Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական ֆիլմից մինչեւ հայ կոմպոզիտորի գործերի՝ գերմանական եւ ճապոնական մեկնաբանություն

Մարտ 13,2026 12:30 Share

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը մանրամասներ է ներկայացնում իր ստեղծագործական հաջողությունների մասին

Միջազգային մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը եւ կոմպոզիտոր, ջազային երաժիշտ Տիգրան Համասյանը մասնակցել են Ալեսսիո Մատիայի՝ հայկական մշակույթի մասին պատմող Monferrato – Armenia / Echoes of identity across borders վավերագրական ֆիլմի ստեղծմանը: «Առավոտի» հետ զրույցում Ժիրայր Շահրիմանյանը նշեց, որ ունեն ընդհանուր ընկեր ռեժիսորի հետ, խոսքը իտալահայ երաժիշտ Մաուրիցիո Ռեդեգոսո Խարիթյանի մասին է. «Ես համագործակցում եմ Մաուրիցիո Ռեդեգոսո Խարիթյանի հետ արդեն քանի տարի, ինքն իմ Ալտի առաջին սոնատն է ձայնագրել իտալացի դաշնակահարի հետ, եւ հիմա պատրաստվում է երկրորդ սոնատի ձայնագրությունը: Իր միջոցով ռեժիսոր Ալեսսիո Մատիան իմացավ Հայաստանի եւ հայ երաժիշտների մասին եւ նախաձեռնեց այս ֆիլմի նկարահանումը՝ առաջին անգամ նկարահանող խմբով այցելելով Հայաստան:

Այժմ ֆիլմի մոնտաժային աշխատանքներն են ընթանում: Առաջիկայում այն կցուցադրվի Իտալիայում: Ամբողջական սցենարին ծանոթ չեմ, բայց հասկացել եմ, որ հայկական մշակույթի, երաժշտության հետ է կապված՝ շարականների, ժամանակակից դասական երաժշտության մեծ սպեկտր է առկա մոտ մեկ ժամանոց ֆիլմում»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Ալեսսիո Մատիան մի ֆիլմ էլ նկարել է Հռոմի նախորդ պապի մասին՝ Վատիկանի պատվերով: Ինչ վերաբերում է Monferrato – Armenia / Echoes of identity across borders-ին, սա ռեժիսորի 6-րդ վավերագրական ֆիլմն է, որը նախատեսված է ամռանը ցուցադրել նաեւ Հայաստանում: «Ֆիլմում ես ներկայացրի հայ հոգեւոր երաժշտությունը, նաեւ հատվածներ նվագեցի մեր միջնադարյան շարականներից, խոսեցի դրանց կապից ժամանակակից երաժշտության հետ ու նաեւ Կոմիտասի մասին: Այսինքն մեր երաժշտական միջնադարյան եւ ժամանակակից ժառանգության մասին եմ խոսել»,-հավելեց Ժիրայր Շահրիմանյանը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Շահրիմանյանի «Մանթրա» ստեղծագործությանը, որը փետրվարի 10-ին հնչել է Տոկիոյի արվեստի համալսարանում կայացած համերգին: «Այդ գործը հատուկ գրվել է 2012թ.՝ Հոլանդիայում հայտարարված կոմպոզիտորական մրցույթի համար, որտեղ այն ընտրվեց ու հայտարարվեց 5 լավագույն ստեղծագործություններից մեկը՝ ներկայացված 85-ից: Պրեմիերան Ռոտերդամում է եղել՝ 2013թ. մարտին: Համացանցում կա այդ կատարումը: Ստեղծագործությունը նաեւ հրատարակվեց եւ հետագայում իր ընթացքն ունեցավ: 2017-ին «Մանթրան» հնչել է ԱՄՆ-ում, դրանից հետո ճապոնացիներն են հետաքրքրվել:

Նրանք առանց ինձ հետ կապ հաստատելու գնեցին պարտիտուրը եւ ինձ որպես հաճելի անակնկալ տեղյակ պահեցին, որ ստեղծագործությունը հնչելու է: Ինձ հիացրեց իրենց կատարողական բարձր մակարդակը: Լինելով Տոկիոյի արվեստի համալսարանի ուսանողներ՝ շատ բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեցին ստեղծագործությունս, եւ դա ոչնչով չզիջեց Հոլանդիայի կատարմանը, որտեղ ներգրավված էին Հոլանդիայի լավագույն տրոմբոնահարները՝ տարբեր սիմֆոնիկ նվագախմբերից: Իրենք սիրով ինձ տրամադրեցին իրենց կատարման տեսագրութունը, որը հրապարակեցի իմ յութուբյան էջում: Նաեւ շատ արձագանքներ ստացա այնտեղից ու հաճելի դրական իմպուլսներ»,- ասաց Ժիրայր Շահրիմանյանը:

