«Փաստինֆո». Քննչական կոմիտեի, այսպես կոչված՝ «անհետաձգելի քննչական գործողությունները» արդեն քանիցս ուղղակիորեն զուգադիպում են այն իրավաչափ գործընթացներին, որոնք վերաբերում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրոնական մարմինների գործունեությանը, և ամեն անգամ հանգեցնում են նրան, որ այդ մարմինների գործունեությունը տապալվում է՝ հնարավոր չի լինում նիստեր գումարել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին ս.թ. մարտի 12-ին Քննչական կոմիտե հրավիրելու փաստին։
Առաջին անգամ այս հնարքին դիմեցին Արագածոտնի թեմի եկեղեցիներում քահանաների կիրակնօրյա պատարագը խափանելու հաշվարկով, ըստ այդմ էլ որոշեցին, որ մոտ քսան քահանա հենց կիրակի օրը ժամը 11.00֊ին պետք է շտապ ներկայանան քննիչի կանչով, որպես վկա։
Հետագայում նույն գործելաոճը դրսևորվեց Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը խափանելու հարցում, մասնավորապես՝ Գերագույն հոգևոր խորհրդի եկեղեցական անդամները հապճեպ հրավիրվեցին քննչական մարմին, ճանաչվեցին մեղադրյալ, և խափանման միջոցի կիրառմամբ արգելվեց նրանց այցը։ Արդյունքում խափանվեց արտագնա նիստը, իսկ մինչ այդ քարոզչամեքենան գործում էր խիստ ներդաշնակ, մասնավորապես փորձում էին հիմնավորել, որ արտագնա նիստը իբր Մայր Աթոռը այլ վայր տեղափոխելու նախապայման է։ Ընդ որում, հարկադրված եղանք բազում լրջագույն խնդիրները թողած, զբաղվել պարզաբանումներով, որ դրանք կատարյալ անհեթեթ թեզեր են, որ արտագնա նիստեր, այդ թվում Արցախում, խիստ պարբերաբար են իրականացվել և թելադրված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համազգային բնույթով, երբ հարկ է լինում սփյուռքի կրոնական կառույցները ևս պահել անհրաժեշտ հոգածության ներքո։
Այսօր նախատեսված էր Գերագույն Հոգևոր Խորհրդի հերթական նիստը, սակայն այն տապալվեց այս անգամ արդեն Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին, այսպես կոչված՝ անհետաձգելի քննչական գործողությունների մասնակցելու համար ներկայանալու «հիմնավոր» պատճառաբանությամբ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին այսօր առավոտյան անակնկալ կերպով հրավիրել էին Քննչական կոմիտե։ Գործը, որի շրջանակում նրանք հրավիրվել են, կապված է նախկինում սրբազանի կարգավիճակ ունեցող, այժմ աշխարհիկ ճանաչված Արման Սարոյանի կարգալուծության հետ։ Ավելի վաղ նույն գործի շրջանակում Քննչական կոմիտե էին հրավիրվել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևոր անդամները՝ եպիսկոպոսները, ինչին անդրադարձանք վերևում։ Հենց այս նույն գործի շրջանակներում անկախ պետականության մեջ առաջին անգամ սահմանափակվել էր նաև Վեհափառ Հայրապետի տեղաշարժի իրավունքը, ինչի հետևանքով տապալվեց ավելի վաղ նշանակված եպիսկոպոսաց ժողովը։ Փոխարենը տեղի ունեցավ եպիսկոպոսաց հավաք, որտեղ միաձայն ընդունվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության կողմից սանձազերծված արշավը դատապարտող հայտարարություն։
Դանիելյանն ընդգծեց, որ այս իրավիճակն արդեն, ցավոք, վերածվել է «բարի ավանդույթի», թեպետ՝ սահմանդրաիրավական, բարոյահոգեբանական, սոցիոլոգիական կամ ցանկացած էլ չափանիշներով սա ուղղակի չպետք է տեղի ունենար և ընկալվեր իբրև սովորական երևույթ։
