Իրանում երկարատեւ եւ ծավալուն պատերազմը բոլորովին էլ Թրամփի օգտին չի ծառայի: Նրան անհրաժեշտ է ցույց տալ արագ արդյունքներ եւ զորքերի անմիջական վերադարձ տուն:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կացությանը, ճիշտ է, լարվածությունը Միջին Արեւելքում բավական սրված է, բայց Հարավային Կովկասում առայժմ նշանակալի թեժացում չկա, քանի որ մեծ քանակությամբ գաղթականների հոսք չի նկատվում, ինչը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Հայաստանի եւ այլ երկրների համար: Իսկ Իրանում դեռեւս մասնատման որեւէ գործընթաց չկա, եւ ժողովուրդը հեղափոխության կարգախոսերով փողոց դուրս չի եկել:
Հայաստանի համար ամենավատ սցենարը Իրանի մասնատումը կլինի եւ մի քանի առանձին պետությունների ստեղծումը այդ տարածքում: Իմ կարծիքով նման հեռանկարը անհավանական է: Չնայած Իրանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, բայց ներկայում հստակ ազդանշաններ չկան այդ ուղղությամբ: Եթե դա տեղի չունենա, եւ երկիրն էլ չմասնատվի, ապա բոլոր կողմերը «հաղթանակ» կհայտարարեն, փորձելով համոզել համապատասխան հասարակություններին, որ իրենց գործողությունները հաջող ավարտ են ունեցել:
Կրկնում եմ, որ եթե ներքին փլուզում կամ համատարած անկարգություն տեղի չունենա Իրանում, ապա այս ամենի անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա հնարավոր է սահմանափակ լինի: Ինչ խոսք, կլինեն հավանաբար տնտեսական կամ էներգակիրների հետ կապված անուղղակի ազդեցություններ, բայց դրանք կառավարելի կինեն: Ինչ վերաբերում է հետպատերազմյան շրջանին, ապա կացությունը կարող է ավելի թեժ լինել: Գլխավոր հարցն այն է, թե Իրանը որքանով կհանդուրժի TRIPP-ի նման ծրագրերի կամ անվտանգության վերադասավորությունների իրականացումը իր անմիջական հարեւանությամբ գտնվող երկրներում, որոնք կարող են սպառնալ իր շահերին:
Կարդացեք նաև
Համենայն դեպս, առայժմ Իրանի մասնատման կամ իսլամական համակարգի փլուզման հեռանկարները անհավանական են թվում: Չմոռանանք, որ Թրամփի քաղաքական ժամանակը սահմանափակ է: Նրան անհրաժեշտ են արագ եւ տեսանելի արդյունքներ ե՛ւ իր ներքին վարկանիշի, ե՛ւ ընտրական գործընթացների համար: Եթե այդ արդյունքները հստակ եւ շոշափելի չլինեն, ռազմական ներկա նախաձեռնությունը կարող է վերածվել ներքին քաղաքական ծանր բեռի:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)
«Ազգ»


















































