Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Շուշիի հռչակագրով «եղբայրական» Ադրբեջանը Թուրքիային թակարդն է գցել. «Գեղարդ»

Մարտ 12,2026 17:30 Share

«Գեղարդ» հիմնադրամ. 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են «Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագիրը ստորագրելուց հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Շեշտելով տարածաշրջանային համագործակցությունը հանուն խաղաղության՝ Էրդողանը կրկին բարձրաձայնել է թուրքական կողմի առաջարկությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար վեցակողմ հարթակ ստեղծելու մասին։ Իր հերթին՝ Ալիևը հռչակագրից կարևորել է երկու կետեր, որոնք վերաբերում են փոխադարձ ռազմական օգնությանն ու «Զանգեզուրի միջանցքին»։ Ադրբեջանի նախագահը, վստահաբար, նկատի է ունեցել հռչակագրի հետևյալ պարբերությունը.

«Եթե Կողմերից որևէ մեկի կարծիքով նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը կամ անվտանգությունն սպառնալիքի տակ են կամ հարձակման են ենթարկվում երրորդ պետության կամ պետությունների կողմից, Կողմերը կանցկացնեն համատեղ խորհրդակցություններ, և այդ սպառնալիքը կամ հարձակումը վերացնելու համար կձեռնարկեն նախաձեռնություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, և միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս օգնության ծավալն ու ձևը կորոշվեն անհապաղ անցկացվող քննարկումների միջոցով, կկայացվի որոշում՝ համատեղ միջոցառումների համար պաշտպանական կարիքները բավարարելու վերաբերյալ, և կկազմակերպվի զինված ուժերի ուժային և կառավարման կառույցների համակարգված գործունեությունը»:

2026 թվականի փետրվարի 28-ից Իսրայելը և ԱՄՆ-ը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Վերջինն էլ իր հերթին հակադարձ հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան և իսրայելական հենակետերին։ Թուրքիայում Միացյալ Նահանգները նույնպես ռազմական ներկայություն ունի, սակայն Անկարայի առերևույթ չեզոք վարքագիծը ենթադրում է, որ այն իր տարածքը չի տրամադրել Իրանի դեմ հարձակման համար և առաջիկայում էլ չի պատրաստվում։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու հնարավոր հետևանքներն են, մասնավորապես՝ Իրանի կործանմամբ քրդական շարժման ակտիվացումը, քրդական պետության ստեղծման գործընթացի առաջ մղումը, այդ թվում՝ թուրքական տարածքների հաշվին։

Ահա սա է պատճառը, որ թուրքական կողմը պարբերաբար շեշտում է Իրանի դեմ գործողություններին չմասնակցելը, արագ հերքում իր տարածքում իրանական հրթիռներ ընկնելու մասին լուրերը, իսկ որսածները համարում է «պատահաբար շեղված»։ Սակայն Իսրայելը կարող է հնարամտորեն գործի դնել իր կարևոր դաշնակցին՝ Ադրբեջանին՝ Թուրքիային Իրանի դեմ պատերազմում ներքաշելու համար։

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնական աղբյուրները հայտարարել են, թե իրանական անօդաչուները հարվածել են Նախիջևանի օդանավակայանին և հարակից ենթակառուցվածքներին․ կան վիրավորներ։ Իրանական կողմը շտապել է հերքել իր առնչությունը դրանց, սակայն Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պնդել է մեղադրանքներն Իրանի հասցեին՝ հարձակումը որակելով նույնիսկ ահաբեկչական։ Բաքուն պահանջել է, որ Իրանի զինված ուժերը ներողություն խնդրեն միջադեպի համար, իսկ պատասխանատուները՝ պատժվեն։ Ավելին՝ Բաքուն, ըստ տեղեկությունների, զինված ուժեր է կենտրոնացրել Իրանի հետ սահմանին։

Չնայած Ալիևի վստահեցումներին, թե Ադրբեջանը չի մասնակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, իրանցի ռազմական ու քաղաքական տարբեր պաշտոնյաներ հանդես են եկել Բաքվին ուղղված նախազգուշացումներով։ Մասնավորապես՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը հարևանների հետ բախման չի ձգտում, սակայն շատ կոշտ կպատասխանի այն երկրին, որը կաջակցի իր դեմ հարձակմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս նույնաբովանդակ հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ իրանական զինված ուժերը հարվածում են միայն ամերիկյան և իսրայելական ռազմական ներկայությանը, և ոչ՝ հարևաններին։