Քանի որ փետրվարի 28-ին էլ Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքում հնչել էին կոմպոզիտորի երգեհոնային Երեք պիեսները, խնդրեցինք այդ մասին էլ որոշ մանրամասներ հայտնել:

«Բրաունշվեյգում, որը Գերմանիայի մշակութային ակտիվ քաղաքներից է, հնչել են Երգեհոնային 3 պիեսներս՝ գրված 2021թ. վերջին: Դրանք արդեն հասցրել են մի քանի անգամ հնչել ռուս հրաշալի երգեհոնահար Կոնստանտին Վոլոստնովի կատարմամբ: Պրեմիերան եղել է 2023թ. ապրիլին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, որից հետո կատարվել է նաեւ ստեղծագործության ստուդիային ձայնագրությունը, ապա հրատարակվել է ռուսական «Մելոդիա» ընկերության կողմից: Դա հայ երաժշտության առաջին CD-ն է, որը ձայնագրված է Հայաստանում՝ երգեհոնով: Նույնիսկ խորհրդային 70 տարիներին չի թողարկվել որեւէ CD-ի, որը լինի երգեհոնով: Սա ձայնագրվել է Կոմպոզիտորների միության երգեհոնով: Ինքս ներկա եմ եղել ձայնագրությանը, եւ միասին ենք մոնտաժային աշխատանքն արել: Այժմ CD-ն վաճառվում է, եւ ստորագված է պայմանագիր՝ չհրապարակելու ձայնագրությունը:

Ինչպես արդեն նշեցի, փետրվարի 28-ին Երգեհոնային 3 պիեսներս առաջին անգամ հնչեցին Բրաունշվեյգ քաղաքում: Սա երգեհոնի համար գրված իմ 4-րդ ստեղծագործությունն է: Կոնստանտին Վոլոստնովը նշեց, որ էվոլյուցիոն ընթացք է տեսնում իմ երգեհոնային ստեղծագործությունների մեջ՝ ավելի լավ գործիքին տիրապետելու, հնարավորությունները օգտագործելու առումով: Դեռեւս ուսանող ժամանակվանից՝ 2006թ. եմ առաջին ստեղծագործությունը գրել, եւ ինձ մեծ իմպուլս տվեցին ստեղծագործության համերգային կատարումները, որպեսզի կրկին անդրադառնամ երգեհոնին»,-նշեց կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է ձեւավորված այն մտայնությանը, թե ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները դժվարամարս են, հասու՝ միայն պատրաստված ունկնդիրներին ու մասնագետներին, Ժիրայր Շահրիմանյանը մեծ հաշվով համաձայն է, բայց նաեւ կարծում է, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք չունենալով նույնիսկ երաժշտական տարրական կրթություն՝ հետաքրքրվելով, լսելով, համերգների գալով, ուսումնասիրելով հասել են այն մակարդակին, որ ժամանակակից երաժշտությունը հրաշալի են ընկալում, նույնն էլ, նրա համոզմամբ, կարելի է ասել ժամանակակից գրականության, նկարչության, հեղինակային կինոյի եւ արվեստի այլ շերտերի մասին:

Դառնալով հայ ժամանակակից կոմպոզիտորներին եւ ընդհանրապես մեր կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման կարեւորությանը, մեր զրուցակիցն ասաց, որ դա պետք է լինի համակարգված, մինչդեռ մեզանում, ցավոք, տարերային բնույթ է կրում. Հայաստանի կոմպոզիտորների միությունը քիչ ռեսուրսներ ունի որեւէ լուրջ բան անելու առումով, բացի տարեկան մեկ-երկու անգամ կազմակերպված փառատոնային համերգներից, իսկ երգչախմբերն ու նվագախմբերը, չնչին բացառություններով, արտասահմանյան շրջագայությունների ժամանակ շատ քիչ են ներառում հայ երաժշտություն իրենց երկացանկում: «Շատ լավ է, որ, դրսում օրինակ, Արամ Խաչատրյան է կատարվում, բայց պետք է նաեւ կարծրատիպ չձեւավորվի, որ ունեցել ենք միայն Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան, ու դրանով ամեն ինչ վերջացել է, պետք է ներկայացվի նաեւ շարունակությունը՝ այսօրվա ստեղծագործողների գործերը»,-կարծում է կոմպոզիտորը: Նրա խոսքով, Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնը այն եզակիներից է, որտեղ ժամանակակից երաժշտություն եւ ընդհանրապես հայ երաժշտություն շատ է հնչում, եւ փառատոնը հետեւողականորեն երկար տարիներ իրականացվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031