեղ Հայաստան։
Ես միացել եմ այդ գաղափարին, կոչ եմ անում բոլորին միանալ այդ գաղափարին և պայքարել հաղթանակի հույսով։ Այն մոտ է մեզ, մնում է մենք տիրանանք դրան՝ հեռացնելով այս թշնամական խմբակին և վերականգնելով մեր ժողովրդի իրական ուժեղ իշխանությունը։
Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան»:


















