2026 թվականի մարտի 8-ին Թեհրանն արդեն ուղիղ զգուշացրել է Բաքվին՝ կանխել տարածաշրջանում անկայունության տարածումը։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակը Բաքվին կոչ է արել վտարել սիոնիստներին Ադրբեջանից։ Նշվել է, որ չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած ագրեսիային, Իրանի զինված ուժերն առավելագույն ջանք են գործադրել՝ բարեկամ, հարևան և մուսուլմանական երկրների ազգային անվտանգությանն ու շահերին որևէ վնաս չպատճառելու համար։

Նմանօրինակ հասցեական հայտարարությունն արդեն հուշում է, որ անկախ նրանից` Նախիջևանի ուղղությամբ հարվածներն իսկապես Թեհրանի՞ց են եղել, թե՝ ոչ, Իրանը քաջատեղյակ է իր դեմ իրականացվող գործողություններին ադրբեջանական մասնակցության մասին: Ըստ այդմ՝ եթե Նախիջևանի դեմ ԱԹՍ-ների գրոհն իրոք իրանական բանակն է կազմակերպել, ապա դա կարող է նախազգուշացում դիտարկվել: Թեև Իրանի նախագահը Ալիևի հետ հեռախոսազրույցում ևս հերքել է իրանական առնչությունը Նախիջևանի դեմ անօդաչուների գրոհին, սակայն Բաքուն լավագույնս շահարկում է տեղի ունեցածը նաև ընդդեմ Թուրքիայի։

Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հարվածների մասին լուրերի համատեքստում ձեռնարկված Բաքու-Անկարա շփումները ևս հաստատում են, որ Ադրբեջանը միջադեպին փորձում է առավել մեծ հնչեղություն հաղորդել: Անկարան, ըստ էության, կարող է զգուշանալ, որ Բաքուն, տուրք տալով իսրայելական մտադրություններին, կդիմի Շուշիի հռչակագրին՝ Թուրքիայից պահանջելու անհրաժեշտ աջակցությունը։ Քաղաքագիտորեն հնարամիտ այս քայլով Իսրայելի երկու թշնամիները՝ Թուրքիան և Իրանը, Ադրբեջանի «թեթև ձեռամբ» կարող են պատերազմել միմյանց դեմ։

Դատելով նախիջևանյան ԱԹՍ-ների դեպքին հաջորդող իրադարձություններից և Բաքվի կողմից Իրանին ուղղված մեղադրանքների շարունակականությունից՝ տեսանելի է, որ Ադրբեջանը շարունակում է թեժացնել հակաիրանական թեման։ Իրանը լավագույնս տիրապետում է Ադրբեջանի տարածքից իր դեմ իրանականցվող իսրայելական գործողությունների մասին տեղեկությանը, և պատահական չէ Թեհրանի կոշտ պահանջը՝ «սիոնիստներին Ադրբեջանի տարածքից դուրս մղելու» վերաբերյալ։

Ենթադրվում է, որ Ադրբեջանը, Իսրայելի դրդմամբ կամ գուցե սեփական շահագրգռությամբ, կշարունակի հրահրել Իրանին՝ հարվածելու իր տարածքին։ Սրա արդյունքում Շուշիի հռչակագրի գործադրմամբ Թուրքիային կներքաշի պատերազմի մեջ։ Հակառակ դեպքում Թուրքիան կհեղինակազրկվի՝ դրանից բխող հետևանքներով, որոնք ոչ պակաս վտանգավոր կարող են լինել նույն Թուրքիայի համար։ Ստացվում է՝ 2021 թվականին Շուշիում Էրդողանի դրած ստորագրությունն ական է Թուրքիայի տակ, և դրանով «եղբայրական» Ադրբեջանը Թուրքիային թակարդն է գցել ու ցանկացած պահի կարող է սպառնալ դրա գործարկմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031