Արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդեց, թե իբր «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։
Քրեական իրավունքի մասնագետ Հայկ Ալումյանը զավեշտալի է համարում թե՛ Արտաքին հետախուզության ծառայության, թե՛ նմանատիպ այլ հայտարարություններ, նշում է, որ պետության պարտավորությունն է՝ հոգալ իր քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որտեղ էլ որ նրանք լինեն․ «Դրսում գտնվող, ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց համար պետությունը պարտավոր է ապահովել տվյալ երկրում ընտրություններին մասնակցելու հնարավորություն: Մենք տեսնում ենք շատ երկրներ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են այդ հնարավորությամբ` ե՛ւ օրենսդրությամբ, ե՛ւ տեխնիկապես։ Հիմա Հայաստանը դա չի անում։ Եթե ինչ-որ քաղաքացիներ ցանկություն ունեն գալ ու քվեարկությանը մասնակցել, բայց նյութապես դրա հնարավորությունը չունեն, այդտեղ իրականում պետության մտածելու խնդիրն է: Կրկնում եմ՝ եթե տեղերում ապահովեին, գուցե այս խնդիրը չառաջանար: Բայց ինչո՞ւ եք բացառում, որ ինչ-որ մարդիկ, իսկապես, ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին։ Եթե որոշները ֆինանսական խնդիրներ ունեն եւ ինչ-որ մարդկանց են խնդրել՝ ապահովել այդ հարցերը, ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնում, այլեւ տեսնում եմ, որ որոշակի մարդիկ բարի կամք են դրսեւորել եւ պետության բացթողումների արդյունքում առաջացած իրավիճակին փորձում են լուծում տալ»։ Ալումյանի համար ընդունելի չէ ընտրություններին միջամտելը, սակայն նկատում է, որ հենց արեւմտյան երկրները Հայաստանի հարցում իրենց չեզոք չեն պահում, բայց ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































