Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։ Վարչապետն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։ Երկրի ղեկավարը միաժամանակ գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։
Իր հերթին, Մագնուս Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Միաժամանակ, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ–ի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

















