«Դա հանգեցնում է նրան, որ կոնկրետ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն բացահայտ ցույց են տալիս, թե անթաքույց ունեն հակաեկեղեցական դիրքորոշում և դա կարող են դրսևորել ոչ միայն հակաեկեղեցական ուղղվածության բազում անհիմն և հակասահմանադրական օրենքներ հապճեպ ընդունելով, հակաեկեղեցական թեզեր անարգել տարածելով, այլև քրեական հետապնդումների եղանակով։ Ցավոք, միջոցների ընտրության հարցում խտրականություն չի դրվում։ Ցանկացած միջոց, որը գոյություն ունի պետական իշխանության ներքո, անկախ նրանից՝ իրավասու են այն կիրառելու, թե ոչ, գործի է դրվում»,- ընդգծեց Դանիելյանը։
Գիտնականի արձանագրմամբ՝ աշխարհիկ անդամները նշված գործով պետք է հանդես գան որպես վկաներ, ոչ թե որպես մեղադրյալներ։
«Ենթադրաբար հաշվարկել են, որ եթե վկա են, ապա պարտավոր են ցուցմունք տալ՝ ի տարբերություն եկեղեցականների, որոնք մեղադրյալի կարգավիճակով պարզապես հրաժարվել էին ցուցմունք տալուց, ողջամտորեն ելակետ ընդունելով, որ իմաստազուրկ է անհիմն քրեական հետապնդումներին արձագանքելը։ Սակայն վկայի կարգավիճակն ինքնին չի ենթադրում ցուցմունք տալու պարտականություն, քանի որ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ վկան պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ։ Մի կողմ թողնենք, թե ինչ տրամանաբանությամբ է միևնույն ենթադրյալ արարքի առնչությամբ մեկը մեղադրյալ ճանաչվում, մյուսը՝ վկա։ Բայց ես հիմա չեմ պատրաստվում մեկնաբանել այդ հարցերի մանրամասները, առանցքայինն այս պարագայում բուն տհաճ երևույթն է, երբ հանցավորության այս աններելի աճի համատեքստում մտածածին վարույթներով հսկայական մարդկային ու նյութական միջոցներ են վատնվում։ Քննիչների շարքում հիրավի կան պարկեշտ, բանիմաց աշխատակիցներ, ուղղակի չպետք է շեղել այդ մարդկանց, չկտրել նրանց իրենց հիմնական աշխատանքից։ Ընդամենը մոտ 600 քննիչ ունեցող այդ կառույցում առանձին եկեղեցականների վերաբերող պարզունակ վարույթներով ձևավորվել են քննչական խմբեր, ուր ներգրավված է 50֊ից ավել քննիչ։
Դանիելյանը նաև նշեց, որ. «Քննչական կոմիտե հրավիրելու մասին աշխարհիկ անդամներին տեղեկացրել են նիստն սկսվելուց ընդամենը 10-20 րոպե առաջ, երբ գրեթե բոլորը գտնվում էին Մայր Աթոռում։ Ընդ որում, քննիչներին բացատրվել է, որ կարող են ներկայանալ նիստից անմիջապես հետո, սակայն անմիջապես հիշեցին, որ խոսքն «անհետաձգելի քննչական գործողության» մասին է։ Ընդ որում, ինքս նախապես հայտնեցի, որ չեմ պատրաստվում ցուցմունք տալ, ուստի հրատապությունն ինքնին մարում է։ Ինչևէ, որոշեցինք, որ կայցելենք ՔԿ, քանզի նպատակահարմար չգտանք ծանուցում պահանջելու կամ այլ օրինական եղանակներով ձգձգել գործընթացը։ Միևնույն է, Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տեղի կունենա։
Այս ամենն խիստ մտահոգող է, մենք մեր վիճակը նկատի չունենք, դա մեզ ամենավերջինն է անհանգստացնում, նկատի ունենք ողջ իրավապահ համակարգի ներկայիս, մեղմ ասած, հիասթափեցնող վիճակը»,- եզրափակեց Դանիելյանը։


















































