Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար: Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան. Փաշինյան

Մարտ 12,2026 17:20 Share

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա գտնվում ենք մի կետում, երբ  ձևավորված Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանել:  «Պետք է պաշտպանենք շատ պինդ, պետք է պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար: Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան: Աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա. գոյություն չունի:  

Շատ կարևոր է քաղաքական դիրքավորումը՝ մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք, որովհետև մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է,  մեր ձևավորած Հայաստանը հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանն անվտանգ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանն ապահով Հայաստան է, քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է, և մեր ձևավորված Հայաստանն ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկող Հայաստան է: Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետև մենք հասել ենք պատմական նվաճման: Մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների: Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող՝ անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը: Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմա առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության և մեր անելիքների հետ. «Այդ ճանապարհին մենք կսխալվենք, այդ ճանապարհին վերանայումներ կանենք: Ժամանակին մի կարգախոս կար, քաղաքացիական հասարակությունն էր օգտագործում այն, հնչում էր այսպես. «Մենք ենք տերը մեր երկրի»: Այդ կարգախոսն այսօր իրականացված է՝ մենք ենք տերը մեր երկրի: Դա ամենամեծ նպատակն է, որն ընդհանրապես եղել է, և այդ նպատակն իրագործված է: Հիմա պետք է ձևավորել այնպիսի պետական համակարգ, որը հարատև ապահովի ՀՀ-ի քաղաքացիների՝ սեփական երկրի տերը լինելու փաստը: Այս իրողությունը պետք է շարունակական զարգանա: Մենք այսօր դա կարող ենք անել և կարող ենք դա մեզ թույլ տալ, որովհետև մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով: Այսօր ՀՀ-ն չի գոյատևում, այսօր Հայաստանի Հանրապետությունը կա, զարգանում է, աշխատում է, ձևավորում է օրակարգեր, լուծում է օրակարգեր: Այսօր ՀՀ-ի միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է, այսօր ՀՀ-ի տարածաշրջանային հեղինակությունը աճում է, այսօր ՀՀ-ն ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում՝ իր համար հարմարավետություն ստեղծելով: Սա շատ կարևոր է, և մենք պետք է շարունակենք այս ճանապարհը: Եվ խնդիրները լուծելու համար մեզ պետք է արդյունավետ պետական կառավարման համակարգ, և մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Խթանվում է պետական պաշտոնյաների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը. կապահովվի կատարողականի գնահատմամբ պիլոտային ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է  որոշում, որով  առաջարկվում է 2025 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ կառավարութան  որոշման չափորոշիչների հիման վրա հաշվարկել խրախուսման ֆոնդի մեծությունը և  պահուստային ֆոնդից հատկացնել առանձին պետական մարմիններին՝ աշխատակիցների խրախուսման համար։

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նոյեմբերին  Կառավարությունը հաստատել է կատարողականի գնահատմամբ պիլոտային ծրագիրը, որը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու կարևոր քաղաքականություն է: Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումը և այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումն է: «Այս ուղղությամբ հետևողական աշխատանքն այն հիմքն է, որով պետք է ապահովվի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, ինչպես նաև երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվեն ամենաարդյունավետ ձևով և ուղղվում են որակյալ պետական ծառայության կազմակերպմանը»,- ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարեվերջին ամփոփվել է  2025 թ. առաջին կիսամյակի ծրագրի կատարողականի գնահատականը կառավարման 15 մարմինների համար: «Գնահատվեցին սահմանված 57 ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները, և պետական մարմիններին հատկացվեց 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ: Հիմա գնահատել ենք 2025 թ. 2-րդ կիսամյակի ծրագրով տարված աշխատանքը, և կարող ենք ասել, որ խրախուսման համակարգի պիլոտավորումը կառավարման մարմինների առաջնահերթությունների ուղղությամբ կենտրոնացման հարցում ստանում է կարևոր նշանակություն: Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել, որ 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ գնահատականը մոտ է սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին: Հաշվի առնելով այս արդյունքները՝ 2025 թ. 2-րդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 մլրդ դրամ: 2025 թվականի 2-րդ կիսամյակի համար հատկացումների կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ գործնականում հաշվի կառնվի այն հանգամանքը, թե առաջին կիսամյակում խրախուսվածների կողմից ինչպես է իրագործվել կրթության նպատակով դրամական ներդրումների պահանջը: Այս կիսամյակի ավարտին կունենանք ընդհանրական հաշվետվություն այն մասին, թե պիլոտային ծրագրի շահառուները որքան դրամական ներդրումներ են կատարել կրթական ծախսերի ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ  պիլոտային ծրագրի արդյունքների վերլուծությունը  թույլ է տալիս զուգահեռաբար աշխատել օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ, որի վերջնականացման արդյունքում հնարավորություն կլինի պիլոտային ծրագրի ծանուցում կատարել երկարաժամկետ կարգավորումների, ինչպես նաև այս տարվա ընթացքում ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել հանրային ծառայության վարձատրության մեխանիզմներն օրենքով կարգավորելու վերաբերյալ առաջարկություն:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս մեխանիզմով, չնայած քննադատությունների, պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն քայլ է կատարվում: «Այն լիարժեքորեն տեղավորվում է այլոց շարքում՝ մեր պետության հարատևության օրակարգի մեջ: Մենք նաև փորձով համոզվել ենք, որ այս համակարգն առաջին հերթին արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին և մեր պետական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Ուզում եմ ընդգծել նաև, որ այս համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն քաղաքականության տեսակետից: Նորից ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի,  թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ աճ արձանագրեցինք, առաջընթաց արձանագրեցինք, բայց մի իքս պահի և այսօր էլ որոշակի լճացում կա: Եվ ես կարծում եմ՝ մենք պետք է երկրում հակակոռուպցիոն ստանդարտներն ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք: Այս որոշումը տեղավորվում է նաև այդ տրամաբանության մեջ: Մեզ հարկավոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, որն առավելագույն ջանք է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար»:

