Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Տխմարության բանաձևումը։
Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից՝ վերջինիս կողմից որոշումներ կայացնելու և արարողակարգային այցերի հետ կապված սկանդալային իրավիճակներ ստեղծելու հիմնապատճառներով: ԱՄՆ փոխնախագահ Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի միջոցով ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գրքեր նվիրելը, արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության հիշատակումը որպես հիմք դիտելն ու տնօրենից հրաժարականի դիմում պահանջելն, ինչպես նաև հաջորդիվ դրա մասին բացեիբաց հայտարարելը, վկայում է լիակատար ու անմնացորդ անմեղսունակության մասին:
Հիմա կետերով
Կարդացեք նաև
Ա մեղավոր
Այդ մակարդակի պաշտոնական այցի ընթացքում մշակված ու քննարկված պետք է լինեն ԲՈԼՈՐ արարողակարգային մանրամասնությունները՝ ընդհուպ մինչև Ծիծեռնակաբերդում հյուրի տեղաշարժման ժամանակացույցն ու հյուրերին տրամադրվող նվերների տեսականին: Դա պարզապես չի արվել: Այստեղ Էդիտա Գզոյանը մեղավոր չի, քանզի հիմնական թերացողներն ու Նիկոլին արհամարողներն ի սկզբանե եղել են իր աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ արտգործնախարարը՝ ովքեր «կուրսի չեն եղել» ՀՀ վարչապետի ներկա արտաքին քաղաքական կուրսից:
Բ մեղավոր
Անգամ այս բացթողման պարագայում ՀՀ պետարարողակարգի պատասխանատուները, ովքեր եղել այդ պահին Ծիծեռնակաբերդում ու բավական ժամանակ են ունեցել տեղեկանալու Էդիտա Գզոյանի նպատակադրության մասին ու բացառել դա, կարող էին դա անել հաշվված վայրկյանների ընթացքում, բայց դա չեն արել, քանզի իրենց հետաքրքիր չի եղել Նիկոլ Փաշինյանի կարծիքն այդ կապակցությամբ:
Գ մեղավոր
Մինչ բարձրաստիճան հյուրերի ժամանումը Ծիծեռնակաբերդ, այդ պահին Էդիտա Գզոյանի կողքին է եղել նրա անմիջական վերադասը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով պարտավոր էր հարցնել Է. Գզոյանին, թե ի՞նչ է պատրաստվում նվիրել հյուրին: Սա նշանակում է, որ Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու ու նրա հայտարարած «կառավարությունն այդ ես եմ» ձևակերպումն առ ոչինչ են:
Ու վերջում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ այս բաժինը պետք է լուծարվի, կամ իր ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները, քանի որ թանգարանում նման բաժնի գոյությունը դիտվելու է անցանկալի ու վտանգավոր»:


















































