Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ հեռանկարում ավելի հավանական սցենարը սահմանափակ քաղաքական համաձայնությունն է, այլ ոչ թե լիակատար իշխանափոխությունն Իրանում. «Ազգ»

Մարտ 13,2026 11:21 Share

Մերձավոր Արեւելքում սկսված նոր պատերազմի ավարտը դեռ չի նշմարվում:

1916 թվականին Ռոբերտ Ս. Բրուքինգսի կողմից հիմնադրված ամերիկյան Brookings վերլուծական կենտրոնի փորձագետները զգուշացնում են, որ այս պատերազմի հետեւանքները դուրս են գալիս Իրանի սահմաններից եւ կարող են կարեւոր ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում:

Brookings-ի արտաքին քաղաքականության ծրագրի տնօրեն Սյուզան Մալոնին նշում է, որ թեեւ օդային հարվածները թիրախավորել են Իրանի ռազմական կարողությունները եւ առանցքային ղեկավարությանը, սակայն Իրանի ինստիտուցիոնալ կառույցներն ու քաղաքական ցանցերը դեռեւս զգալի առավելություն ունեն ներքին մարտահրավերների նկատմամբ: Այդ պատճառով Իրանը փորձում է ուժեղացնել հարձակումները հարեւան երկրների էներգետիկ եւ տնտեսական ենթակառուցվածքների դեմ՝ դիվանագիտական ճնշում գործադրելու եւ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունները մեծացնելու համար:

Brookings-ի արտաքին քաղաքականության ծրագրի ավագ գիտաշխատող եւ Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Իթամար Ռաբինովիչը Իրանի ներկայիս քաղաքականությունը բնութագրում է որպես «ռադիկալ շրջադարձ»: Նրա կարծիքով, չնայած սկզբնական ծանր հարվածներին, Իրանի իշխանությունը դեռ չի տապալվել, եւ նրա ռադիկալ միջուկը շարունակում է վերահսկել իրավիճակը: Պարսից ծոցի երկրներին ուղղված հրթիռային հարվածները եւ Հարավային Կիպրոսը թիրախավորելու փորձերը, ըստ նրա, ցույց են տալիս մի քաղաքականություն, որի նպատակը ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը համոզելն է, որ պատերազմի շարունակությունը չափազանց թանկ կլինի: Սակայն Ռաբինովիչը զգուշացնում է, որ այս մոտեցումը կարող է նաեւ հակառակ ազդեցությունն ունենալ եւ ստիպել վերանայել արաբական երկրների հարաբերություններն Իրանի հետ:

Brookings-ի Մերձավոր Արեւելքի քաղաքականության կենտրոնի ավագ հետազոտող Սթիվեն Հեյդեմանը պատերազմի հիմնական վտանգը համարում է իշխանափոխության վրա խաղադրույքը: Նրա կարծիքով՝ նույնիսկ Իրանի թուլացման դեպքում իշխանությունը կարող է պահպանվել եւ ներքին ճնշումների, զսպման կարողությունների վերականգնման ու ասիմետրիկ գործիքների կիրառման միջոցով նոր խնդիրներ ստեղծել իր հակառակորդների համար:

Բացի այդ, հնարավոր իշխանափոխությունը խաղաղություն հաստատելու փոխարեն կարող է բերել երկարատեւ քաղաքական անկայունության եւ սահմաններից դուրս հակամարտությունների՝ հաշվի առնելով Իրանի միջնորդական ցանցերն ու սոցիալական խոր արմատները տարածաշրջանում:

Brookings-ի փորձագետների գնահատմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում ավելի հավանական սցենարը սահմանափակ քաղաքական համաձայնությունն է, այլ ոչ թե լիակատար իշխանափոխությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմը, ներքին քաղաքական նկատառումներից ելնելով եւ պատերազմն օր առաջ ավարտին հասցնելու ուղղությամբ ճնշումների պայմաններում, հավանաբար կփորձեն հասնել ինչ-որ համաձայնության Խամենեիի հնարավոր հաջորդի հետ: Միեւնույն ժամանակ Իրանը, պատերազմի սաստկացմամբ, փորձում է դիվանագիտական ճնշում գործադրել՝ բանակցություններում զիջումներ կորզելու նպատակով:

Էմիրությունների քաղաքականության կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Իբթիսամ ալ-Քեթբին Բելֆեր (Belfer Center for Science and International Affairs) վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված իր հոդվածում ընդգծում է, որ Պարսից ծոցի ռազմավարական դերը չափազանց կարեւոր է: Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների համար հարցն այլեւս միայն անկայունությունից խուսափելը չէ, այլ դրա շրջանակների կառավարումը՝ զսպման կարողությունների ուժեղացման եւ ազգային ինքնիշխանության պաշտպանության միջոցով:
Էներգետիկ տեսանկյունից Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը անմիջական գլոբալ հետեւանքներ ունի, եւ էներգետիկ անվտանգությունը դարձել է ազգային անվտանգության անբաժանելի մաս:

Նա նշում է, որ պաշտպանական միջոցառումները՝ ներառյալ արտահանման այլընտրանքային ուղիների ստեղծումը, ծովային համակարգման ուժեղացումը եւ գործառնական շարունակականության ապահովումը, միայն պաշտպանական բնույթ չունեն: Դրանք նաեւ ռազմավարական ազդանշան են, որ Ծոցի ենթակառուցվածքները հեշտությամբ խոցելի չեն:
Բացի էներգետիկ անվտանգությունից, առեւտուրն ու հաղորդակցությունները նույնպես կենսական նշանակություն ունեն Էմիրությունների համար: Որպես Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի միջեւ լոգիստիկ եւ վերարտահանման հանգույց՝ երկիրը իր տնտեսական շահերը կապել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների կայունության հետ: Երկարատեւ հակամարտության սրացումը կարող է ազդել ապահովագրության ծախսերի, փոխադրումների երթուղիների եւ արտաքին ներդրումների վրա: Այդ պատճառով միջին կարողությունների տեր երկրները պետք է միաժամանակ պաշտպանեն իրենց տնտեսական ցանցերը համակարգային ցնցումներից եւ դիվանագիտության միջոցով կանխեն առեւտրային ուղիների հետագա ռազմականացումը:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031