Վարչապետը  կարևորել է նաև այն  հանգամանքը, որ դրա արդյունքում խթանվում է պետական պաշտոնյաների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը: Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև  շատ կարևոր ներդրում է մեր կրթական համակարգի հետագա զարգացման. «Ես այսօր արդեն տեսնում և զգում եմ, որ մեր կրթական շուկայում նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչն էլ իր հերթին  բերելու է տնտեսական լրացուցիչ էֆեկտի»:

Վարչապետը նշել է, որ  բարեփոխման արդյունքում որոշ ժամանակ անց պետք է սահմանել  պետական համակարգում ծառայության անցնելու ավելի բարձր ստանդարտ. «Որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի: Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, որ պետական համակարգում անցնում են աշխատանքի, ցավոք այդպիսի դեպքեր կան, որովհետև ավելի մրցունակ հատվածում չեն կարողացել աշխատանք գտնել: Իսկ սրանից տուժում է պետությունը և  հանրությունը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ նախորդ տարվա արդյունքներն ու ցուցանիշները ևս մեկ անգամ համոզում են, որ այս ուղղությամբ ներդրումները  բերում են լրացուցիչ արդյունքներ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն և այլն. «Այդ լրացուցիչ արդյունքը նաև  խաղաղությունն է, որովհետև, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է, և այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ»:

Դիմելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝  Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս խնդիրը պետք է լուծենք նաև ՏԻՄ-ի մակարդակով: Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է: Մենք չենք կարող տարածքներ թողնել, որտեղ գեներացվեն պրոցեսներ, որոնք կառուցողական չեն»:

Վարչապետը հավելել է՝ ՀՀ-ում պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն. հանրությունը ինչ է ստացել դրանից և դա պետք է լինի տեսանելի, շոշափելի:

Կիրականացվի համայնքների միավորման 8-րդ փուլը. կձևավորվեն խոշորացված 3 համայնքներ՝ 3 մարզերում

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:  Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, այն վերաբերում է համայնքների միավորմանը, որի 8-րդ փուլն է նախատեսվում:

 

Ըստ այդմ՝ առաջարկվում է միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում: Երեք խոշորացված համայնքներն են Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները, ընդհանուր՝ 20 բնակավայր, Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր՝ 28 բնակավայր, և Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց ձորի մարզում, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր՝ 32 բնակավայր: Ըստ նախարարի՝ փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Չկա գեթ մեկ դեպք, երբ համայնք խոշորացված լինենք, հետո մտածենք, թե ինչի այսպես արեցինք, պետք էր չանել սա: Ընդհակառակը՝ մենք, առանց բացառության, բոլոր դեպքերում,  տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Օրինակ՝ խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն և անգամներով մեծանում են, և սա շատ կարևոր արձանագրում է»:  

Վարչապետի դիտարկմամբ, մասնավորապես՝  բաշխումներ անելու հնարավորությունն է մեծանում, Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով և դոտացիաներով ավելի մեծ ֆինանսավորում է իրականացնում: «Եկեք արձանագրենք, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց, ոչ մի գյուղ իր անունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր ինքնությունը չկորցրեց, իր ավանդույթը չկորցրեց և այլն: Ընդհակառակը՝ երևացին աշխատանքներ: Կառավարության համար էլ է հեշտ: Կառավարության համար ավելի հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ, քան՝  600, 800 համայնքների ղեկավարների հետ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով կհամագործակցի երկու հեղինակավոր բուհերի հետ

