Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ներկուսակցական քարոզարշավի հավաքում հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3», «Գյումրի 2» սցենարի կրկնություն չի լինելու, և որ իրենց նշաձողը 65 տոկոս է։
Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, խորհուրդ տվեց վերապահումներով մոտենալ նրա ասածին։
«Հիշում եմ, որ Գյումրիի ընտրություններից առաջ տվյալ ուժի Գյումրիի թեկնածուն էլ էր նույն բանն ասում․ կարծեմ հենց ընտրությունների օրը լրագրողներին ասում էր՝ հաջորդ օրը գալու եք ինձ շնորհավորելու։ Այնպես որ, այն, ինչ ասում է երկրի գործող վարչապետը, իր բոլոր ասածներին պետք է շատ մեծ վերապահումով մոտենալ, որովհետև «Արցախը Հայաստան է և վերջ», արագաչափերը պետք է հանենք, կարմիր գծերից հրաժարվենք․․․ Էս շարքն անթիվ է, որ մենք սկսենք ասել, թե ինչ էր ասում գործող վարչապետը և հետո ինչ էր անում։
Կարծում եմ՝ ինքն ամենալավ լուծումն է գտել, ավելի լավ է ծամի ու քիչ խոսի», -ասաց ավագանու անդամը։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանն ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած շրջայցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանացել՝ տարեց կանայք հատուկ մտնում էին այն սրճարան, որտեղ վարչապետն է նստած, սրտիկներ էին հանում, մյուսները գրկախառնվում էին, հերթ կանգնում նրա հետ լուսանկարվելու, ինչպե՞ս հասկանալ՝ Գյումրին ընդդիմադիր քաղա՞ք է, թե՞ ոչ և արդյոք շինծու պատկեր տեսնո՞ւմ է, ավագանու անդամը հորդորեց չվերցնել մարդկանց մեղքը։
«Ամեն դեպքում Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 17 հազար ձայն։ Հիմա 17 հազար ձայնից 250-300 կողմնակից հավաքել վարչապետի այցի համար, չեմ կարծում, որ մի մեծ խնդիր է։ Մարդիկ են, այդպես են մտածում, այդպես են ողջունել իրենց քաղաքական ուժի ղեկավարին, ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում, որովհետև մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք, թե ինչպես նաև ընդդիմադիր գործիչները կամ լիդերները, երբ որ այս կամ այն տեղ տեղ են գնում, իրենց ինչպես են ողջունում։
Նորմալ քաղաքական գործընթաց է, դրանով չի որոշվում քաղաքը այսպիսի տրամադրվածություն ունի, թե այնպիսի տրամադրվածություն ունի։ Մեկ տարի առաջ փաստացի ընտրության 47 հազար մասնակիցներից 30 հազար ձայն է տվել ընդդիմությանը, սա է մեկնարկային կետը, որի վրա պետք է հենվել»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Նա վստահ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն անցնելու են մեծ աղմուկի մեջ, 24 ժամ շարունակ «ղժղժոց է լինելու», քանի որ ըստ մեր զրուցակցի, բազում անգամ երկրի գործող ղեկավարին անհավասարակշիռ վարքագծի դրսևորմամբ տեսել ենք ԱԺ ամբիոնից, երբ իրեն դուր չեկած հարցերի դեպքում դրանք շեղում, տանում է այնտեղ, որտեղ ինքը կարող է «ղժղժալ»։
«Գիտեմ, որ հայ ժողովուրդը ղժժոցից հոգնել է, խաղաղությունը, նաև հոգեկան խաղաղությունը, եթե դու հոգեկան խաղաղության մասին ես խոսում, նաև մեր շուրջ խաղաղության մասին, ներքաղաքական խաղաղության մասին, դու չես կարող գոռալ, որ խաղաղություն ես բերել քո սահմաններից դուրս, բայց քո երկրի ներսում մարդիկ խաղաղ չլինեն։ Այդպես չի լինում, հակառակ պրոցեսն է լինում, սկզբից ներքաղաքական, ներպետական խաղաղություն է լինում, հետո նոր խաղաղությունը կարողանում ես ստանալ քո սահմանների մոտ, քո սահմաններից դուրս»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































