Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ուղիղ եթերում այսօր պատմեց. «Ցանկանում եմ իրազեկել հանրությանը, որ այսօր տեղի են ունեցել վկայի կարգավիճակով մի շարք հարցաքննություններ։ Մեր մայր եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամների մասով անձամբ ես, որպես փաստաբան, դրանցից երկու հարցաքննության մասնակցել եմ, քանի որ տեսա էլի մարդիկ՝ գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, որոնք գալիս էին հարցաքննության։ Ենթադրում եմ, որ միայն երկու անդամներ չեն, այլ մյուս անդամները ևս շատ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր հրավիրվել են վկայի կարգավիճակով հարցաքննության այն նույն ժամին, երբ պետք է ընթանար գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ըստ էության սա նույնպես եղել է միջամտություն գերագույն հոգևոր խորհրդի, մեր մայր եկեղեցու ներքին գործերին։ Իհարկե, անուղղակի միջամտություն, բայց այնուհանդերձ, միջամտություն։ Որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում և չեմ կարծում, որ որևէ մեկը պատկերացնի։
Սա կարևոր տեղեկատվություն է, որպեսզի մենք պատկերացնենք, որ այս քաղաքական իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում», շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Եվ սա դրա դրսևորումներից հերթականն էր։
Այո, կարող ենք համեմատություններ անցկացնել, ասել՝ տեսեք, որպես վկա են հարցաքննում աշխարհիկ անդամները, իսկ հոգևորականները և Վեհափառ Հայրապետը մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Բայց ես, անկեղծ ասած, դա չեմ համարում շատ էական այն առումով, որ այնուհանդերձ սա միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, եկեղեցու՝ սահմանադրությամբ ամրագրված այն սկզբունքին, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Առհասարակ այս վարույթը չպետք է լիներ, և առհասարակ ինքնին այս վարույթը սահմանադրության խախտում եմ ես գնահատում։
Ուզում եմ հիշեցնել, որ այս գործով, սա այն նույն գործն է, որով մեղադրյալի կարգավիճակ ունի Վեհափառ Հայրապետը, եւ մեր վեց եպիսկոպոսները նույնպես, գերագույն հոգևոր խորհրդի անդամները, ունեն մեղադրյալի կարգավիճակ՝ Հովնան սրբազանը, Հայկազուն սրբազանը, Վահան սրբազանը, Մակար սրբազանը՝ Սյունյաց թեմի առաջնորդը։ Էլի ոչ բոլորին հիշեցի, ներողություն եմ խնդրում։ Վեց մեր սրբազաններ գումարած քարտուղարը՝ Տեր Մովսեսը։
Կարդացեք նաև
Սա այն նույն գործն է, որը հարուցվել է Արման Սարոյանի հայցի հիման վրա՝ ապօրինի վարույթ ընդունելու արդյունքում, ապօրինի հայցի ապահովման միջոց կիրառելու արդյունքում, հետո ապօրինի կատարողական գործողություններ կատարելու արդյունքում արդեն ԴԱՀԿ-ի կողմից։ Նույն գործի մասին է խոսքը… հակաեկեղեցական գործընթացները մեր երկրում շարունակվում են»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