Կառավարությունն ընդունել է  «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշումներ, որով, մասնավորապես, հնարավորություն է ընձեռվում ձեռքբերել Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի (բացառությամբ՝ երաժշտության բաղադրիչի) ձևավորման համար խորհրդատվական ծառայություններ՝ արվեստների (բացառությամբ՝ երաժշտության բաղադրիչի) բնագավառում ՀՀ բարձրագույն կրթության որակի լավարկման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով: Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ ունեցող կազմակերպություն ներգրավելու պահանջով։ Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհերի հետ, և  որոշումներով  հնարավորություն կտրվի կնքել  պայմանագրեր:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,  առաջին պայմանագիրը կկնքվի Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանշավորման համակարգերում՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ: Ըստ նախարարի՝ վերջինս  QS վարկանշավորման համակարգում ըստ ոլորտների  տարիներ շարունակ երկրորդ հորիզոնականում է: «Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է սեփական ճանապարհը վերակազմակերպման, 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման և ինտեգրման ուղղությամբ և այդ իմաստով էլ գործնական շատ կարևոր փորձառություն է կրում, որը մեծապես աջակցելու է մեզ նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործընթացում: Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը, հիմնադրված լինելով 1847 թվականին, հանդիսանում է կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից: Սա այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով»,- ասել է նախարարը:

Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ պայմանագրի արժեքը մինչև  371 հազար 325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ է, իսկ Լոնդոնի համալսարանի հետ պայմանագրի արժեքը՝ մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ: Համագործակցությունը նախատեսված է 3 փուլերով 24 ամիս ժամկետով: Ըստ այդմ՝ նախատեսվում է հայեցակարգի մշակում, նաև աշխատանքներ՝ կարողությունների զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ պայմանագրերի շրջանակում գործընկերներն աշխատում են ոչ միայն և ոչ այնքան Կառավարության, որքան հենց բուհերի և ուսանողների հետ: Վարչապետն ընդգծել է  աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն՝ ինֆորմացիային և փորձին հասանելիություն ունենալու կարևորությունը:

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է  նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներից: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է, որ  արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման լրացված հայեցակարգը, որն ամբողջությամբ հիմնվում է մինչ այս կատարված աշխատանքների վրա և շատ հստակ նկարագրում է ծրագրի իրականացման փուլերը: Առաջին փուլը ներառում է ուսանողական կացարանների կառուցում առնվազն 3600 ուսանողի համար, բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի կառուցում, որը կօգնի տարածքը դարձնել գրավիչ քաղաքացիների և միջոցառումների անցկացման համար, տեխնոլոգիական կլաստերի կառուցում:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականը: Զուգահեռաբար աշխատանք է տարվում նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված,  այդ թվում՝ ՀԷՑ-ի համապատասխան գծերի տեղափոխման: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախորդ տարվանից մեկնարկել են նաև Ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքները. շուրջ 17 հազար խորանարդ մետր աղբ պետք է հեռացվի տարածքից։ «Գլխավոր հատակագիծն այժմ գտնվում է համալիր փորձաքննության փուլում, և դրա հաստատումը նախատեսվում է փորձաքննության ավարտից հետո։ Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ծրագիրն իրագործման ակտիվ փուլում է և առաջ է շարժվում նախատեսված ժամանակացույցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում  ընդգծել է սահմանված ժամանակացույցով ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունը:

Կապահովվի անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը 

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երեք ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար կհատկացվի 18,900.0 հազար դրամ:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Պապրիկա» ՍՊԸ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում 11․209121 հա տարածքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են բիբարներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․9 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 190 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 825 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 700 մլն դրամի այլ կապիտալ ներդրումների համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․9 մլրդ  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 97․5 մլն դրամ:

«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման, 450 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 467 աշխատատեղ՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 508-ի՝ 330,000 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 502 մլն դրամ։

«ԱՍԷԴԼ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար՝ իրականացնելով 1․1 մլրդ դրամի ներդրում արտադրամասերի և պահեստային տարածքների կապիտալ վերանորոգման համար և 14.1 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 305 աշխատատեղ՝ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է, մինչև 2029 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 330-ի՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․3 մլրդ դրամ։

