Aravot.am-ը աշխատում է հնարավորինս բաց չթողնել հայկական մշակութային այն իրադարձությունները (ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ… նաև հոբելյաններ), որոնք, կարճ ասած, պատմություն են կերտում։ Այսօր անդրադառնանք ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, պարզապես սիրված և սպասված երգչուհի Աննա Մայիլյանի ծննդյան և մանկավարժական գործունեության հոբելյաններին։
Մայիլյան արվեստագետի մասին կարող ենք խոսել անվերջ։ Նրա կատարմամբ հնչել ու շարունակում են ներկայացվել հոգևոր ու ժողովրդական երաժշտություն, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, համաշխարհային վոկալ-կամերային և օպերային ժանրի գոհարներ, հաճախ էլ՝ անտիպ գործեր։
Կարդացեք նաև
Աննա Մայիլյանը սիրված ու սպասված է նաև արտասահմանյան բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Կանադայում և այլուր։ Նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստահաղորդումներում։ Առանձնացնենք «Ճակատագրով կին» հաղորդաշարը, որի թողարկումներից մեկը նվիրված է երաժշտի կյանքին և գործունեությանը։ Մայիլյանի ձայնը հնչում է բազմաթիվ անիմացիոն և տեսաֆիլմերում։ Ժամանակակից տեխնիկական հնարավորությունների շնորհիվ նրա աուդիոձայնագրություններն ու տեսանյութերը տեղադրված են համացանցի տարբեր հարթակներում։
Հարուստ և հագեցած համերգային-կատարողական երկարամյա ճանապարհին նա համագործակցել է մեր կատարողական արվեստի լավագույն դաշնակահարների հետ՝ Մարգարիտ Սարգսյան, Արմինե Գրիգորյան, Հայկ Մելիքյան, Էլեն Կիրակոսյան։ Մայիլյանը հիմնել և համերգներով հանդես է եկել «Վարպետներ» վոկալ անսամբլի, «Էթնո» վոկալ եռյակի և Աննա Մայիլյան տրիոյի հետ։
Վերը շարադրվածն, անշուշտ, կապված է արտիստի ուսումնառության հետ, որը ներկայացնելու համար դիմեցինք երգչուհու գործընկերոջը՝ արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Ավետիսյանին։
«ՀՀ վաստակավոր արտիստի մասնագիտական առաջին քայլերը սկսվել են Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Թամար Համբարձումյանի դասարանում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակաշատ մանկավարժ Աննա Սարաջևայի ղեկավարությամբ։ Ուսումն ավարտելուց հետո Աննան տարիներ ի վեր կատարելագործվել է եվրոպական տարբեր հեղինակավոր ակադեմիաների լավագույն մասնագետների մոտ՝ Շվեդիա, Շվեյցարիա, Ֆրանսիա և այլուր։ Իր ուսուցիչների մանկավարժական սկզբունքները, եվրոպական վոկալ կատարողական արվեստի ավանդույթներն ու սեփական բեմական մեծ փորձը նա շարունակում է փոխանցել երիտասարդ սերունդներին։ Իր մանկավարժական գործունեության 30 տարիների ընթացքում դաստիարակել է փայլուն երաժիշտների մի համաստեղություն, որը մեծ ոգևորության աղբյուր է ոչ միայն նրանց խստապահանջ պրոֆեսորի համար։ Մայիլյանի դասարանի շրջանավարտները՝ շարունակելով իրենց, արդեն իսկ ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Շվեդիա, Էստոնիա, Կանադա, Գերմանիա, մեծ սիրով և երախտագիտությամբ ներկայացնում են Հայաստանն ու հայկական երաժշտարվեստը»,– հայտնեց մեր զրուցակիցը, ապա փոքր հավելում արեց՝ նշելով, թե Աննա Մայիլյանի կատարողական և մանկավարժական գործունեությունը, նրա անսպառ եռանդն ու մասնագիտությանը անմնացորդ նվիրվածությունը բարձր պրոֆեսիոնալիզմի օրինակ են։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ























































