Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշվում է, թե դեպքը տեղի է ունեցել «Վանաձոր» ՔԿՀ-ում, մինչդեռ իրականում այն տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում». Աննա Ծառուկյան

Մարտ 13,2026 14:00 Share

Ծանր քրեական գործերով հայտնի փաստաբան Աննա Ծառուկյանի սոցիալական ցանցում արված գրառումը մի քանի է օր է, ինչ քննարկումների առիթ է տվել ինչպես մասնագիտական համայնքին, այնպես էլ ԱՆ քրեակատարողական ծառայությանը։

Նա գրել էր. «ՔԿՀ-ներում կրկին գլուխ է բարձրացրել անթույլատրելի եւ արատավոր մի երեւույթ։ Փաստաբաններին ոչ թե պարզապես զննում են, այլ փաստացի խուզարկում, ինչը օրենքով նախատեսված ընթացակարգ չէ եւ կոպտորեն խախտում է փաստաբանի գործունեության երաշխիքները։

Այս գործողությունները պատճառաբանվում են այն հանգամանքով, թե իբր որոշ դեպքերից հետո «զգոնությունը բարձրացվել է»։ Սակայն առաջանում է հիմնավոր հարց՝ ինչո՞ւ են բոլոր փաստաբաններին դիտարկում նույն կասկածի տակ, եւ ինչո՞ւ են մեզ վերաբերվում այնպես, կարծես մենք կանխավ մեղավոր ենք։

Այդ մոտեցումը հակասում է անմեղության կանխավարկածի սկզբունքին եւ փաստաբանական գործունեության անկախության երաշխիքներին։

Այս հարցով երկուշաբթի օրը դիմելու եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պարզելու համար, թե ինչու են որոշ կառույցներ անցնում իրենց լիազորությունների սահմանները եւ խախտում օրենքով սահմանված կարգը։

Այս հարցը պետք է ստանա իրավական եւ համակարգային լուծում»։

Փաստաբան Աննա Ծառուկյանի գրառմանը արձագանքեց նախ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ապա` ՀՀ փաստաբանների պալատը, առանձին փաստաբաններ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ փաստաբան Աննա Ծառուկյանը մարտի 6-ին, ժամը 19։35-ին, այցելել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Ապա ըստ ՔԿ ծառայության՝ «Հարկ է նշել, որ վերջինիս նկատմամբ իրականացվել է զննություն եւ ոչ թե խուզարկություն. այն է՝ ծառայողները զննության նպատակով փաստաբանին առաջարկել են ցույց տալ իր գրպանների պարունակությունը, ինչպես նաեւ ձեռքին առկա իրերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ 21.11.2011թ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N194-Ն հրամանով հաստատված հավելվածի 49-52-րդ կետերի համաձայն՝ անձնական խուզարկությունները լինում են ամբողջական եւ մասնակի։ Մասնակի խուզարկության դեպքում անձը չի մերկացվում, նրա հագուստը, կոշիկները շոշափվում եւ զննվում են արտաքնապես, անհրաժեշտության դեպքում կոշիկները կարող են հանվել` զննման նպատակով։ Ամբողջական խուզարկության դեպքում անձին ծառայողներն առաջարկում են ամբողջությամբ հանել հագուստը եւ այլն»,-հայտնել էր ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Դավիթ Թումասյանն անդրադարձավ փաստաբանների՝ պատիժ կատարող հիմնարկներ կամ մարմիններ մուտքի եւ ելքի իրավունքին, մասնավորապես նշելով. «Փաստաբանները՝ իրենց վստահորդների հետ հանդիպման նպատակով, ունեն առանց հատուկ թույլտվության պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին անարգել մուտքի եւ ելքի իրավունք: Դա ամրագրված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին մուտք ու ելք ունեցող անձը, ինչպես նաեւ նրա իրերը պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի կողմից ենթարկվում են զննության, իսկ ՕՐԵՆՔՈՎ նախատեսված դեպքերում՝ խուզարկության: Հետեւաբար, ոչ մի ենթաօրենսդրական ակտով փաստաբանի խուզարկությունը չի կարող ամրագրվի, իսկ ամրագրվելու դեպքում, այդ նորմը կիրառման ենթակա չէ: Բացի այդ, փաստաբանի հետ հավասար կարգավիճակով պատիժ կատարող հիմնարկներ կամ մարմիններ մուտքի եւ ելքի իրավունք ունեն նաեւ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, պատգամավորները, ՀՀ արդարադատության նախարարը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ գլխավոր դատախազը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ այլ՝ խիստ սահմանափակ թվով, անձինք» (մարտի 10):

Փաստաբան Աննա Ծառուկյանը «Առավոտի» հարցին, թե ի վերջո, ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ ձեր իսկ խոսքերով՝ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ասաց. «Իմ կողմից բարձրաձայնված հարցի կապակցությամբ տարածված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես նշվում է, թե դեպքը տեղի է ունեցել «Վանաձոր» ՔԿՀ-ում, մինչդեռ իրականում այն տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Այդ պայմաններում անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում նման տեղեկատվություն հրապարակելը՝ ակնհայտորեն սխալ նշելով դեպքի վայրը։

Ավելին՝ հայտարարությունը, թե իբր իմ հագուստը եւ կոշիկները չեն շոշափվել, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Իրականում ոչ միայն շոշափվել են, այլ այդ գործողությունների ընթացքում մեր միջեւ առաջացել է բանավեճ։ Մասնավորապես՝ զննություն իրականացնող աշխատակցուհին բավականին երկար եւ մանրակրկիտ շոշափել է իմ կիսաթեւ մուշտակս, իսկ այն պահին, երբ նա կռացել էր եւ փորձ էր կատարում բարձրացնել իմ տաբատը ու նայել կոշիկների ներսը, ես առարկել եմ։ Միաժամանակ չեմ ընդհատել գործողությունը, որպեսզի հետագայում կարողանամ հանգիստ եւ իրավական ձեւով բարձրացնել հարցը։

Այդ ընթացքում մեր խոսակցությանը մոտեցել է տղամարդ ծառայողը եւ նշել, որ իմ առարկությունները պետք է ներկայացնեմ պետին՝ ընդգծելով, որ դա իրենց աշխատանքն է։ Ի պատասխան՝ տեսախցիկների ներկայությամբ ես շեշտել եմ, որ խուզարկություն իրականացնելու լիազորությունը տվյալ դեպքում նրանց իրավասությունների մեջ չի մտնում, եւ որ կատարվող գործողությունները դուրս են զննության սահմաններից։

Փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած վերահսկողություն կամ միջամտություն պետք է լինի խիստ սահմանափակ եւ հիմնավորված, ավելին՝ չխախտելով անմեղության կանխավարկածը»։

Աննա Ծառուկյանը տեղեկացրեց, որ դիմել է նաեւ ՀՀ փաստաբանների պալատին այս հայտարարության մասով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031