«Ռոյալ գլաս գրուպ» ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում շուրջ 50 հա տարածքում հիմնել է պտղատու այգիներ կաթիլային ոռոգման համակարգով։ Ընկերության կողմից հիմնվել է նաև սառնարանային տնտեսություն՝ խնձորի չիպսի, հյութի, մրգային լավաշի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի ներդրում մրգային լավաշի նոր արտադրամաս հիմնելու համար և 400 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40 մլն դրամ:

«Գլորիա» կարի ֆաբրիկա ընկերությունը ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 3․7 մլրդ դրամ ներդրում: Ներկայումս առկա է 2830 աշխատատեղ՝ 183 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 2880-ի՝ 205 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 318 մլն դրամ։

«Սերգո Չախոյան» ԱՁ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բժշկական գործիքների արտադրության համար՝ իրականացնելով 22․7 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 5 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.  ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 7-ի՝ 166 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.3 մլն դրամ։

«Բետոնագործ» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մետաղապլաստե դռների և պատուհանների, պատուհանագոգերի արտադրության համար՝ իրականացնելով 314 մլն դրամի կապիտալ ներդրում (շենք-շինությունների վերանորոգման, նոր արտադրական սարքավորումների ձեռքբերման ուղղություններով) և 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ՝ 185 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 44-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 116․6 մլն դրամ։

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի նպատակն է ապահովել տարածական տվյալների համակարգված և ստանդարտացված կառավարումը՝ տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող համապատասխան վարչական և այլ ակտերն ազգային գեոպորտալին ինտեգրելու միջոցով: Նախագծի ընդունումը թույլ կտա համապատասխան մարմիններին ստեղծել, վարել թեմատիկ տարածական շերտերը և դրանց մետատվյալները և դրանք ինտեգրել ազգային գեոպորտալում՝ ՀՀ Կառավարության սահմանած ուղեցույցների և ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ բարձրացնելով տվյալների հասանելիությունը, փոխանակելիությունը և արդիականությունը: Նախագծով առաջարկվող կարգավորումը կնպաստի նաև տարածական տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, դրանց մատչելիության ապահովմանը, ինչպես նաև ազգային գեոպորտալի արդյունավետության ընդլայնմանը։    Նախագծի ընդունմամբ, ի թիվս այլնի, կապահովվի տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց  կողմից տրամադրվող համապատասխան վարչական և այլ ակտերի տրամադրման աշխատանքների արդյունավետությունը, դրանց իրագործելիությունը և մշտադիտարկումը։ Նախատեսվում է նաև անցումային դրույթ, որ մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը կայացված և գործող ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերը, ինչպես նաև մետատվյալները դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ստեղծվում և ինտեգրվում են ազգային գեոպորտալին նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Գործադիրի հավանությանն են արժանացել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության և որակի գնահատման առավել օբյեկտիվ և գործուն համակարգ, որը մի կողմից ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մոնիթորինգ` արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը, իսկ մյուս կողմից թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել 2026 թ. փետրվարի 5-ին ստորագրված «ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև ՀՀ տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։ ԿԶԵՀ-ի հիմնադիր պետությունների մասնակցության չափը կազմում է 8,513 մլրդ ԱՄՆ դոլար, որում ՀՀ մասնաբաժինը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք է: ԿԶԵՀ ծրագրերի ընթացիկ պորտֆելը ՀՀ-ում ներառում է 10 ծրագիր՝ $538 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մակրոտնտեսական, գյուղատնտեսական, տրանսպորտային, սոցիալական ուղղություններով:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան  էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II փուլ» դրամաշնորհային և «Կովկասյան  էլեկտրահաղորդման ցանց IV» վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի: Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը բաղկացած է բյուջետային աջակցության 90 մլն եվրո և տեխնիկական աջակցության 53 մլն եվրո արժողությամբ բաղադրիչներից: Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝ գնումների թվային համակարգի բարելավում, որակի ենթակառուցվածքների զարգացում, նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում։

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի գումար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ֆինանսական ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանում գործող արհեստական բանականության ոլորտի ստարտափները, հետազոտական խմբերը, ուսումնական հաստատություններն ու անհատ մասնագետները ներկայում չունեն բավարար հասանելիություն որոշ ռեսուրսների՝ հաշվարկային հզորության և պահուստավորման տեսանկյունից, ինչը խոչընդոտում է գաղափարների ամբողջական իրագործումը։ Պետական ֆինանսավորմամբ CPU/GPU ռեսուրսների տրամադրումը արհեստական բանականության ոլորտի նորարարներին ոչ միայն տեխնիկական քայլ է, այլև ռազմավարական ընտրություն:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառման բնականոն ընթացքը, ինչպես նաև կապահովվի Սյունիքի և Կոտայքի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031